Header

EN | AM
President FAAE

Dr. Ashot Grigorian, DrSc

CONTACT

FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE (FAAE)

Krajna 86
821 04 Bratislava
Slovakia
Office tel: +421 2 4820 2310
e-mail: faae@faaeurope.eu

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Վարշավայում մայիսի 31-ից հունիսի 1-ի ժամանակահատվածում տեղի է ունեցել Եվրոպա-Ռուսաստան վեցերորդ ֆորումը, որին մասնակցել է ԵՀՄՖ-ի պատվիրակությունը` նախագահ Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ: Ֆորումում ի թիվս այլոց քննարկվել է նաև Արցախի անկախության խնդիրը: Ֆորումը կայացել է Լեհաստանի Սեյմում` Սեյմի նախագահ Գրեգոր Շետինիայի /Grezgorz Schetyna/ բարձր հովանու ներքո: 

Նախ ըստ Աշոտ Գրիգորյանի ֆորումն ընթացել է Ռուսաստանի նկատմամբ անհամեմատ ավելի բարյացակամ մթնոլորտում, քան նախորդը, որը կայացել էր Բուխարեստում: Լրջորեն քննարկվեցին ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների լավացման խնդիրները և էներգետիկ ծրագրերը: Այս անգամ կտրուկ պակասել էր Ռուսաստանը շրջանցելու նավթի ու գազի խողովակաշարերի անցկացման շուրջ ծրագրերի քննարկման ծավալները: Նաև նշվում էր ադրբեջանական նավթի ու գազի ծավալների անբավարարվածությունը, որի պատճառով նոր խողովակաշար անցկացնլեն արդեն թվում է ոչ շահավետ: Այնուամենայնիվ եվրոպական փորձագետների, արդեն սովորական դարձած, <<ժողովրդավարության դասական դասեր>> տալու ցանկության դեմ ռուս փորձագետները խիստ քննադատությամբ հանդես եկան: Հարցը հատկապես սրվեց, երբ Կոսովոյի անկախության կայացած ֆոնի վրա  խորհուրդ տրվեց Ռուսաստանին հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից: Գործը հասավ նրան, որ կարծիք հայտնվեց, թե Արցախի հարցը շատ շուտ կլուծվի, եթե Ռուսաստանը վերացնի իր ռազմական բազան Հայաստանում: Սրան դեմ ելույթ ունեցավ նաև պարոն Գրիգորյանը` հայտարարելով, որ եթե Արցախի հարցի լուծում ասելով հասկանում ենք Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմի մեջ, ապա այն կախված  չէ ոչ Ռուսաստանի, ԵՄ-ի և կամ այլ որևէ երկրի կամքից: Այցելեք Արցախ և անմիջապես կհասկանաք այդպիսի հարցադրման անհեթեթությունը, ավելին մոռացեք նաև ազատագրված տարածքներից թեկուզ մեկի վերադարձն Ադրբեջանին` առանց Արցախի անկախության ընդունման: Հատկապես այս հարցը պետք է համարել լուծված Կոսովոյի անկախությունն ընդունելուց հետո: Չեն կարող լինել վերոհիշյալ հարցերի շուրջ տարբեր եվրոպական ստանդարտներ: Այս տեսակետին կողմ ելույթներ ունեցան <<Գլոբալիզացիայի պրոբլեմների ինստիտուտ>>-ի / IPROG/  տնօրեն Միխայիլ Դելյագինը /Mikhail Delyagin/, <<Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն>>-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆեդորովը /Valery Fedorov/ և այլոք: Խոսվեց նաև տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու շուրջ` նշելով սակայն, որ դրան դեմ են կոնֆլիկտի երեք կողմերը և տարածաշրջանային երկրները /հատկապես Իրանը/:

