Header

EN | AM
President FAAE

Dr. Ashot Grigorian, DrSc

CONTACT

FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE (FAAE)

Krajna 86
821 04 Bratislava
Slovakia
Office tel: +421 2 4820 2310
e-mail: faae@faaeurope.eu

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ ԵՀՄՖ ՆԱԽԱԳԱՀ ԴՈԿՏՈՐ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը հպարտությամբ տեղեկացնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին Սլովակիայի Տրնավայի ինքնավար նահանգի նահանգապետ և կառավարության անդամ Տիբոր Միկուշի գլխավորությամբ Տրնավա քաղաքի Դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ պետական պարգևների հանձնման արարողություն, որի նպատակը գնահատանքի արժանացնելն էր Սլովակիայի մեծ ճանաչում ունեցող հասարակական, քաղաքական գործիչների տարիների վաստակը պետության հանդեպ:   

Այդ միջոցառմանը հարգանքի ու մեծարանքի արժանացավ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ, Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սլովակիայի հոգևոր առաջնորդ, Արքեպիսկոպոս Զվոլենսկին և Արքեպիսկոպոս Բեզակը, պառլամենտի փոխխոսնակ Ռենատա Զմայկովիչովան, Սլովակիայի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Ֆրանտիշեկ Խմելարը և բազմաթիվ այլ քաղաքական, հասարակական, մշակութային, սպորտի, լրատվական գործիչներ:

ԵՀՄՖ Նախագահին պետական պարգև հանձնելու ժամանակ նահանգապետ Տիբոր Միկուշը հատուկ նշեց սլովակ և հայ ժողովուրդների մերձեցման նրա բազմաթիվ նախաձեռնությունների մասին՝ միջպետական, տնտեսական, մշակութային մակարդակներում, ՀՀ Արմավիրի մարզի հետ համագործակցության և փոխօգնության դրական հետևանքները և փոխայցելությունները, որոնց շնորհիվ նախատեսվել են երկարամյա գործողության ծրագրեր:

Պարոն Գրիգորյանը իր շնորհակալական խոսքում հատուկ նշեց սլովակ ժողովրդի և կառավարության բարիդրացիական վերաբերմունքն ու ուշադրությունը հայ ժողովրդի հանդեպ և հավաստիացրեց, որ սլովակահայ համայնքը շարունակելու է նույն ոգով մերձեցնել և ամրապնդել հայ-սլովակյան կապերը բոլոր մակարդակներում:

Գնահատանքի միջոցառման վերջում նահանգապետի հրավերով ի պատիվ պարգևատրվածների տեղի ունեցավ Պաշտոնական Ընթրիք:

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔԸ



Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր ֆեյսբուքյան ընկերներին և կազմակերպություններին Սլովակիայի պետական պարգևատրման արժանանալու կապակցությամբ իրեն ուղղված ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների և ցանկությունների համար: Ըստ պարոն Գրիգորյանի՝ և՛ Սլովակիայի կառավարության գնահատականը, և՛ հայ գործընկերների կողմից ստացված շնորհավորանքները առավել պարտավորեցնում են ապագայում ծրագրված աշխատանքների բարձր մակարդակի կատարման, Հայաստանի հասարակական կյանքին առավելագույնս մասնակցելու և արտերկրում տարվող աշխատանքների մաքսիմում ակտիվացման շուրջ: Որպես ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ՝ պարոն Գրիգորյանը հավաստիացնում է, որ անելու է այն ամենը, ինչ անհրաժեշտ է Եվրոպայի հայկական համայնքների միջև կապերի, լոբբիստական գործնեության խիստ զարգացման և ԵՀՄՖ-ի 15-րդ հոբելյանական Համագումարին ընդունված ծրագրերի իրականացման համար՝ ի փառս մեր Ազգի և մեր Հայրենիքի:
Պարոն Գրիգորյանը նաև նշում է, որ աշխատանքները հատկապես ուղղվելու են Հայաստանի պետականության ամրապնդման, այսօրվա ամուլ ու անպտուղ աշխատող իշխանություններից ազատվելու և նոր ու վառ ապագա ունեցող Հայաստան կառուցելու համար: Միայն համատեղ անձնվեր և համառ աշխատանքով մենք կարող ենք հասնել մեր պատկերացրած ապագա ունեցող Հայաստանի կառուցմանը այնպես, որ միավորենք մեր ուժերը և հավաքվենք մեր ազգային նպատակների իրականացման շուրջ:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

 

ԵՀՄՖ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՀԱՅՈՑ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Բրյուսելում հոկտեմբերի 14-15 տեղի ունեցավ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի կողմից կազմակերպած Եվրոպահայոց Երրորդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցեց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի պատվիրակությունը՝ գլխավորությամբ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի: 

Համագումարի բացումը տեղի ունեցավ նորակառույց Հայ Տուն շինության մեջ (Rue du Gaz, 83, Laeken, 1020, Bruxelles), իսկ երկրորդ օրվա նիստերը՝ Եվրոխորհրդարանի մեջ:

ԵՀՄՖ պատվիրակությունը ներկայացնում էին նաև փոխնախագահ Հարություն Առաքելյանը, ԵՀՄՖ նախագահության անդամներ Լևոն Մուրադյանը և Հրայր Գևորգյանը:

Եվրոպահայոց Երրորդ համագումարին ողջույնի ելույթներ ունեցան Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՆՍՕՏՏ ներկայացուցիչ Նորվան Զաքարյանը, Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը և այլոք: 

ԵՀՄՖ նախագահ պարոն Գրիգորյանը հանդես եկավ թեմատիկ ելույթով՝ <<Մշակութային ցեղասպանություն, սպիտակ ջարդ հայության հանդեպ>> վերնագրով: Սկզբում ներկայացվեց ԵՀՄՖ հրատարակած՝ երիտասարդ գիտնական Տաթևիկ Գրիգորյանի` <<Մշակութային ցեղասպանություն>>իրավագիտական մենագրությունը, որով հեղինակին հաջողվել է սահմանել <<մշակութային ցեղասպանություն>>տերմին-բառակապակցությունը միջազգային իրավունքի հիման վրա: Այնուհետև բանախոսը ներկայացրեց ԵՀՄՖ-ի իրականացրած լոբբինգային գործունեությունը՝ ուղղված թուրք-ազերական տանդեմի հակահայ գործունեության վնասների չեզոքացմանը:

ԵՀՄՖ նախագահը նաև համագումարին ներկա պետական այրերի ուշադրությունը սևեռեց Հայաստանի ներկայիս աղետալի վիճակին՝ այն որակելով որպես սպիտակ ջարդ հայաստանցիների հանդեպ, որի հիմնական բաղադրիչներն են անպատժելիությունը <<ընտրյալների>> հանդեպ, կոռուպցիան և բազմաբնույթ ու տարատեսակ անօրինականությունները, որոնք էլ մեծ խթան են հանդիսանում սպիտակ ջարդի՝արտագաղթի համար:

