Header

EN | AM
President FAAE

Dr. Ashot Grigorian, DrSc

CONTACT

FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE (FAAE)

Krajna 86
821 04 Bratislava
Slovakia
Office tel: +421 2 4820 2310
e-mail: faae@faaeurope.eu

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը հայտնել էր, որ Ռ. Սաֆարովի Ադրբեջան էքստրադիցիայից հետո մշակում է հայեցակարգ և ծրագիր Թուրքիայի, Ադրբեջանի և Արցախի հետ կապված խնդիրների լուծման համար: ԵՀՄՖ-ը  անցած  տարիների ընթացքում բազմիցս բարձրաձայնել է Հայ Ազգի հանդեպ իրականացրած թուքական և ադրբեջանական ցեղասպանությունների իրավական գնահատականների հանդեպ ՀՀ պետական հստակ ծրագրի բացակայության մասին: Վերջին զարգացումներն էլ փաստեցին, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները խիստ անհրաժեշտություն են տարածաշրջանային վերջնական խաղաղության հասնելու համար: 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ պետության կողմից անհրաժեշտ  և անհապաղ իրականացվելիք քաղաքական-իրավական գործունեության ծրագրի հայեցակարգը.                                                                                                                                                      

ԵՀՄՖ-ի նախագահությունը հիմք ընդունելով 

-տարածաշրջանային վերջնական խաղաղության հասնելու խիստ անհրաժեշտությունը  և այն դիտարկելով ազգային անվտանգության հիմնական գրավական, 

-Միացյալ Ազգերի կազմակերպության  1948 թվականին ընդունած "Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին" կոնվենցիան,

-Միացյալ Ազգերի կազմակերպության  1968 թվականին ընդունած "Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին" կոնվենցիան   եւ  դրանցից բխող միջազգային իրավունքին ուղղված դրույթները,

գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հարևան պետությունների հետ վիճելի հարցերի լուծումը պետք է զգացմունքային դաշտից տեղափոխել միջազգային իրավունքի հարթություն՝ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ գործող Միջազգային Դատարաններ, քանի որ տեղի են ունեցել մարդկության հանդեպ հանցագործություններ՝ իրենց 3 հիմնական փուլերով հանդերձ. 

-պետական մակարդակով նախապատրաստում, իրագործում և հետքերի վերացում, իսկ թուրքական և ադրբեջանական կառավարություններն  այս քաղաքականությունը շարունակում է մինչ օրս:

Միջազգային իրավունքի գործող նորմերը թույլատրում են  վեճերի միայն խաղաղ կարգավորման ուղին` լինի դա դատական կարգով, միջնորդավորված կամ անմիջական բանակցությունների միջոցով: ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածում որպես հակամարտության խաղաղ կարգավորման  միջոցներ են նշված դատական քննությունը (judicial settlement), հետաքննությունը (enquiry),  հաշտությունը (conciliation), վերաքննությունը (arbitration), հետևաբար մեկ անգամ ևս կոչ ենք անում միջազգային իրավունքի ասպարեզում մասնագիտական կարողությունների տիրապետող մեր հայրենակիցներին կապ հաստատել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության հետ, նպատակ ունենալով  Հայ Ազգի հանդեպ իրականացրած թուքական և ադրբեջանական ցեղասպանությունների իրավական գնահատականների՝ Միջազգային Դատարաններ ներկայացվելիք հայցի ձևակերպումն և այն ՀՀ կառավարության միջոցով ընթացք տալու գործընթացը:

Ինչ վերաբեվում է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետության այսօրվա անհապաղ իրականացվելիք քայլերին, ապա ԵՀՄՖ-ը պահանջում է մոտ ապագայում ՀՀ Ազգային Ժողովի օրակարգային հարց դարձնել և վավերացնել  "ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի որոշումների իրավական գերակայության մասին" օրենքը: Այս իրավական քայլը անհրժեշտ է այն պարզ պատճառով, քանի որ Հայաստանն այսօր դեռ իրավունք չունի որևէ հարցով դիմել Միջազգային Դատարան:

Հասունացել է ժամանակը բարոյական հաղթանակներից անցում կատարել դեպի իրավական հաղթանակներ, որոնք կհանդիսանան տարածաշրջանի ապահովագրված խաղաղության երաշխիքը:

Վերն արծածված հարցերի շուրջ համագործակցության պատրաստակամության դեպքում  դիմել հետևյալ հասցեով.

faae@faaeurope.eu

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում նախագահություն         

06.09.2012թ.