Ադրբեջանը ֆորումին ներկայացված էր Միլիմեջլիսի անդամ, <<Դեմոկրատական ռեֆորմներ>> կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն, որը ներկայացնելով <<Բաքվի ժողովրդավարական և ինտերնացիոնալ իդեաները զարգացնելու մեծ ցանկությունը>>, նշեց որ Ադրբեջանը վերանորոգել կամ կառուցել է մի շարք սինագոգներ, կաթոլիկ եկեղեցի և նաև Բաքվի  միակ հայկական եկեղեցին: Աշոտ Գրիգորյանի այն հարցին, թե ուրեն անհայտացել հայկական մնացյալ եկեղեցիները և ինչու, ինչ նպատակով վերացվեցին հայկական խաչքարների հազարամյա գերեզմանը Ջուլֆայում /Նախիջևան/, պարոն Մոլազադեն տվեց շատ տարօրինակ պատասխան: Նախ նա ասեց, որ դրանք հայկական չեն եղել այլ աղվանական, այնուհետև, գլխի ընկնելով իր ասածի անհեթեթությունը, կմկմաց թե լավ չեն արել, որ ոչնչացրել են ամեն դեպքում և առավել անհեթեթ պատասխան տվեց` հայտարարելով, որ հայերն էլ ոչնչացրել են բոլոր ադրբեջանական մզկիթները: Ի պատասխան դիմելով լսարանին Գրիգորյանը հայտարարեց, որ ոչ միայն ոչնչացվել են համաշխարհային մշակութային ժառանգություն հանդիսացող այդ եզակի արվեստի նմուշները, այլև մինչ այսօր Ադրբեջանին հաջողվել է կասեցնել եվրոպական հանձնաժողովների այցը վրոհիշյալ փաստի ուսումնասիրման համար Նախիջևան, ինչպես նաև խաբել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին /UNESCO/` խաթարելով մասնագետների պատվիրակության այցը Նախիջևան: Եվ սա կատարվում է հետապնդելով որոշակի նպատակ` վերացնելու հայկական հետքերը Նախիջևանում և Ադրբեջանում <<մշակույթային ցեղասպանություն>> կազմակերպելու շնորհիվ: Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը պահանջում է <<Եվրոպայի Էկոնոմիկ ֆորում>>-ից այս հարցի քննարկումը Կրինիցայում ֆորումի 21-րդ նստաշրջանում սեպտեմբերին: Հարցի նախապատրաստումը հայկական պատվիրակությունը վերցնում է իր վրա:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

02.06.2011թ.

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի երկրորդ դիմումը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային` կապված հունիս ամսին UNESCO-ի Փարիզում կազմակերպած խաչքարերի ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցած աննախադեպ միջադեպի հետ: ԵՀՄՖ-ը կազմակերպում է միջոցառումների շարք, այդ թվում պլանավորում է այդ  ցուցանմուշների ցուցադրումը մի շարք երկրների պառլամենտների սրահներում, ինչպես նաև <<մշակույթային ցեղասպանության>> շուրջ նստաշրջաններ Եվրոպայի ամենահեղինակավոր ֆորումներում: ԵՀՄՖ-ը փորձելու է հասնել <<մշակույթային ցեղասպանություն>> իրավաբանական եզրի պաշտոնական ճանաչմանը և նրանից բխող իրավաբանական հիմունքների լեգիտիմացմանը:        ԵՀՄՖ-ը կազմակերպել է իր այս բողոքի ակցիան սատարելու նպատակով օն-լայն ստորագրահավաք <<Նոյան Տապան>>-ի կայք էջում` հետևյալ հասցեով www.nt.am:

ԵՀՄՖ-ը դիմում է բոլոր ինտերնետային ԶԼՄ-ներին և կայք էջերին` խնդրանքով <<Նոյան Տապան>>-ին համանման կազմակերպել օն-լայն ստորագրահավաք` տեղադրելով մեր բողոք նամակը:

ԵՀՄՖ-ը դիմում է նաև Եվրոպայի և աշխարհի բոլոր հայկական կազմակերպություններին միանալու այս ստորագրահավաքին և համագործակցելու կատարված միջադեպը պախարակելու ու ապագայում համանման գործընթացները կանխելու նպատակով:

Ստորև ներկայացնում ենք նամակի հայերեն անգլերեն ռուսերեն տարբերակները:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

18.07.2011թ.