Նա հատուկ շեշտեց, որ եթե իրավիճակը ևս 4-5 տարի այսպիսի զարգացում ունենա, կամ կկատարվի մեր թշնամիների երազանքը՝ Հայաստանը կունենա մեկ միլիոնից պակաս բնակչություն և չի կարողանա դիմակայել ազեր-թուրքական էքսպանսիային, կամ կմտնի Ռուսաստանի մեջ որպես շրջան՝ ինկլավ:

Բանախոսը ներկայացրեց ԵՀՄՖ սեպտեմբերի համագումարին ընդունված արդի սահմանումը Հայ Դատի ընդլայնված խնդիրների շուրջ. ավանդական պահանջատիրության կողքին ավելացվեց Հայաստանի ներքին քաղաքական կյանքին սփյուռքի և հատկապես եվրոպահայության մասնակցության բացառիկ անհրաժեշտությունը: Նա նշեց, որ <<մեր իդեաների Հայաստանը կարող է կառուցվել միայն համամարդկային արժեքների վրա հենվելով և քաղաքակրթության պատկերացումներին համապատասխան>>:

Ելույթի վերջում ԵՀՄՖ նախագահը ընթերցեց կոչ, որտեղ ամփոփ ներկայացված էր վերը նշված դիմումը ՀՀ վարչակազմին՝ անարյուն իշխանափոխության պահանջով, և առաջարկեց այդ կոչը ընդունել որպես Եվրոպահայոց Երրորդ համագումարի մասնակիցների կողմից կոչի նախագիծ՝ ուղղված ողջ սփյուռքին: Առաջարկը և ելույթը ընդունվեց բուռն ծափերով:

Որպես վարչակազմի կարկառուն ներկայացուցիչ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը իր պատասխան ելույթում անիմաստ տեղը փորձեց արդարանալ ողջ վարչակազմի փոխարեն, սակայն ապարդյուն, քանի որ արտահայտեց սովորական դարձած ընդհանուր ֆրազներ, իսկ վերջում հրավիրեց Հայաստան, առաջարկելով պառլամենտումկազմակերպել քննարկումներ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և արտագաղթի պատճառները վերացնելու հարցի շուրջ:

Ստորև ներկայացնում ենք եվրապահայությանն ուղղված Կոչի տեքստը ամբողջությամբ:

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

 

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ ժողովրդի առջև ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից, և բազմաթիվ հայորդիներ փորձում են վերացնել դրանց հասցրած վնասները, և գալիք սերունդներին իրազեկել պատմական անարդարությունների մասին, մասնակից դարձնել հայրենասիրական և հայապահպանման ծրագրերի իրագործման գործին, ինչպես նաև Հայ Դատի խնդիրներին: 

 

Եվրոպահայոց Երրորդ համագումարի մասնակիցները գտնում են, որ այսօր սակայն վտանգված է հայ ժողովրդի գոյությունը փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռելով ազգային ունեցվածքը, պաշարները, չխնայելով անգամ բնությունը և մարդկանց, գալիք սերունդների առողջությունը, որն էլ մեծ խթան է հանդիսանում արտագաղթի համար: Մարդիկ արտագաղթում են, գերադասելով ապրել և արարել այլ երկրների նվաստացուցիչ պայմաններում, քան սեփական Հայրենիքում: 

 

Հիմք ընդունելով վերը նշված բարդագույն իրավիճակը Հայրենիքում՝ կոչ ենք անում սփյուռքահայությանը և ՀՀ քաղաքացիներին միանալ անցած ամիս Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Համագումարին առաջարկված և ազդարարված «Համահայկական ճակատ»-ին, որի հիմնական նպատակն է լինելու մեկտեղել համայն հայության ներուժը` Հայաստան երկրում արդարության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանվածության հաստատման և անցնցում իշխանափոխության իրականացման համար: 

 

Միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը ունի իրավունք հանդես գալ Հայաստան պետության անունից և կարող է լուծել համայն հայության խնդիրները, իսկ Սփյուռքը իրավասու և պարտավոր է իր անմիջական մասնակցությունը բերել Ազգի հրատապ փրկության այս գործընթացին:

 

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

15.10.2013թ.

 

 

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՓՈՐՁԵԼ Է ԸՆԴՀԱՏԵԼ

 

Նախօրեին Բրյուսելում կայացել է Եվրոպայի հայերի 3-րդ համագումարը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Բակո Սահակյանը, Արամ 1-ին կաթողիկոսը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, Եվրոպայի հայ համայնքի, ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան հյուրեր:

 

Համագումարի ընթացքում իր ելույթով առավել ուշադրություն է գրավել և աժիոտաժ է առաջացրել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը.

- Պարոն Գրիգորյան, սեպտեմբերի սկզբին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի 15-րդ հոբելյանական նիստին առաջին անգամ քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական հարցերը: Դրանից հետո հայտարարություն տարածեցիք՝ ահազանգելով, որ վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում: Նախօրեին Եվրոպայի հայերի 3-րդ համագումարում ձեր ելույթում այդ կոնտեքստով որեւէ անդրադարձ եղե՞լ է և ինչպիսի՞ շեշտադրումներ են եղել:
- Ելույթս եղել է մշակութային ցեղասպանություն և սպիտակ ջարդ թեմայով: Սպիտակ ջարդ ասելով` ես նկատի ունեի այսօրվա Հայաստանում իրականացվող արտագաղթը: Ես իմ ելույթի ժամանակ մանրամասն խոսեցի Հայաստանում արտագաղթի իրական պատճառների մասին և նշեցի, որ այսօր մեր իշխանությունների իրականացրած քաղաքականությունը կարելի է սիմվոլիկ անվանել սպիտակ ջարդ, քանի որ եթե այսպես շարունակվի ամենաշատը հինգ տարի հետո Հայաստանի բնակչությունը կհասնի մեկ միլիոնի կամ ավելի քիչ, իսկ մեկ միլիոնի շեմին հասնելու դեպքում մեր թշնամիների վաղեմի երազանքը կկատարվի: Այսինքն մենք կդառնանք թշնամու համար խիստ խոցելի և կկորցնենք մեր հայրենիքը, կամ էլ կդառնանք Ռուսաստանի մի մաս, այսինքն ոչնչացող, տնտեսապես թույլ օղակ հանդիսացող երկիր և սրանով կսկսվի մեր պատմության ավարտը: Խոսեցի կոռուպցիայի մասին, որն ահռելի չափերի է հասել Հայաստանում, ժողովրդի անպաշտպանության մասին, քաղաքացիական հասարակության նկատմամբ իշխանության ցինիկ և արհամարհական վերաբերմունքի և մյուս բոլոր անընդունելի երևույթների մասին, որ հատուկ է այսօրվա մեր իշխանություններին: Կարճ ասացի, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը անցել է բոլոր հնարավոր սահմանները և հնչեցրեցի այն կոչը, որ մենք Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարում պատրաստել և տարածել էինք: Այդ կոչը ես, մի փոքր ձևափոխելով, նախագծի տեսքով ներկայացրեցի համագումարին: Այդ կոչը վերջանում էր Հայաստանում իշխանափոխության բացարձակ անհրաժեշտության մասին մտքով:

- Ձեր ելույթին ինչպե՞ս արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
- Երբ ես մշակութային ցեղասպանության մասին խոսքս ավարտեցի և անցա սպիտակ ջարդին, առաջին շարքում, որտեղ նստած էր Հովիկ Աբրահամյանը աժիոտաժ սկսվեց: Հովիկ Աբրահամյանը հանկարծ խնդրեց, որ միկրոֆոնը իմ ձեռքից վերցնեն, բայց բնականաբար ոչ ոք չհամարձակվեց դա անել, ապա վարողին նշաններ ցույց տրվեցին, որ նա պետք է սահմանափակի ելույթս: Վարողն ասաց, որ մի քանի րոպե է մնացել ինձ հատկացված ժամանակի ավարտին և ես պետք է վերջացնեմ: Ես հասցրեցի այդ մի քանի րոպեում ասել այն, ինչ ուզում էի: Հովիկ Աբրահամյանը փորձեց հակասել իմ ասածներին՝ հայտնելով, որ կոռեկտ չի համարում, որ ես այդ համագումարին նման հարցեր եմ բարձրացնում: Դա ուղղակի ծիծաղելի միտք է, քանի որ եվրոպահայ համայնքի ֆորումի նախագահը էլ որտե՞ղ պետք է իր միտքը ներկայացնի քննարկման, եթե ոչ այնտեղ, ուր Հայաստանի ներկայացուցիչները ներկաեն: Աբրահամյանն առաջարկեց ինձ այդ ամենը ներկայացնել Հայաստանի Ազգային ժողովում և նշեց, որ եթե ունեմ կոռուպցիայի դեմ պայքարի այնպիսի մեթոդներ որոնք շատ օգտակար կլինեն, ներկայացնեմ Աժ-ում հրավիրված բաց քննարկման ժամանակ:

- Դուք ի՞նչ պատասխանեցիք, համաձայնեցի՞ք:
- Քանի որ պատասխանի հնարավորություն չունեցա, համագումարն ընդհատվեց և ամբողջ այդ շքախումբը լքեց դահլիճը, կուզեի հիմա հայտնել պատասխանս. Հարգելի պարոն Աժ նախագահ, դուք շատ լավ միտք տվեցիք մեզ և մենք պատրաստ ենք ընդունել ձեր առաջարկը: Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներին, թույլ տվեք հիշեցնել Սինգապուրի նախկին վարչապետի` ՀՀ վարչապետին՝ Տիգրան Սարգսյանին տված խորհուրդը, այն է՝ դուք մի վերցրեք, եթե դուք դադարեք կաշառք վերցնելը, կտեսնենք թե քանի անգամ կկրճատվի կաշառակերությունը: Նշեմ, որ մենք պատրաստվելու ենք մի շարք քրեական գործեր հարուցել, որոնց վրա կաշխատեն եվրոպահայ իրավաբանները և կուղարկենք Ազգային ժողով և կխնդրենք ԱԺ նախագահին պատճենն անպայման ուղարկել նորանշանակ գլխավոր դատախազին, սա կլինի շատ լավ փորձություն նրա համար: Եթե պատասխանը բավարար չեղավ կամ ուշացավ, իսկ ուշացումը ես պատկերացնում եմ 30 օրից ոչ ուշ, մենք այդ նյութերը կներկայացնենք եվրոպական քննչական օրգաններին և գործ կհարուցենք Հայաստանիկառավարության դեմ, եթե հանկարծ նրանք ժամանակին բավարար պատասխան չտվեցին: Այն գործերը որ հարուցելու ենք, արդեն աղմկահարույց գործեր են, և ամբողջ ժողովուրդը գիտի, սակայն մինչ այսօր խուսափողական, կիսատ-պռատ պատասխաններ են լսվել և ոչ մի քրեական գործ չի հարուցվել:

- Վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել գրող -հրապարակախոս Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը: Եվրոպահայերը ինչպե՞ս արձագանքեցին այդ նամակին, ինչ-որ արձագանք եղա՞վ:
- Զորի Բալայանը հանգած հրաբուխ է, և նրա նամակը ոչ մեկի կողմից լուրջ չի ընդունվում բացարձակապես: Զորի Բալայանը վաղուց ստացել է անլուրջ մարդու կերպար, երբ հայ ժողովրդի փողերով ճանապարհորդում էր հեռավոր օվկիանոսներում իր սեփական հետաքրքրությունների համար: Կարող եմ ասել, որ ոչ մեկը նորմալ չընդունեց նրա այդ նամակը և շատերը նույնիսկ չեն էլ արձագանքել: Այսօր Զորի Բալայանի անունը սփյուռքում ոչ մի հետաքրքրություն չի առաջացնում:

Միայն մի բան կարող եմ ասել, որ այն, ինչ ես լսել եմ այդ նամակի շուրջ, ուղղակի վախ է առաջացնում: Եթե Հայաստանի իշխանությունները Զորի Բալայանի միջոցով Ռուսաստանին կոչ են անում Ղարաբաղն ընդունել Ռուսաստանի կազմի մեջ, որ հետո էլ Հայաստանը պոչին դնեն, ուրեմն ապագայում բոլորս ականատես ենք լինելու Հայաստանի կործանմանը: Պետությունը այդպես թուլացնելով, կոռուպցիան չկանխելով, ժողովրդի արտագաղթը խրախուսելով` Հայաստանը անհնար կլինի ինքնուրույն պահել, և ՀՀ իշխանությունները մտածում են` ինչու չէ, եկեք սկսենք Ղարաբաղից:

Ուզում եմ շեշտել, որ Ֆորումը ավելի ակտիվ է պայքարելու այս ամենի դեմ: Մենք հասնելու ենք նրան, որ առանց համայն հայության իմացության ինքնագլուխ քայլեր չկատարվեն ՀՀ իշխանությունների կողմից: Նախագահի ընտրած այդ խաղատնային պարսավելի քաղաքականությանը պետք է վերջ դրվի: 

Թագուհի Հովհաննիսյան

 

 

 

ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՉԵԽ  ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ  ՀԵՏ ԵՀՄՖ-Ի  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ չնայած Չեխիայում ազեր-թուրքական լոբբինգի խիստ ծավալուն դիվանագիտական գործնեությանը՝ սենսացիոն նորություն է ստացվել Չեխիայի սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ: Երկարամյա հայանպաստ գործունեությամբ հայտնի Չեխիայի պառլամենտի անդամ Յառոմիր Շտետինայի հրավերով հոկտեմբերի 17-ին Եվոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը և փոխնախագահ Հարություն Առաքելյանը այցելեցին Չեխիայի պառլամենտ: Նախ սենատորը հյուրերին ծանոթացրեց մեկ այլ հայտնի սենատորի՝  Բռադսկու հետ, որից հետո կազմակերպվեց շրջայց սենատորների ուղեկցությամբ, որի ընթացքում հնարավորություն ստեղծվեց ծանոթանալու պառլամենտի պատմական՝ անտիկ սրահների և ընդհանուր գործունեությանը:

Պաշտոնական ընդունելությանը երկուստեք մտքեր փոխանակվեցին եվրոպահայ համայնքի, և մասնավորապես, չեխական համայնքի հարաբերությունների ակտիվացման կարևորությունը, ու տեղում կայացվեց մոտ ապագայում Հայոց Ցեղասպանության շուրջ չեխական պառլամենտում կոնֆերանս հրավիրելու որոշումը, իսկ հիմնական թեմա ընտրվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների շարք կազմակերպելու գաղափարը:

Աշոտ Գրիգորյանը, ելնելով Սլովակիայի պառլամենտում ցեղասպանության բանաձևի անցկացման իր ունեցած հիանալի փորձից, առաջարկեց հստակ գործունեության ծրագիր՝ մեկ տարվա ընթացքում Չեխիայի սենատում համանման բանաձև ներկայացնելու և դրական արդյունք ունենալու շուրջ: Առաջարկը արժանացավ չեխ սենատորների ջերմ հավանությանը և որոշում ընդունվեց եկող շաբաթ սենատի ընտրություններից հետո այն կյանքի կոչել:

Քննարկումների ընթացքում ԵՀՄՖ նախագահը, գոհունակությամբ ընդունելով չեխական սենատորների պատրաստակամությունը նախընտրական թեժ ժամանակահատվածում նմանատիպ ընդունելություն կազմակերպելու համար, հավաստիացրեց, որ ԵՀՄՖ-ն որպես լոբբիստական կազմակերպություն պատրաստ է բոլոր մակարդակներում համագործակցության, և տեղեկացրեց, որ քաղաքական հարաբերություններին զուգահեռ նախանշված են մշակութային միջոցառումների կազմակերպում ևս, որը հնարավորություն կտա առավել սերտացնել հայ և չեխ ժողովուրդների հարաբերությունները: Հանդիպումն անցավ աննախադեպ ջերմ և ընկերական մթնոլորտում: ԵՀՄՖ նախագահն իր տարակուսանքը հայտնեց Չեխիայում չափազանց ակտիվ գործող ադրբեջանական դեսպանության աշխատանքների ֆոնի վրա հայկական դեսպանատան թույլ աշխատանքների շուրջ, որի արդյունքում Չեխիայի սենատում անցյալ տարի փորձ էր կատարվել հաստատելու այսպես կոչված <<Խոջալուի ցեղասպանության>> վերաբերյալ: Հատկապես տարօրինակ է այն, որ Չեխիայի արտգործնախարար պարոն Շվարցենբերգը ունի լուրջ հայանպաստ կողմնորոշում, և ԵՀՄՖ-ի բողոքին ի պատասխան նա անմիջապես հայտարարել էլ, որ Չեխիայի կառավարությունը մերժում է ադրբեջանցիների կողմից կազմակերպած կեղծ և ստահոդ հայտարարություններին բանաձևի տեսք տալը: ԵՀՄՖ-ն հետամուտ է լինելու իր այ սգործնեության դրական արդյունքները ստանալու հարցում:

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

21.10.2013թ.

 

ԵՀՄՖ-ն պատրաստվում է ԱԺ ներկայացնել լուրջ փաստարկներ օֆշորային սկանդալի, Նաիրիտի եւ ՊԵԿ նախագահի իրականացրած թալանների մասին

 

«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը պատրաստվում է լուրջ փաստարկներ ներկայացնել Հայաստանի ԱԺ՝ կապված օֆշորային սկանդալի, Նաիրիտի թալանի, ՊԵԿ նախագահի կողմից կազմակերպված և մնացած նախարարների կողմից բացարձակ անպատժելի մթնոլորտում իրականացվող թալանի մասին»,-այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ օրերս Հովիկ Աբրահամյանը կատարել է ճակատագրական սխալ՝ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ղեկավարությանը հրավիրելով Հայաստան՝ ելույթ ունենալու ԱԺ-ում:

Բանն այն է, որ օրերս Բրյուսելում կայացած Եվրոպայի հայերի 3-րդ համագումարի ժամանակ խիստ սրվել են հարաբերությունները ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի, ՀՅԴ մի քանի անդամների եւ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ղեկավարության միջև: Այդ ֆորումին, որին մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Բակո Սահակյանը, Արամ 1-ին կաթողիկոսը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, Եվրոպայի հայ համայնքի, ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան հյուրեր, ելույթ է ունեցել Հ. Աբրահամյանը և դիտողություններ է արել, քննադատության սլաք ուղղել Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումին՝ հանձինս Աշոտ Գրիգորյանին՝ վերջինիս հասկացնել տալով, որ Հայաստանի խոցելի խնդիրների մասին «չի կարելի բարձրաձայնել Բրյուսելում»:

«Իմ ելույթի առաջին մասը՝ մշակութային ցեղասպանության թեմայով, ավարտին հասցնելուց հետո անցա այսօր հայ ժողովրդի համար ամենակարևոր խնդրին՝ սպիտակ ջարդի գոյությանը, որը մենք անվանում ենք այսօրվա Հայաստանում «կազմակերպված արտագաղթ», եւ մենք մեղադրում ենք ՀՀ իշխանություններին այդ արտագաղթի ոչ թե կասեցման, այլ խրախուսման համար: Այնուհետեւ ես անցա միանգամից այսօրվա իշխանությունների՝ կոռուպցիայի և անարդարության տարածմանը՝ հայտարարելով, որ մի քանի տարի հետո մեկ միլիոնից պակաս բնակչություն ենք ունենալու, կամ կամովի մեր երկիրը հանձնելու ենք թուրք-ադրբեջանական թշնամիներին, կամ էլ մտնելու ենք Ռուսաստանի կազմի մեջ` կորցնելով մեր երկիրը: Ես հարուցեցի առաջին շարքում նստած պարոնների անհանգստությունը, այնուհետեւ բողոքը, եւ այն ավարտվեց նրանով, որ իմ ելույթից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանի կողմից կոշտ արձագանքներ ունեցանք, ով միանգամից վեր կացավ և առանց թույլտվություն խնդրելու` ինձնից հետո մոտեցավ ամբիոնին, բոցաշունչ ճառ արտասանեց, որ Հայաստանում այո՛, կա կոռուպցիա և այլն, բայց այո՛, շատ արդյունավետ դրա դեմ պայքարում են, և կատարեց նա մի ճակատագրական սխալ՝ հայտարարելով, որ հրավիրում է Եվրոպայի Հայկական Միություների Ֆորումի նախագահին և անդամներին ելույթ ունենալու Հայաստանի ԱԺ-ում` այդ բոլոր հարցերը համատեղ քննարկելու և առաջարկություններներ կայացնելու: Աբրահամյանի մտքով չանցավ, որ մենք նրա այդ հռետորաբանական կոչը ընդունել ենք շատ լուրջ, և կարճ ժամանակամիջոցում մենք կներկայացնենք Հայաստանի ԱԺ այն աղմկահարույց գործերը, որի մասին բոլորը գիտեն՝ սկսած օֆշորային սկանդալներից և Նաիրիտի մի քանի հարյուր մլն թալանից և վերջացրած մյուս բոլոր այսօրվա սկանդալներով՝ ՊԵԿ նախագահի կողմից կազմակերպված թալանը ու մնացած նախարարների կողմից բացարձակ անպատժելի մթնոլորտում իրականացվող թալանը, և կտեսնենք՝ ինչ են պատրաստելու այսօր Հայաստանի իշխանությունները, այն նախագահը, որը այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ ինքը խաղատներում չի անցկացնում իր ամառային ժամանակի մեծ մասը:

Այդ դեպքում ոչինչ չի մնում, քան հրաժարական տալ: Մենք եվրոպահայերին ևամբողջ Սփյուռքին կոչ ենք անելու միահամուռ ուժերով պայքարել Հայաստանում իշխանափոխության համար՝ տալով Հայաստանի իշխանություններին շատ լուրջ ուլտիմատում՝ առանց ցնցումների և արյան հանձնել իշխանությունը այն ուժերին, որոնք ի վիճակի են երկիրը դուրս հանել այս վիճակից»:

 

 

«Չէ՞որ դուք էիք փրփուրներդ բերաններիդ հայհոյում Է. Նալբանդյանին, 180 աստիճանով ինչո՞ւ եք շուռ եկել, ձեզ ի՞նչ պատահեց...»

 

«Կիրո Մանոյանի հարցազրույցը, որով նա փորձում է հպանցիկ, բայց եւ այնպես Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումին կպչել, ես ուղղակի կոչ եմ անում հայ դատին քննադատել, բայց ոչ մի ձևով ջուր չլցնել թուրք-ադրբեջանական լոբբինգին և չհամարձակվել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի կողմից կատարվող վերջին 5-10 տարվա գործունեությունը՝ իր ֆանտաստիկ արդյունքներով, քննադատել և ունենալ հայրենասերի կեցվածք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը՝ ըստէության պատասխանելով ՀՅԴ-ական Կիրո Մանոյանի հարցազրույցին, որով, ըստ նրա, փորձ էր արվում քննադատության ենթարկել Եվրոպայի Հայկական Միությունն Ֆորումի աշխատանքն ու ձեռքբերումները:

ԳԱԼԱ-ն արդեն անդրադարձել է Ա. Գրիգորյան-Հ. Աբրահամյան հակասությանը, որը ծագել է Բրյուսելում եվրոպահայերի հերթական ֆորումի ժամանակ, երբ Ա. Գրիգորյանի՝ ՀՀ իշխանությունների կոռուպցիոն գործունեության և սպիտակ ջարդի մասին ահազանգող զեկույցը աժիոտաժ է առաջացրել դահլիճում, և ինչը դուր չի եկել Հ. Աբրահամյանին:

Պարզվում է՝ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահին քննադատության սլաքներ են ուղղում այսօր արդեն դաշնակցականները: Ա. Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հարկ համարեց հիշեցնել ՀՅԴ-ականներին, որ իրենք մինչև անցած տարեվերջ ընդդիմություն էին և հայհոյում էին իշխանություններին, հատկապես ԱԳՆ-ին, իսկ հիմա տեղի է ունեցել համագործակցություն, պաշտոնների բաժանում:

«ՀՅԴ-ն, որ մինչև անցած տարվա դեկտեմբեր ամիսը հզոր քննադատողն էր Ս. Սարգսյանի իշխանությանն ու հատկապես Է. Նալբանդյանի արտաքին քաղաքականությանը, հանկարծ այսօր լրիվ նոր դիմակ հագնելով՝ սկսեց պայքարել նույնիսկ իրենց ասածները կրկնող Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի դեմ, այ սա արդեն շատ զարմացնող է: Իմ ելույթից հետո հարցրեցի նրանց, թե ինչ է պատահել ձեզ՝ 180 աստիճանով ինչու եք շուռ եկել, չէ՞ որ այս, ինչ ասացի, ընդամենը ձեր վերջին հինգ տարվա ասածն էր, չէ՞ որ դուք էիք փրփուրներդ բերաններիդ հայհոյում Է. Նալբանդյանին, ձեզ ինչ պատահեց... բացի բողոքի բացականչություններից ոչ մի բան չպատասխանեցին: Վահան Հովհաննիսյանը ասաց, որ բացարձակ համաձայն է ինձ հետ, բայց ասաց՝ ինչո՞ւ ես դու այդ մասին խոսում Բրյուսելում եվրոպահայերի համագումարում, ես էլ ասացի՝ Վահան, ես էլ չգիտեմ՝ որտեղ պետք է խոսի Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահը, եթե ոչ եվրոպահայերի համագումարում»:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահը հիշեցրեց նաև իրենց և ՀՀ ԱԳՆ-ի միջև առկա հակասությունների մասին, որոնք առաջացել են 2009 թ-ից, երբ օրակարգում հայտնվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Այդ ժամանակ նրանք սկսեցին խստորեն քննադատել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, նրանց հետ հավասար նաև ՀՅԴ-ն:

«Այս գործին շատ ուժեղ համագործակցում և սատարում էր ՀՅԴ-ն, Վ. Հովհաննիսյանը, մենք իրար ուղղակի հերթ չտալով հայհոյում էինք Է. Նալբանդյանի արածները: Այնպես որ, հանկարծ մենք մնում ենք մենակ, պաշտոնների բաժանում է տեղի ունենում, ինչ-ինչ համաձայնեցում ԱԳՆ և ՀՀ նախագահի հետ, այ այդտեղ մենք հրաժարվում ենք ՀՅԴ-ին հասկանալուց: Ցավում եմ, որ ՀՀ ընդդիմության վերջին հզոր ուժը նույնպես վաճառվեց մինչև վերջ, և այդ վաճառքը մե րաչքի առաջ կատարվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Արամ Առաջին կաթողիկոսը շքանշան տվեց Ս. Սարգսյանին իր՝ մինչ այդ կատաղի հայհոյանքներից և քննադատություններից հետո: Դա այնքան ծիծաղ շարժեց, այնքան թափանցիկ է, այնքան հասկանալի է...»:

 

Քրիստինա Մկրտչյան

 

 

 

Չեխիայի հայկական համայնքի ԵՀՄՖ-ի ներկայացուցիչները սկսում են Ցեղասպանության բանաձևի ընդունման լոբբիստական աշխատանքները

 

Եվրոպայի Հայկական Միություների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է նաև, որ ԵՀՄՖ նախագահության անդամները՝ գլխավորությամբ դոկ. Աշոտ Գրիգորյանի, հոկտեմբերի 13-17 հերթական շրջագայության էին մեկնել եվրոպահայ համայնքներում հայկական միությունների և Եվրոպայով մեկ սփռված մեր հայրենակիցների խմբերի հետ հանդիպման նպատակով:

 