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նագահության մամլո քարտուղարության հաղորդագրությունը.

Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու սենսացիոն հայտարարությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովակիայի Հայկական Համայնքի նախագահ պ.Աշոտ Գրիգորյանն ամիսներ առաջ դիմել էր Սլովակիայի գլխավոր դատախազություն` պարզելու Սլովակիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի կողմից Սլովակիայի Քրեական Օրենսգրքի 424a հոդվածի, այն է` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն համարող օրենքի վերոհիշյալ պարագարաֆի  խախտման շուրջ, որի դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամանակով:

Խոսքն այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության Հուշաքար-խաչքարի մոտ տեղի ունեցած միջոցառման դեմ դեսպանուհու գրած արձագանքի մասին էր, ,,Հայերը,Միկլոշկոն և Հարաբինը,, վերնագրով` հրապարակված ,,Տիժդեն,, շաբաթաթերթի մայիսի 4-ի համարում, որտեղ դեսպանուհին կասկած էր հայտնել Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ ,,այդ ժամանակաշրջանում առավել շատ թուրքեր են կոտորվել,,:  Եվ ահա դատախազության հանձնարարությամբ Սլովակիայի ՆԳ ոստիկանության վարչությունը պարզաբանել է կատարվածը Թուրքիայի դեսպանուհու հետ և ստացել է հստակ պատասխան, որը մեջբերում ենք. ,,....դեսպանուհին այդ հարցի շուրջ /ինկատի ունեն Հայոց Ցեղասպանության փաստը/ արտահայտվում է շատ զգուշորեն, դիվանագիտորեն և կասկածի տակ չի դնում այն,  /ասել է, թե Հայոց Ցեղասպանությունը/: ,, Հետևաբար,- գրում է ՆԳ պատասխանատու պաշտոնյան, այս հարցի շուրջ ունենալով հենց իր`դեսպանուհու անձնական կարծիքը  հայտնի դեպքերի,  փաստերի հաստատման վերաբերյալ, հայտարարում եմ, որ նա ՔՕ-ի համապասխան հոդվածը չի խախտել,, : Այսինքն, ըստ ՆԳ մարմնի պարզաբանման` Թուրք դեսպանուհին, որպես պետական պաշտոնյա և դիվանագետ,  չի հերքում Հայոց Ցողասպանության փաստը:

ԵՀՄՖ-ն Սլովակիայի ՆԳ նախարարության կողմից վարած աշխատանքները համարում է բավարար և ընդունում, որ Թուրքիայի դեսպանուհու տված բացատրություններն իսկապես հաստատում են Հայոց Ցեղասպանության փաստը և սրանով նա դառնում է առաջին թուրք դեսպանն աշխարհում, որն ընդունում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ կատարված կոտորածները որպես ցեղասպանություն:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը պաշտոնական նամակ է ուղղել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի տ.Գյուլհան Ուլուտեկինին և պատճեն` թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլիին` հայտնելով խորին շնորհակալություն անկեղծ խոստովանության համար, սա համարելով մեծ նվաճում հայ-թուրքական հարաբերություններում պարզություն մտցնելու կարևոր գործում: Միաժամանակ ԵՀՄՖ-ն հույս է հայտնում,որ այս առաջին ձեռքբերումը հիմք կհանդիսանա Թուրքիայի ԱԳՆ-ի համար նույն ոգով շարունակելու  Հայոց Ցեղասպանության շուրջ պարզաբանումները և կարճ ժամանակում գալու ընդհանուր հայտարարի և համանման հայտարարությամբ հանդես գալու արդեն ողջ աշխարհի առջև:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, սա կլինի մեծ նվեր հայ և թուրք ժողովուրդների համար Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդհառաջ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

10.09.2012թ.