 Հարգելի տիկին Բոկովա

Ս.թ. հունիսի 20-ի նամակով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ դիմել էր Ձեզ` արտահայտելով իր խիստ բողոքը Փարիզում, հունիս ամսին, UNESCO-ի կողմից կազմակերպված խաչքարերի ցուցադրման միջոցառման ժամանակ տեղի ունեցած սկանդալային դեպքի շուրջ: Մինչ այսօր մենք չենք ստացել Ձեզնից պատասխան մեր կողմից բարձրացված հարցերի շուրջ: Մենք կրկին դիմում ենք Ձեզ պարզելու, թե ինչ իրավունքի համաձայն UNESCO-ն ինքնագլուխ պահանջել է հեռացնել խաչքարերի տեղանունները ցույց տվող գրությունները և ինչ պատճառների հիման վրա է ընդունվել այս կասկածելի որոշումը:

ԵՀՄՖ-ը` որպես Եվրոպայի հայկական կազմակերպությունները և միությունները ներկայացնող գլխամասային կազմակերպություն,  հայտնում է իր կտրուկ բողոքը և զայրույթը մեր կողմից կատարված դիտողություններին պատասխան ու բացատրություն չստանալու կապակցությամբ և նշում է, որ խաչքարերի տեղանունները ներկայացնող ետգրությունների հեռացումն ու կատարվածի շուրջ բացատրության բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սադրանք: UNESCO-ի այսպիսի վարքը ներկայացնում ենք և կշարունակենք ներկայացնել բոլոր հնարավոր համաշխարհային ԶԼՄ-ներում որպես բացառիկ բացասական երևույթ` մինչ Ձեր կողմից չտրվի բավարար բացատրություն կատարվածի շուրջ:

ԵՀՄՖ-ն արդեն սկսել է UNESCO-ի կողմից կատարածի դեմ և ԵՀՄՖ-ի պահանջը սատարող օն-լայն ստորագրահավաք, այս միջադեպը միջազգային ԶԼՄ-ների միջոցով համաշխարհային քննարկման ներկայացնելու համար, հանրությանը կատարվածի պատճառը բացատրելու և Ձեր կողմից ներողություն հայցելու նպատակով:

Եթե UNESCO-ն ապագայում նույնպես խնդրո առարկայի շուրջ ցուցաբերի անտարբերություն, ԵՀՄՖ-ը կկիրառի համապատասխան քայլեր կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և այս նախադեպը չունեցող քայլի մանրամասները հանրությանը բարձրաձայնելու և ողջ համաշխաարհային հասարակությանը ներկայացնելու համար:

Ակնկալում ենք Ձեր շուտափույթ պատասխանը:

Խորին հարգանքով`

Աշոտ Գրիգորյան

ԵՀՄՖ-ի Նախագահ

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից բարձրացված Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված խաչքաերի ցուցահանդեսի սկանդալի դեմ բողոքի ակցիայի արդյունքում ստացվել է պատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԲաՆ Կի Մունի կողմից, որտեղ կրկնվում են այն երկու կետերը, որի շուրջ ծավալվել էր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար տիկին Իրինա Բոկովայի տված բացատրությունը: Ամփոփելով ասվածը, ներկայացնենք վերոհիշյալ երկու կետերը.

  1. <<Հայկական կողմը պարտավոր էր նախապես համաձայնեցնել խաչքարերի շուրջ բացատրությունները և հատկապես տեղանունների հարցն այլ պետությունների հետ>>:
  2. <<Խաչքարերի տակից բացատրությունների հանելու խնդիրը համաձայնեցված է եղել Հայաստանի պաշտոնական պատվիրակության և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանի հետ>>:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունին կրկնել էր իր այն պատասխանը, որը պատրաստվել էր ԵՀՄՖ-ի իրավաբանների կողմից  ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի տրված բացատրություններին: Մասնավորապես Գրիգորյանի նամակում խոսվել էր Նախիջևանի, Ջուլֆայի խաչքարերի վերացման հարցի շուրջ` նշելով, որ <<անհեթեթ է Հայաստանից պահանջել համաձայնեցնել խաչքարերի տեղանունների օգտագործումը ադրբեջանական /կամ թուրքական/ կողմի հետ, եթե  նրանք միտումնավոր կերպով ոչնչացրել են մշակույթային հսկայական արժեք ունեցող մեր կոթողները` խաչքարերը,

և եթե սա հանդիսանում է <<մշակույթային ցեղասպանության վառ արտահայտված դրսևորում>>>>:

Ընդ որում կան հստակ ապացույցներ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ելնելով շահադիտական նպատակներից, միտումնավոր կերպով թերացել է Նախիջևան հետազոտող խումբ ուղարկելուց և ավելին նույն նպատակով անվարան տվել է իր կարգադրությունը` փարիզյան ցուցահանդեսում խաչքարերի տեղանունները հանելու շուրջ: Եթե փաստվի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի միջնորդությամբ, ստացել է 1.5մլն. դոլարի մենաշնորհ, կարելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունների պարզ բացատրությունը տալ` առանց ավելորդ մեկնաբանությունների: 