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՄ-ում և մասնավորապես Սլովակիայիում մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության այն մասը, որ Հայաստանը պատրաստ է արժանի հակահարված տալ Ադրբեջանին վերջինիս կողմից ոտնձգություններ սկսելու դեպքում: Այս հայտարարությունը հիմք է հանդիսացել, որպեսզի մի քանի օր շարունակ եվրոպական և մասնավորապես սլովակյան ԶԼՄ-ները կատարեն սկանդալային հայտարարություն առ այն, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմական գործողություններ սկսել Ադրբեջանի նկատմամբ` մեջբերելով Սերժ Սարգսյանի վերևում ասվածը: Այս ակնհայտ սադրանքին արդեն չորորդ օրն է Հայաստանի ԱԳՆ-ից ոչ մի արձագանք չի գրանցված: Ավելին, ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահը դիմել է ԱԳՆ-ի ղեկավարությանը և դեսպաններին` պահանջելով հերքել լայնորեն տարածված այդ սադրիչ հաղորդակցությունները` նշելով, որ սրանք ունեն բացառիկ բացասական հետևանքներ Հայաստանի համար: Օրինակ, սլովակյան խոշորագույն բանկերն արդեն հայտարարել են, որ հարցականի տակ են վերցնում Հայաստանի հետ ներդրումային և արտահանումային ծրագրերի ֆինանսավորումները: Չստանալով ՀՀ ԱԳՆ-ից ոչ մի օգնություն Ա. Գրիգորյանը կազմակերպել է մամլո ասուլիս, որպեսզի ինքը հանդես գա հայտարարությամբ ու հերքի ԶԼՄ-ների կողմից տարածվող այդ սադրիչ տեղեկատվությունը: Միաժամանակ Գրիգորյանը հրապարակավ դիմում է ՀՀ ԱԳՆ-ին` պահանջելով կատարելու տարրական պարտականությունները և պաշտոնապես հերքելու եվրոպական ԶԼՄ-ների կողմից ՀՀ նախագահի հայտարարության միտումնավոր աղավաղումը:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

06.09.2012թ.

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր Բրատիսլավայում անցկացրեց մամլո ասուլիս` նվիրված Ադրբեջանի և Հունգարիայի հետ տեղի ունեցած կոնֆլիկտին ու մասնավորապես սլովակյան ԶԼՄ-ներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության սխալ մեկնաբանությունների շուրջ: Պարզվեց, որ սխալ մեկնաբանությունները տարածել է Սլովակիայի Լրատվական Մամլո գործակալությունը /SITA/, որը իր հաղորդագրությունը կազմել էր արևմտյան մամլո գործակալությունների տված  տեղեկատվությունների հիման վրա: ԵՀՄՖ-ի նախագահը բացատրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երբևիցե հայտարարություն չի արել, թե Հայաստանը պատրաստ է հարձակվելու Ադրբեջանի վրա, այլ հակառակը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հաղթելու իրեն հարկադրված պատերազմին, եթե հանկարծ Ադրբեջանն այդպիսի փորձ կատարի: Պարոն Գրիգորյանը պայմանավորվեց Սլովակիայի Լրատվական Մամլո գործակալության գլխավոր տնօրեն  Իվան Սամելի հետ, որ գործակալությունը կթողարկի հաղորդագրություն` հերքելով իր նախորդ սխալ տեղեկատվությունը:

Պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը պատրաստվում է ամենաբարձր միջազգային իրավական ատյաններում քննարկել Հունգարիայի կողմից պետական մակարդակով կոռուպցիայի իրականացման փաստը և միաժամանակ հայտնեց կասկած, որ կան լուրջ նախադրյալներ նաև հունգար բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած անձնական շահագրգռվածությունների շուրջ: Ըստ Ա. Գրիգորյանի խիստ կասկածելի է ոչ միայն վարչապետ Օրբանի կարճ ժամանակահատվածում Բաքու կատարած կրկնակի այցերն, այլև Հունգարիայի մյուս գերատեսչությունների ղեկավարների հաճախ այցերն Ադրբեջան: Պարոն Գրիգորյանի հայտարարությունը գործակալությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները ընկալեցին որպես սենսացիոն, որտեղ առաջին անգամ կասկած է հայտնվում ոչ միայն պետական կոռուպցիայի շուրջ, այլ նաև պետական ղեկավարների անձնական շահագրգռվածության շուրջ:

Նաև ավելացնենք, որ ԵՀՄՖ-ի հետ աշխատող իրավաբանները պարզել են, որ Ադրբեջանի կողմից կազմակերպածն ամբողջովին համապատասխանում է <<պետական ահաբեկչության>> միջազգային իրավաբանական սահմանմանը, քանի որ.

1. մարդասպանը իր ծառայության ժամանակ իրականացրել է  սպանություն, որը կարելի է համարել ռազմական առաջադրանք:

2. մարդասպանը վերապատրաստվել էր թուրքական ռազմական բազաներում, որտեղ պատրաստում են ահաբեկիչներ:

3. Ադրբեջանը նախագահի մակարդակով տրված առաջադրանքի կատարման համար խոստացել էր մարդասպանին ազատել ազատազրկումից և տալ ֆինանսական փոխհատուցում ու ռազմական պարգևներ. այն ինչ որ ամբողջովին կատարվեց:

Այսպիսով Հունգարիան մեղադրվում է  պետական մակարդակով բացահայտ կոռուպցիայի իրականացման, իսկ Ադրբեջանը պետության մակարդակով ահաբեկչություն կազմակերպելու մեջ:

Պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ի նախագահությունը պատրաստ է Հունգարիայի վարչապետի կողմից ցանկության դեպքում հանդիպել և քննարկել այս մեղադրանքները միջազգային բարձրագույն իրավական ատյաններին չհանձնելու խնդիրը, եթե միայն վարչապետ Օրբանը պատրաստ է կատարելու ԵՀՄՖ-ի երկու պահանջները.

1.ներողություն խնդրելու աշխարհասփյուռ հայ ժողովուրդից իր կատարած քայլի համար

2. կիրառելու բոլոր իրավական միջոցները` ետ վերադարձնելու հանցագործին հունգարական բանտ:

Հակառակ դեպքում ԵՀՄՖ-ը  կշարունակի իր ակտիվ աշխատանքները Հունգարիային միջազգային դատարանով պատժելու խնդրի շուրջ: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա ԵՀՄՖ-ը շարունակելու է իրականացնել այդ երկրի ղեկավարությանը միջազգային ատյանների միջոցով վարկաբեկելու ու դատապարտելու գործընթացը:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

07.09.2012թ.

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է Սլովակիայի Ազգային Խորհուրդի Հունգարական Միավորված Կուսակցության /MOST-HIT/ նախագահ Բելա Բուգարի արձագանքն ադրբեջանցի մարդասպանի արտահանձման կապակցությամբ, որը նա արտահայտել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում:

MOST-HIT պառլամենտական ընդդիմադիր կուսակցության նախագահ պարոն Բելա Բուգարը զարմանք և վրդովմունք է հայտնում Հունգարիայի վարչապետ Վ. Օրբանի կողմից կատարած քայլի շուրջ և խստիվ դատապարտում է այն: Միաժամանակ պարոն Բուգարը վրդովմունք է հայտնում հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու կապակցությամբ: Ըստ պարոն Բուգարի Ադրբեջանի նախագահն իր նմանը չունեցող խայտառակ քայլով մեծ հարվածի տակ է դրել Հունգարիայի ողջ կառավարության հեղինակությունը և վարկաբեկել ողջ աշխարհի առջև: ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի այն հայտարարությանը, թե պատմության մեջ իր նախադեպը չունեցող պետական կոռուպցիային կարելի է ավելացնել նաև լուրջ կասկածներ, որ տեղի է ունեցել նաև Հունգարիայի կառավարության որոշ պաշտոնական գործիչների ու հատկապես վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական շահագրգռվածության, ընդհուպ կաշառակերության թողտվություն, պարոն Բելա Բուգարը հայտարարեց, որ. <<այո այսպիսի կասկածներ թույլ տալն անհիմն չեն: Այլ կերպ տեղի ունեցածը չես կարող բացատրել>>,- հայտարարեց նա և շարունակեց. <<միայն խնդրում եմ Հունգարիայում և հարակից երկրներում ապրող հունգարացիների նկատմամբ պետք չէ թույնով լցվել, քանի որ հունգար ժողովուրդն իսկապես անմաս է այսօրվա վարչապետ Օրբանի կատարածից և ճնշող մեծամասամբ բոլոր հունգարացիները դատապարտում են կատարվածը>>: Միաժամանակ նշեց, որ վարչապետ Օրբանի կողմից կատարվածն այսպիսի աղմուկ չեր բարձրացնի, եթե Ադրբեջանն իր հանցագործին չհերոսացներ և չխաբեր Հունգարիային, այլ շարունակեր մարդասպանի ազատազրկումն ադրբեջանական բանտում: Արդյունքում,  ըստ պարոն Բելա Բուգարի, վաճառվել է արդարադատությունը, հերոսացել է մարդասպանը, Հունգարիայի կառավարությունը կորցրել է իր վստահությունը և քաղաքակիրթ աշխարհում առաջացել է բացառիկ դատապարտելի նախադեպ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

13.09.2012թ.

 

Ինչպես հայտնել ենք Ադրբեջանում, Հայաստանում և Ռուսաստանում  Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշն /նստավայրը Մոսկվա/ ադրբեջանական մամուլում հերքել էր Հայոց ցեղասպանության մերժման օրենքի գոյությունը Սլովակիայում, որի պատճառով Եվորպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը քրեական գործ էր հարուցել նրա դեմ` անձնական շահագրգռվածության և կոռուպցիայի կասկածով: Այդ առիթով 2012թ-ի հուլիսի 18-ին ԵՀՄՖ-ը դիմել էր  Սլովակիայի Գլխավոր Դատախազություն:

Հունգարիայի վարչապետ Օրբանի կողմից կոռուպցիայի անդրդվելի փաստի ֆոնի վրա չափազանց հավանական է դառնում այն, որ Ադրբեջանը, հարազատ մնալով իր սկզբունքներին, շահագրգռել է նաև դեսպան Միգաշին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դիմաց: Սլովակյան լրատվական գործակալությունը /SITA/ Սլովակիայի ԱԳՆ-ից ստացել էր այնպիսի պատասխան, որով ոչ թե փարատվել, այլ հաստատվել էր պարոն Գրիգորյանի կասկածները: Գրիգորյանի այս հայտարարությունը ստացել է հսկայական արձագանք սլովակյան ԶԼՄ-ներում:

Ստորև ներկայացնում ենք ԵՀՄՖ-ի նախագահի նամակն ուղղված Սլովակիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար պարոն Միրոսլավ Լայչակին, որում պարոն Գրիգորյանը հայտնում է իր խորին գոհունակությունը ԱԳՆ-ից ստացված պատասխանի շուրջ:

 

Ձեր ընդ Գերազանցություն

Սլովակիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար

Մեծարգո պարոն Միրոսլավ Լայչակ

 