ԵՀՄՖ-ը իր հետագա քայլերով հետամուտ է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ- ի կատարածը համաշխարհային հասարակությանը ներկայացնելու և նրա <<օբյեկտիվ>> վերաբերմունքը դիմակազերծելու համար: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի փրկության միակ ելքը. շտապ Նախիջևան ուղարկել մասնագետների այն հանձնախումբը, որի շուրջ խոստոմներ լսվում են 2005թ-ից ի վեր, և որը հանդիսանում է աշխարհի ողջ հայության պահանջը` Նախիջևանում 2005-2006թթ-ին մի քանի հազար խաչքարերի ոչնչացման հանցագործությունը գրանցելու ու մեղավորներին պատժի ենթարկելու հարցում: 

Հարգանքով`

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ

Աշոտ Գրիգորյան

22.08.2011թ.

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 9-ին լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցավ <<Եվրոպայի Տնտեսական ֆորում>>-ը, որտեղ ներկայացված էին Հարավային Կովկասին վերբերյալ 2 նստաշրջաններ` <<Հարավային Կովկասի գեոքաղաքական զարգացումները>> և  <<Լեռնային Ղարաբաղ. կոնֆլիկտի կարգավորման հնարավոր ուղիները և հասարակության ու տարածարջանի վրա նրա հետևանքները>> թեմաներով, որոնք ղեկավարվում էին համապատասխանորեն ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի ու Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկու կողմից: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱԺ պատգամավորներ` Ռաֆֆի Հովհաննիսյան /<<Ժառանգություն>> կուսակցության ղեկավար/, Արտակ Դավթյան  / Գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ/, Արա Նռանյան /Տնտեսական հանձնաժողովի անդամ/ և Էդուարդ Սանդոյան /Սլավոնական համալսարանի պրոռեկտոր/:

Միանգամից նշենք, որ Հարավային Կովկասի նստաշրջանը սկսվեց մեծ սկանդալով: Ադրբեջանական պատվիրակությունը /Իգբալ Աղազադե` Ադրբեջանի պառլամենտի անդամ, <<Հույս>> կուսակցության նախագահ, Ասիմ Մոլազադե` Ադրբեջանի պառլամենտի անդամ, <<Դեմոկրատական ռեֆորմների>> կուսակցության նախագահ Ազեր Սաֆարով` Ադրբեջւանի միջազգային բանկի նախագահի խորհրդական, Վուգար Բայրամով` Տնտեսական զարգացման կենտրոնի նախագահ, Ռաուֆ Ռաջաբով` <<Երրորդ տեսակետ>> լրատվավերլուծական գործակալության գլխավոր խմբագիր և / նստաշրջանի հենց սկզբում հայտարարեց, որ նրանք թույլ չեն տա, որպեսզի նստաշրջանի ղեկավար Աշոտ Գրիգորյանը ներկայացնի Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական մշակույթային կոթողների ոչնչացման մասին զեկույցը և պահանջեցին անմիջապես դահլիճից հեռացնել Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված խաչքարերի ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները: Հակառակ դեպքում ադրբեջանական պատվիրակությունը սպառնաց, որ կլքի դահլիճը: Ի պատասխան, Գրիգորյանը, ընդհատելով Վրաստանի փոխարտգործնախարար Թոռնիկե Գորդաձեի ելույթը, պահանջեց, որ ադրբեջանցիները չաղմկեն կամ դահլիճից հեռանան: Ադրբեջանական պատվիրակությունը լքեց դահլիճը` /բացի Ռաուֆ Ռաջաբովից/ հայտարարելով, որ բոյկոտում է Գրիգորյանի ելույթը: Այնուհետև ֆորումի կազմակերպիչները սկսեցին բանակցել Գրիգորյանի հետ` ադրբեջանական պատվիրակությանը դահլիճ վերադարձնելու շուրջ, և եկան փոխադարձ համաձայնության, որ Գրիգորյանը համաձայնվում է նրանց դահլիճ վերադառնալուն, պայմանով, որ <<Հայկական կոթողների մշակույթային ցեղասպանությունը>> ելույթը ներկայացնելիս ադրբեջանական պատվիրակությունը մասնակցում է քննարկումներին, իսկ ելույթ ունեցողը բավարարում է նրանց բոլոր հարցերին:

Այնուհետև նստաշրջանը շարունակվեց նախատեսված ծրագրին համապատասխան: Ելույթ ունեցավ ադրբեջանցի պատգամավոր Իգբալ Աղազադեն, որն իր ելույթն եզրափակեց կոնստրուկտիվ առաջարկով. հաշվի առնելով նախորդ տարիներին ֆորումում Աշոտ Գրիգորյանի ներկայացրած Հարավային Կովկասի Կոնֆեդերացիայի նախագծի առաջարկը, ստեղծել <<Հարավային Կովկասի Հասարակական պառլամենտ>> կազմակերպությունը, որը կմիավորի բոլոր հանրապետությունների ներկայացուցիչներին` Հարավային Կովկասի երկրների ազատ համագործակցության խնդիրները քննարկելու և համագործակցության ծրագրերը պատրաստելու համար: Խիստ դրական էր նաև ադրբեջանցի Ռաուֆ Ռաջաբովի ելույթը և համագործակցության կոչն ու իրատեսական ծրագրերի առաջարկը: Գրիգորյանը, ողջունելով այս առաջարկները, դրանք համարեց դրական և այնուհետև ներկայացրեց ծրագրով նախատեսված <<Մշակույթային ցեղասպանություն>> իր ելույթը, որտեղ խիստ պարսավեց Նոր Ջուղայի գերեզմանոցի իսպառ վերացման փաստն` այն ներկայացնելով <<ադրբեջանական իշխանությունների պարանոիկ վարքի արդյունք և հայկական հետքերի վերացման անիրականալի ցանկության փորձ>>:

Ելույթից հետո, զարմանալիորեն, ոչ մի հարց այլևս չհնչեց: Նշեն միայն, որ պատգամավոր Ասիմ Մոլազադեն Գրիգորյանի այն հարցին, թե ինչու ոչնչացվեցին Ջուլֆայում հայկական հազարամյա խաչքարերը, պատասխանեց, որ << ոչ մեկը չի ասում, որ լավ բան է կատարվել>>:

Այնուհետև  սկսվեց երկրորդ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի  հարցի շուրջ: Երկու նստաշրջաններում էլ ադրբեջանական և վրացական ներկայացուցիչների միջև ասես մրցություն էր ընթանում, թե ով ավելի շատ Ռուսաստանին կհայհոյի: Նույնիսկ Հայաստանի առաջ պայմաններ էին դրվում, որ վերջինս դադարեցնի Ռուսաստանի հետ իր նորմալ հարաբերություններն ու դուրս գա ՀԱՊԿ-ից: Եվ Վրաստանը և Ադրբեջանը գտնում են, որ Հայաստանի հետ միասին նրանք պետք է ՆԱՏՕ-ին անդամակցվեն ու դուրս մղեն Ռուսաստանին այդ տարածաշրջանից:

Ադրբեջանցիները գտնում են, որ Ռուսաստանից ազատվելու դեպքում Հարավային Կովկասը կազատվի իր գույությանը սպառնացող միակ չարիքից և կլուծվեն բոլոր տարածքային կոնֆլիկտները: Ըստ ադրբեջանական կողմի, եթե Հայաստանը դադարի նաև Իրանի հետ լինել բարեկամ ու գործընկեր /ընդ որում Իրանի հասցեին ադրբեջանցիները խոսում էին ինչպես թշնամական պետության/, ապա կունենան  եզակի հնարավորություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցելու` այն հասցնելով ռազմավարականի:

Մասնավոր քննարկումների ժամանակ սենսացիոն հայտարարություն կատարեց  պատգամավոր Իգբալ Աղազադեն`հայտարարելով, որ Իլհամ Ալիևը Կազանում  և  դրան հաջորդող ժամանակահատվածում  Մադրիդյան սկզբունքների նկատմամբ իր բացասական վերաբերմունքը չի թաքցնում և երբեք այն չի ստորագրի, քանի որ դրա հետևանքով Արցախ պետք է մտնեն ռուսական խաղաղապահ ուժեր, իսկ դա նշանակում է Արցախի և նույնիսկ <<գրավյալ>> տարածքների հավերժ կորուստ: Ադրբեջանի մի այլ պատգամավոր Ասիմ Մոլազադեն փորձում էր ներկայացնել <<Արցախի փայլուն ապագան Ադրբեջանի կազմում` Արցախում նախատեսվող 60 միլիարդ դոլար ներդրումային ծրագրի շնորհիվ>>: Մոլազադեին ի պատասխան պատգամավոր Արա Նռանյանը հայտարարեց, որ <<հայրենիքը չի գնվում ու չի վաճառվում>>, իսկ Գրիգորյանը առաջարկեց այդ գումարները ծախսել Բաքվից քիչ հեռու տեղավորված իրենց իսկ քաղաքների և գյուղերի բնակչությանը սովից փրկելու խիստ անհրաժեշտ գործի վրա:

Շատ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ հունգարական <<Magyar Hirlap>> թերթի թղթակից Միխայիլ Սալոնտայը, որը 90-ական թվականների սկզբին որպես վերոհիշյալ թերթի սեփական թղթակից աշխատել է Մոսկվայում և բազմիցս եղել է տարածաշրջանում: Ողջ պատասխանատվությամբ նա հայտնեց, որ չի պատկերացնում երբևիցե, որ Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, քանի որ, <<եթե մի ազգ չի ուզում մի այլ ազգի հետ ապրել, ապա աշխարհում չկա որևէ մի ուժ, որ կարողանա դա պարտադրել: Կարող են քննարկումներ և բանակցություններ տարվեն բոլոր մակարդակների վրա ընդունվեն բազմաթիվ որոշումներ, սակայն արդյունքում ոչ մեկը չի կարողանալու կոտրել արցախահայերին>>,-համոզված հայտարարեց հայտնի թղակիցը:

Նստաշրջանների ընթացքում հայկական պատվիրակությունը բոլոր ներկաներին բաժանեց <<Լոնդոնի Քոլեջ Համալսարանի>> շրջանակներում պատրաստված և ՀՀ ԳԱ Ցեղասպանության Ինստիտուտ թանգարանի կողմից հրապարակած <<Մշակույթային ցեղասպանություն>> անգլալեզու գրքույկը` գրված Տաթևիկ Գրիգորյանի կողմից և <<Դաշնակցության>> կողմից պատրաստված <<Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը>> գույնավոր քարտեզներով բրոշյուրը:

Ասենք, որ հիանալի ներկայացրեցին իրենց ելույթները Ռաֆֆի Հովհաննիսյանը, Արա Նռանյանը և Արտակ Դավթյանը` ֆորումի մասնակիցներին մանրակրկիտ ներկայացնելով Հայաստանի գեոքաղաքական զարգացումների մանրակերտը և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի իրատեսական լուծման ներկան ու ապագան: Հայկական պատվիրակությունը ֆորումից վերադարձավ բավարարվածության խորը զգացումով և պատրաստ ֆորումում թրծված մարտավարությունը շարունակելուն: ԵՀՄՖ-ը հասնելու է ադրբեջանական իշխանությունների միջազգային դատապարտմանը մշակույթային ցեղասպանություն կազմակերպելու հարցում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նոր Ջուղայի խաչքարերի գերեզմանոցի վերացման փաստի ուսումնասիրման համար հետազոտող փորձախմբի առաքման ապահովմանը:

Վերջում ներկայացնում ենք Աշոտ Գրիգորյանի <<Հայկական կոթողների մշակույթային ցեղասպանություն վերնագրով>> ելույթի ամբողջական տեքստը:

 

<<Տիկնայք և պարոնայք,

Փարիզում Հունիսի 15-ին, հայկական խաչքարերի ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցած սկանդալային դեպքերի լույսի ներքո մենք որոշեցինք այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրել մշակութային ցեղասպանությանը: 

Այն մարդիկ, ովքեր ծանոթ չեն խաչքարերի արվեստին, դրանք հուշարձաններ են` պատրաստված քարից, որոնք փորագրում են հատուկ արհեստավորները` օգտագործելով ավանդական գործիքներ: Խաչքարերի մեջտեղում փորագրվում է խաչ` շրջապատված նախշերով ու խորհրդանիշներով, որոնք մեծ նշանակություն ունեն Հայկական մշակույթում: Ամենակարևորը այն է, որ նրանք եզակի են, այսինքն աշխարհում գոյություն չունեն երկու նման խաչքարեր: Դրանք պատրաստվել են դեռևս 3-րդ դարում և բնորոշ են միայն հայերին, քանի որ ոչ մի ուրիշ ազգ չի պատրաստում խաչքար:

Հունիսի 15-ին, Փարիզում անց կացվեց ցուցահանդես, որպեսզի ցուցադրվեր այս վարպետությունը և կիսվեր այս մշակութային անգին ժառանգությունը ավելի մեծ հանդիսատեսի հետ: Ցուցահանդեսի բացվելու րոպեներ առաջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որոշ անդամ պետությունների ազդեցության ներքո, խնդրեց, որպեսզի հանվեին խաչքարերի տակ տեղադրված ցուցանակները, որոնք ներկայացնում էին տվյալ խաչքարի գտնվելու վայրը: Ինչու՞: Որովհետև այն անդամ երկրները, որոնք խնդրել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ից դա, երկար ժամանակ փորձում էին ժխտել պատմական Հայաստանի տարածքում խաչքարերի գոյության փաստը: Մենք, իհարկե, խոսում են Հայաստանի հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի մասին:

Այժմ եկեք անդրադառնանք այն պատճառներին, թե ինչու նրանք ունեն այսպիսի անհեթեթ պահանջներ: Հայաստանում գրեթե ամենուր կարող ես խաչքար գտնել: Խաչքարերի ամենահայտնի վայրը Նախիջևանն է, այստեղ պահպանվել էին ավելի քան 10.000 խաչքարեր: Նախիջևանի Ջուլֆա քաղաքում գերեզմանատուն կար, որը հայտնի էր իր խաչքարերով: Այսօր Ջուլֆայում ոչ մի խաչքար չի մնացել, քանի որ Ադրբեջանական իշխանությունը կազմակերպել էր դրանք մասսայական ոչնչացումը: 2002-2006 թվականներին բոլոր ձեռագործ հուշարձանները, մշակութային ամբողջ ժառանգությունը ոչնչացվեց ամբողջ աշխարհի աչքի առջև: Եվ ինչու՞: Որովհետև Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ապացուցել, որ այն տարածքը, որն այժմ պատկանում է նրանց, երբեք բնակեցված չի եղել հայերով: Այո, եթե այսօր ոտք դնեք Նախիջևան, դուք կհավատաք նրանց: Այնտեղ ոչ մի բան չի մնացել, որ կապացուցեր թե հայերը երբևէ ապրել են այնտեղ:

Եվ հենց այս պատճառով, տիկնայք և պարոնայք, երբ Փարիզում մշակութային և կրթական ցուցահանդես էր անցկացվում, Ադրբեջանը ևս մեկ անգամ այն վերածեց քաղաքական խաղի և պահանջեց հեռացնել խաչքարերի ցուցանակները, որովհետև նրանք չէին ցանկանում, որպեսզի աշխարհը իմանար, որ այժմյան Ադրբեջանում երբևէ հայկական մշակութային ժառանգություն է եղել: Եվ այս քաղաքական անհեթեթ մեքենայությունների համար մի ամբողջ մարդկություն է վճարել, մի ամբողջ մշակութային ժառանգություն է ոչնչացվել: Սա ոչ պակաս մշակութային ցեղասպանություն է: 

Մենք ցանկանում ենք տեղեկացնել և հավատացնել, որ այս վանդալիզմի մասին ոչ միայն լսվել է, այլ նաև կպատժվի: Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ շարունակական կապի մեջ ենք և պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից հանձնաժողով ուղարկել Նախիջևան և իրականացնել մանրակրկիտ հետաքննություն այս քրեական հանցագործության վերաբերյալ, եւ որ Ադրբեջանական իշխանությունները կարող են պատասխանատվության կանչվել վանդալիզմի և խաչքարերի միտումնավոր ոչնչացման համար եւ պատշաճ կերպով պատժվել: Մենք նաև պահանջում ենք ներեղություն խնդրել Փարիզի ցուցահանդեսը խանգարելու համար, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չկարողացավ բավարարող պատասխան տալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգալի չափով գումար է ստացել Ադրբեջանից: 

Մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել նկարներ, որոնք ներկայացնում են խաչքարերի հրաշալի արվեստը և հատկապես Ջուլֆայի գերեզմանատունը, որն այժմ մնացել է առանց գեթ մի խաչքարի>>:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

12.09.2011թ.