Թույլ տվեք հայտնել իմ խորին գոհունակությունը Սլովակիայի ԱԳՆ-ի կողմից հայտնած տեսակետի շուրջ, ըստ որի հաստատվում է Հայոց ցեղասպանության մերժման շուրջ քրեական օրենքի գոյության փաստը` նշելով, որ այն հաստատված է դատարանի կողմից: Սլովակիայի Ազգային Խորհուրդը /ԱԽ/ 2004թ-ի նոյեմբերի 30-ին թիվ 1341 բանաձևով հաստատել է Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն, այն հայտարարելով որպես ոճիր գործած ընդդեմ համայն մարդկությանը: Այս բանաձևն այնուհետև 2009թ-ի հունիսի 16-ին ամրապնդվել է Սլովակիայի թիվ 257/2009 օրենքով, որտեղ մտցվել էր ՔՕ-ին լրացում 424ա պարագրաֆի տեսքով, որով սահմանվում էր քրեական պատասխանատվություն Հոլոքաուստի, ցեղասպանության, մարդկության դեմ գործած այլ ոճիրների, այդ թվում նաև մասնավորապես Հայոց ցեղասպանության մերժման, հանցագործության նվազեցման, անհարգալից վերաբերմունքի և այլ նմանատիպ դեպքերի համար: Այս փաստը բազմիցս հաստատել է Սլովակիայի Գերագույն դատարանն իր նախագահ Շտեֆան Հարաբինի միջոցով: Վերջինս Սլովակիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար եղած ժամանակ Ազգային Խորհուրդ էր ներկայացրել ու հաստատել  ՔՕ-ի վերոհիշյալ լրացման տեքստը` ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության մերժման շուրջ:

Այս կապակցությամբ տարակույս և ափսոսանք է առաջացնում վերոհիշյալ օրենքի գոյության շուրջ Մոսկվայում Սլովակիայի դեսպան պարոն Յոզեֆ Միգաշի  կողմից տարածած կասկածները: Նշենք, որ նա, հանդիսանալով դիվանագետ, օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից ոչ Սլովակիայի տարածքում և հետևաբար պետք է կրի լրիվ պատասխանատվություն: Սլովակիայի ԱԳ նախարարության կողմից Սլովակիայի լրատվական գործակալությանը /SITA/-ին տրամադրած հայտարարությունը հաստատում է այն փաստը, որ պարոն Միգաշը չի ներկայացնում Սլովակիայի ԱԳՆ-ի տեսակետը:

Իմ և իմ ղեկավարած կազմակերպության կողմից ես հայտնում եմ խորին գոհունակություն և շնորհակալություն Ձեզ այս հայտարարության համար, որտեղ հաստատվում է ոչ միայն հայ ժողովրդի այլև համայն աշխարհի և քաղաքակիրթ մարդկության համար  հսկայական ողբերգություն հանդիսացող Օսմանյան Կայսրության կողմից 1915թ-ին իրականացված ցեղասպանության փաստը:

 

Հարգանքով` 

ԵՀՄՖ-ի նախագահ

Դր. Աշոտ Գրիգորյան

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

02.10.2012թ.

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուժային պետական կառույցների կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրման առնչությամբ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն այն որակում է որպես առանց իրավաբանական հիմնավորման քաղաքական հետապնդում և գալիք ՀՀ նախագահական ընտրություններին հավանական մրցակցին միտումնավոր խաղից դուրս բերելու փորձ: Արտերկրի հայության համար Վարդան Օսկանյանը դարձել է օրինակ` անձնվեր աշխատանքով հայության իղձերն իրականացնելու գաղափարների իրագործման հարցում:Սփյուռքն  ունի մեծ թվով  այլ օրինակներ,երբ իրենց տնտեսական ֆիդայիներ համարող մի շարք հայտնի սփյուռքահայ գործիչների Հայաստանում սնանկացնելու աստիճանի են հասցրել և կամ սնանկացրել ու երկրից դուրս շպրտել: Այսօր առաջին անգամ նաև հայրենասեր քաղաքական գործչի նկատմամբ է կիրառվում բարյապես ոչնչացնելու և երկրից դուրս շպրտելու քաղաքականությունը: Արդյունքում` հայության վերջին հույսը հատում է, ապատիան մեծանում և  ահագնացած արտագաղթի տեմպերը նվազելու փոխարեն աճում են` երկիրը տանելով մինչ վերջնական կործանման: 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձախողված արտաքին, տնտեսական քաղաքականության պայմաններում   <<ցանկացած ՀՀ քաղաքացի հանցագործ է>>  կարգախոսով առաջնորդվելը միմիայն վնասվում է պետության առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող վարկը և ստեղծվում մի արժեհամակարգ, որտեղ բացակայում է հանրային կյանքի որևէ ոլորտի զարգացում:

ՀՀ վարչակազմից պահանջում ենք անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները Վարդան Օսկանյանի՝ ինչպես նաև կոալիցիան լքած ԲՀԿ նախարարների հանդեպ և լծվել պետական միջոցները հափշտակած ՀՀԿ անդամների և նրանց հովանավորյալ պետպաշտոնյաների բացահայտմանը, իսկ հանցագործության փաստեր չգտնելու պարագայում ԵՀՄՖ-ը պատրաստ է ցուցաբերել լայնամասշտաբ աջակցություն:



ԵՀՄՖ-ի նախագահություն

22.10.2012թ.

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ստացվել է Սլովակիայի Ներքին գործերի նախարարության պաշտոնական պատասխանը  Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում Սլովակիայի դեսպան /նստավայրը Մոսկվա/ Յոզեֆ Միագաշի դեմ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից հարուցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Սլովակիայի ՔՕ-ի 424ա հոդվածի մասով քրեական գործի խախտման շուրջ: Հայտնի է, որ ըստ այդ հոդվածի ցանկացած ոք, ով ժխտել է Հայոց ցեղասպանությունը, կամ փորձել այն նսեմացնել այլ բացատրություններ տալու ճանապարհով, ենթակա է հինգ տարվա ազատազրկման, եթե այն կատարել է միտումնավոր և երեք տարվա ազատազրկման, եթե ժխտումը կամ նսեմացումը կատարվել է անգիտակցաբար: Ուսումնասիրելով դեսպան Միգաշի դեմ հարուցած հայցը, Սլովակիայի Ներքին գործերի նախարարության ոստիկանական վարչությունը ներկայացրել է պաշտոնական եզրակացություն առ այն, որ դեսպան Միգաշի դեմ կիրառել քրեական պատասխանատվություն և ենթարկել ազատազրկման անհնարին է, քանի որ վերջինս օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիության իրավունքից:

ԵՀՄՖ-ի իրավաբաններն ուսումնասիրելով Սլովակիայի ոստիկանական վարչության այս եզրակացությունը հակազդել են նրան` պարզաբանելով, որ դեսպան Միգաշն անձեռնմխելիություն ունի միայն այն երկրներում, որտեղ նրան տրված են դիվանագիտական լիազորություններ, այսինքն Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Սլովակիայում, որտեղ նա խախտել է ՔՕ-ի վերոհիշյալ հոդվածը, նա չի կարող օգտվել դիվանագիտական անձեռնմխելիությունից: Ինչպես հայտնի է, դեսպան Միգաշի հայտարարությունն առ այն, որ Սլովակիայում չի գործում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, տարածվել է Սլովակիայի SITA լրատվական գործակալության կողմից և հրապարակվել ու տարածվել մի շարք կենտրոնական ԶԼՄ-ներում: 

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը կրկին դիմել է Սլովակիայի Ներքին գործերի նախարարության ոստիկանական վարչություն` պահանջելով վերաքննել գործը և օրինազանց դեսպանին պատժել ՔՕ-ի 424ա հոդվածով` կիրառելով այն խստագույնս: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի այս քրեական գործը պետք է դաս լինի բոլոր այն անձանց և պաշտոնական գործիչներին, որոնք կփորձեն Սլովակիայում խոսել Հայոց ցեղասպանության դեմ: Ինչպես հայտնի է, Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինը հրաժարվել է իր Հայոց ցեղասպանության դեմ արտահայտած մտքերից և ընդունել է այն որպես փաստ:

<<Այս ճակատագիրն է սպասվում նաև ցանկացած թուրք պաշտոնյայի, որը կփորձի Սլովակիայի տարածքում ժխտել Հայոց ցեղասպանության փաստը>>,- հայտարարում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

24.10.2012թ.