Գոհացուցիչ և ոգևորող էին հանդիպումները Բելգիայի (Բրյուսել, Անտվերպեն, Օստեն) և Գերմանիայի (Ֆրանկֆուրտ) հայ համայնքի հետ, որտեղ տեսաերիզներով ներկայացվեցին կատարված աշխատանքները և քննարկումներ ծավալվեցին հետագա ծրագրերը ու ԵՀՄՖ մասնակցությունը կամ աջակցությունը դրանց իրականացմանն ուղղված:  

 

ԵՀՄՖ վերջին հանդիպումները տեղի ունեցան Չեխիայի (Պրահա, Լիբերեց, Բռնո) հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ցավոք ի տարբերություն նախորդների՝ չեխական հանդիպումները հանրագումարի բերելով պարզվեց, որ չնայած բազմաթիվ հայ մտավորականների և գործարարների առկայությանը՝ կազմակերպված և գրանցված չեխահայ համայնք գոյություն չունի, իսկ դեսպանատունն էլ վերածվել է <<ընտանեկան կապալի>> և անտեսելով չեխահայ համայնքի ողջ պոտենցիալը՝ իր շուրջը հավաքել է փոքրաթիվ խմբակ, որին էլ հարկ եղած դեպքում ներկայացնում է որպես չեխահայ համայնք: Չեխահայ համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի Հանրապետության պետական միջոցներով պահվող դեսպանատան գործունեությունը հիմնականում սահմանափակվում է հայաստանյան պետական պաշտոնյաների և նրանց <<կանանց>> չեխական հանգստավայրերը ուղեկցելը կամ Հայաստանից թալանված միջոցները Չեխիայում անշարժ գույք ձեռք բերելու գործերը կարգավորելը:

 

Հաշվի առնելով չեխահայ համայնքի գործունեության ոչ բարվոք վիճակը՝ ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը առաջարկեց Հայոց Ցեղասպանության բանաձևի պատրաստման և սենատում լոբբինգը կազմակերպելու համար կոնկրետ քայլեր ու հավաստիացրեց, որ ԵՀՄՖ-ն շարունակելու և զարգացնելու է հարաբերությունները չեխահայ համայնքի հետ, ու արվելու է հնարավորը, որ Չեխիան նույնպես ներառվի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների ցանկում, քանի որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել չեխական պառլամենտի հայանպաստ գործունեություն ծավալած սենատորների հետ՝ առավել սերտացնել քաղաքական հարաբերությունները հայ համայնքի հետ: Որպես քաղաքական գործունեության հստակ քայլ՝ պարոն Գրիգորյանը առաջարկեց չեխահայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ունենալ մոտ օրերս տեղի ունեցող չեխական պառլամենտական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին և բուն ընտրություններին:

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

22.10.2013թ.

 

 

ՀԱՄԱՁԱՅՆ  ԵՀՄՖ  ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ՝  ԵՀՄՖ  ՆԱԽԱԳԱՀ   ԴՈԿ. ԱՇՈՏ  ԳՐԻԳՈՐՅԱՆԻ  ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ  ԵՀՄՖ  ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ 

ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 1 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքները համակարգող ԵՀՄՖ-ի նախագահի խորհրդական Արշալույս Ճգնավորյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնել ևս 5 տարով: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 2 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն ԵՀՄՖ փոխնախագահ Հարություն Առաքելյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնել ևս 5 տարով: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 3 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Բելգիայի պատվիրակ Լևոն Մուրադյանին նշանակել ԵՀՄՖ-ի փոխնախագահ՝ երիտասարդական կազմակերպությունների հետ աշխատանքների, մշակույթի, լեզվի ու սպորտի ոլորտները համակարգելու հարցերով: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 4 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Արամ Հարությունյանին նշանակել ԵՀՄՖ-ի ներկայացուցիչ Հայաստանում: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 5 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Ալբերտ Մնացականյանին նշանակել Իսպանիայում ԵՀՄՖ-ի պատվիրակ: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 6- ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Սիլվա Գուլուզեանին նշանակել Շվեդիայի ԵՀՄՖ-ի պատվիրակ: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 7 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Հովհաննես Մարկարյանին նշանակել Ֆրանսիայում ԵՀՄՖ-ի պատվիրակ: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 8 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Տիգրան Վարդիկյանին նշանակել Լեհաստանում ԵՀՄՖ-ի պատվիրակ: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ԵՀՄՖ Նախագահություն

25.10.2013թ.:

 

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՇՈՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ. ԵՀՄՖ ՆԱԽԱԳԱՀ ԴՈԿ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼՈՆԴՈՆՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ ԵՀՄՖ նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը դեպի հայկական սփյուռք իր հերթական հինգօրյա ճանապարհորդությանն է մեկնել Մեծ Բրիտանիա: Հոկտեմբերի 24-ին Լոնդոնում՝ Millennium Baileys հյուրանոցի սրահում, հանդիպում էր կազմակերպվել Մեծ Բրիտանիայի հայկական համայքնի ղեկավարության` Մեծ Բրիտանիայի ծխական համայնքի ատենապետ պարոն Արա Փալամուդյանի, փոխատենապետ պարոն Զորիկ Գասպարյանի և պարոն Վիգեն Հալաջյանի հետ, որտեղ ԵՀՄՖ նախագահը ներկայացրեց սեպտեմբերյան ԵՀՄՖ 15-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական համագումարի գոհացուցիչ արդյունքների մասին:

Հանդիպմանը տեղի ունեցան կոնկրետ պայմանավորվածություններ Հայոց Ցեղասպանության 100- ամյա տարելիցին ընդառաջ գործողությունների կազմակերպման շուրջ: Մեծ Բրիտանիայի ծխական համայնքի ատենապետ պարոն Արա Փալամուդյանը տեղեկացրեց, որ ողջ ծրագիրը կներկայացվի այդ օրը կազմակերպված համայքնի ժողովին, և վստահություն հայտնեց, որ այն հավանության կարժանանա:

Պարոն Գրիգորյանը հատկապես օգնություն խնդրեց մշակութային ցեղասպանության շուրջ համագործակցության հարցում՝ ներկայացնելով և՛ Լոնդոնի Բրիտանական թանգարանի # 54 սրահի անվանափոխության հարցը, և՛ ՅՈՒՆԵՍԿՈԻ դեմ սկսված գործընթացը՝  կապված Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստի հետ: ԵՀՄՖ նախագահը գոհունակությամբ նշեց այն փոքրիկ հաղթանակը, որն ունեցել ենք Բրիտանական թանգարանի հայկական ցուցանմուշներ ցուցադրվող սրահի <<Հնագույն Թուրքիա>> անվանափոխության հետ, նշելով, որ նոր անվանումը՝  <<Անատոլիա, Ուրարտու>>, նույնպես բարելավման կարիք ունի: Կողմերը պայմանավորվեցին մշակութային ցեղասպանության շուրջ գործնեության հարցում լուրջ համագործակցություն ունենալ:

Փոխատենապետ Զորիկ Գասպարյանի հետ ԵՀՄՖ նախագահը պայմանավորվեց համագործակցել նաև Հայաստանի ներքին խնդիրների ու կոնկրետ արտագաղթի կասեցման հարցի շուրջ: Պարոն Գրիգորյանը ներկայացրեց Բրյուսելում՝ Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ իր ունեցած ելույթը, մասնավորապես սպիտակ ջարդի՝ արտագաղթի հետ կապված իշխանություների կողմից վարած քաղաքականության սուր քննադատության վերաբերյալ: Պարոն Գասպարյանը հայտնեց կարծիք, որ հնարավորինս պատրաստ են օգնելու Հայաստանից արտագաղթի կասեցման խնդրի լուծմանը:

Պարոն Գրիգորյանը նաև ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված աշխարհի մի քանի խոշորագույն մայրաքաղաքներում ծրագրվող համերգներից մեկը՝ Լոնդոնում անցկացնելու առաջարկը, որին ջերմ հավանություն տրվեցին համայնքի բոլոր երեք ներկայացուցիչները: ԵՀՄՖ նախագահը հայտնեց, որ այդ համերգին արդեն ցանկություն են հայտնել մասնակցել աշխարհահռչակ հայ երաժիշտներ: Կողմերի կարծիքով համանման խոշոր մշակութային միջոցառման կազմակերպումը կստիպի ողջ աշխարհին կամա թե ակամա մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ԵՀՄՖ-ի իրականացվելիք ծրագրերին:

Հանդիպումն ավարտվեց ԵՀՄՖ-ի հետ գործող կապի առավել ակտիվացման և հանդիպումների հաճախականությունների մեծացման շուրջ պայմանավորվածությամբ:

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

25.10.2013թ.

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՀՄՖ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

 

 ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ օրեր առաջ Բրյուսելում Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/  նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, որտեղ նշեց ՀՀ ահագնացող արտագաղթի տեմպերի արդյունքում ՀՀ անվտանգությանը սպառնացող  և բացարձակ անկառավարելի դարձած գործընթացի մասին, որին արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ պատրաստ է համագործակցության ու լսել ցանկացած քննադատություն, հետևաբար հորդորեց այն ուղղել անձամբ իրեն և ԱԺ: ԵՀՄՖ ղեկավարությունը այդ առթիվ հայտնում է իր գոհունակությունը և ընդունում առաջարկությունը՝ տալով իր առաջին արձագանքը ԱԺ-ում ընթացող կարևորագույն գործընթացներին: 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը, արձանագրելով ՀՀ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը՝ գործազրկության նպաստ վերացնող օրինագիծը, որի արդյունքում ՀՀ կառավարությունը պատրաստվում է հունվարի 1-ից վերացնել ամսական 18 հազար դրամ գործազրկության նպաստը, որակում է այն պառլամենտական մեծամասնության հերթական չգիտակցված և անհասկանալի քայլ, իսկ այդ գործընթացին զուգահեռ պետական պաշտոնյաների աշխատավարձերի կրկնապատկման օրինագծի շրջանառության դնելը՝ որպես ՀՀ քաղաքացու շահերի նկատմամբ արհամարհանքի հերթական դրսևորում ու իրավիճակի անհամարժեք գնահատում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր երկրում կան 70 հազարից ավելի (իսկ իրականում մի քանի անգամ առավել) գրանցված գործազուրկներ, որոնցից 10 հազար հայրենակից ստանում են 18 հազար դրամ նպաստ և նրաց զրկելով եկամուտի միակ աղբյուրից, կխախտվի Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն հռչակված սահմանադրական դրույթը՝ վերածելով երկիրը պետպաշտոնյաների բացարձակ ամենաթողության դրսևորման պետության:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը կոչ է անում ԱԺ ղեկավարին և իր թիմակիցներին սթափվել ու կասեցնել երկու օրենքների ընթացակարգային գործընթացը, հակառակ պարագայում այն մի նոր  "ազդակ" կհաղորդի արդեն գոյություն ունեցող գաղջ մթնոլորտին՝ հետևաբար արտագաղթի ահագնացող տեմպին:

 

ԵՀՄՖ մամլոքարտուղարություն

28.10.2013թ.

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ Նախագահությունից ՀՀ ԱԺ նախագահին է հանձնվել բաց նամակ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

ՀՀ  ԱԺ  ՆԱԽԱԳԱՀ

 ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Աբրահամյան,

Օրեր առաջ Բրյուսելում Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովին ՀՀ վարչակարգի դեմ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի քննադատական ելույթին Դուք արձագանքեցիք, ասելով, որ ճիշտ չէ դրսից քննադատել ՀՀ քաղաքական ղեկավարությանը` առանց մատնանշելու այն երևույթները, որոնք շտկման կարիք ունեն, և որ պատրաստ եք համագործակցության, պատրաստ եք լսել ցանկացած քննադատություն ու առաջարկություն՝ ուղղված ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների վերացմանը:

ԵՀՄՖ  ղեկավարությունը,   գոհունակությամբ ընդունելով համագործակցության առաջարկությունը, հայտնում է իր պատրաստակամությունը բարձրաձայնելու ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրները, և հետագա բաց նամակներում կներկայացվեն տարիների ընթացքում կուտակված լուրջ խնդիրներ, որոնց շուտափույթ լուծումները գտնվում են ՀՀ Ազգային Ժողովի տիրույթում:

Մինչ  Ձեր  կողմից  կազմակերպվելիք ԱԺ լսումները,  ԵՀՄՖ նախագահությունը նպատակահարմար է գտնում, որպես օրակարգային հարցեր ներկայացնել կոռուպցիոն փաստերի այն փաթեթները, որոնք վրդովության մեծ ալիք են բարձրացրել ոչ միայն հայաստանցիների, այլև աշխարհասփյուռ հայության շրջանակներում ու մինչ օրս չեն ստացել լուծում և բավարար պատասխան:

ԵՀՄՖ նախագահությունը սպասում է Ձեր կողմից ներկայացված փաստերի շուրջ բավարար պատասխաններ 30 օրվա ընթացքում, որից հետո պատրաստ ենք ընդունելու Ձեր հրավերը` մասնակցելու մեր բարձրացրած հարցերի շուրջ ԱԺ լսումներին:

Եթե Ձեր պատասխանները լինեն անբավարար, ապա ԵՀՄՖ նախագահությունը իրավունք է վերապահում դիմել եվրոպական տարբեր փորձագիտական-մասնագիտական մարմիններին և նրանցից հայցել ճիշտ իրավաբանական գնահատականներ Հայաստանում տեղի ունեցած աղմկահարույց փաստերի առթիվ:

 

Հարգելի՛ պարոն Աբրահամյան,

Հայաստանի տնտեսական զարգացումը խոչընդոտող երևույթների ուսումնասիրությունը ԵՀՄՖ տնտեսական հանձնախմբի կողմից բերեցին այն եզրահանգմանը, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին իրականացրել է ոչ գրագետ քաղաքականություն երկրի տնտեսական վիճակը բարելավելու և բարեփոխելու ուղղությամբ, իսկ ներկա ամոթալի վիճակի գնահատանքը ՀՀ քաղաքացիները տալիս  են լքելով սեփական երկիրը` նախընտրելով օտարության մեջ ոչ արժանապատիվ կեցությունը:

Որպես  նշվածի  ապացույց՝  սույն  նամակով  Ձեզ  ենք  ներկայացնում մեծ աղմուկ հանած և անորոշության մատնված կոռուպցիոն փաստեր, որոնց մեղավորները մինչ օրս շարունակում են պաշտոնավարել:

ԵՀՄՖ-ն ունի ներքոհիշյալ հանցագործությունների փաստերի շուրջ բավարար տվյալներ, որը պատրաստ է Ձեր աշխատանքի ընթացքում ներկայացնելու լրացուցիչ փաստարկների տեսքով: Որպես սկիզբ՝ ներկայացնում ենք այն նյութերը, որոնք արդեն արծարծվել են տարբեր հայտարարությունների մեջ և ներկայացվել ՀՀ պատկան մարմիններին ու լրատվամիջոցներին:

1. Նաիրիտ գործարանում պաշտոնատար անձանց կողմից իրականացրած պետական` ժողովրդական ունեցվածքի թալանչիական գործունեություն: Որպես փաստերի սկզբնաղբյուր՝ ներկայացնում ենք հետաքննող լրագրողների բացահայտած նյութերը, որոնք իրենց էությամբ հայտարարություններ են հանցագործության մասին, սակայն կոծկվել են իրավապահների կողմից:

 

Պաշտոնյաները  փոշիացրել  են  170 մլն  դոլար.  իրավապահները  լռում  են

http://hetq.am/arm/news/24209/pashtonyanery-poshiacrel-en-170-mln-dolar-iravapahnery-lrum-en.html

 

Նոր  սկանդալային  բացահայտում  «Նաիրիտի»  վարկային  պատմությունից

http://hetq.am/arm/investigation/23614/nor-skandalayin-bacahaytum-nairiti-varkayin-patmutyunic.html

 Փողերի  լվացման  փորձը  ձախողվեց. երկու տարբեր  վճիռ  «Նաիրիտի»  գործով

http://hetq.am/arm/news/21552/

 Հարցաքննվում  են  «Նաիրիտի»  աշխատակիցները 

http://168.am/2013/03/14/195176.html

 2. Վարչապետի կողմից օֆշորային ընկերություն հիմնելու և հայաստանցի գործարարի գույքը գրպանելու գործունեություն:

Որպես փաստերի սկզբնաղբյուր ներկայացնում ենք հետաքննող լրագրողների բացահայտած նյութերը.

 Օֆշորային  լաբիրինթոս` հայկական  սցենարով

http://hetq.am/arm/news/27709/ofshorayin-labirintos-haykakan-scenarov.html

Կիպրոսի գլխավոր դատախազը պնդում է,  որ իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելառանց տվյալ անձի թույլտվության

http://168.am/2013/07/01/245295.html

3.Մի խումբ մարդկանց կողմից համաժողովրդական սեփականություն հանդիսացող ընդերքի պաշարների օգտագործում սեփական գրպանները լցնելու համար և այդ մրցավազքում բնապահպանական աղետալի վիճակի սրացում:

Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ առավել մեծ է ազգային անվտանգությանը սպառնացող բնապահպանական ներկայիս վիճակը ՀՀ-ում, որի շնորհիվ ոչ միայն ծաղկում է ստվերային տնտեսությունը և կոռուպցիան, այլև անխնա կերպով ոչնչացվում է բնությունը` գալիք սերունդներին թողնելով բնակության համար անպիտան տարածքներ, իսկ ներկա բնակիչներին մատնելով արհեստածին հիվանդությունների բուժման թանկ ու անմատչելի իրականությանը:

 Հարգելի՛ պարոն Աբրահամյան,

Վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը և տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի ապագան: Չկա բնապահպանության որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի:

Ստորև անդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնք ուղղակի աղետ են դարձել մեր երկրի գլխին և պահանջում են օրենսդրական խստացումներ ՀՀ ԱԺ-ի կողմից:

1.Օդի աղտոտում (Երեւան, Ալավերդի, Քաջարան, Մեղրի, Ախթալա ...)

Պատճառներ՝ կանաչ տարածքների վերացում, ՀՀ ներկրվող վառելիքի թունավորության և դրա հետևանք հանդիսացող մեքենաների արտանետումների հանդեպ ձևական վերահսկողություն, գյուղատնտեսության համար ներկրվող պարարտանյութերի ու թունաքիմիկատների բաշխման անհամակարգված վերահսկողություն և այլն:

2. Անտառահատումներ

Ներկայումս երկրի ընդամենը 7%-ն է ծածկված անտառներով, մինչդեռ 1990-ականների  սկզբին  այս ցուցանիշը մոտ էր 30%-ին: Չնայած Հայաստանը Կովկասյան տարածաշրջանի ընդամենը 6,3% է կազմում` տարածաշրջանի կենսաբազմազանության 60% կենտրոնացված է այստեղ:
Անտառահատումների համատեքստում հարկ է ահազանգել նաև Թեղուտի անտառի գլխին կախված  վտանգի և հանքարդյունաբերական ծրագրի մասին:

3. Փոքր ՀԷԿ-երի կառուցում բոլոր հնարավոր և անհնար վայրերում` բնության հաշվին

Այժմ մեր երկրում կառուցվում է  մոտ 70 փոքր ՀԷԿ: Միայն Մեղրի գետի վրա կառուցվում է 9 ՀԷԿ , երկուսն արդեն գործում են, երրորդի կառուցումը շուտով կավարտվի: Դրանք իրարից 3-4 կմ հեռավորության վրա են գտնվում, և արդեն հիմա գետի գրեթե ամբողջ ջրերը վերցված են խողովակաշարի մեջ: Երբ 9 ՀԷԿ-ն էլ գործեն, այդ ամբողջ տարածքը ենթարկվելու է անապատացման:

Հայաստանում վերջին տարիներին մասնավոր ընկերությունների տրամադրվել է մի քանի  տասնյակ  փոքր  ՀԷԿ-երի կառուցման թույլտվություններ` չունենալով և չկիրառելով դրանց էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական վնասակար ազդեցութունը գնահատելու մեթոդաբանություն: Այս գործընթացն իրականացվում է ակնհայտ կոռուպցիոն հանգամանքների ուղեկցությամբ և շահարկվում է վերականգնվող էներգետիկ ռազմավարության գաղափարը, ինչն ինքնին կարևոր է, սակայն համայնքներին ու շրջակա միջավայրին  պատճառվում է տնտեսական  և  բնապահպանական  վնաս, իսկ մի շարք «բիզնեսմեն» պաշտոնյաներ շահում են:

Ուրախությամբ ցանկանում ենք հիշատակել  ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Փամբակ գետի ձախակողմյան վտակ հանդիսացող Չիչխան գետի վրա գտնվող Թռչկանի ջրվեժը, որի փրկության համար մղվող  բնապահպանական քաղաքացիական պայքար-շարժումը  պսակվեց հաղթանակով:

4. Սևանա լիճ (լճի աղտոտում, ձկնային պաշարների գրեթե իսպառ ոչնչացում, կենսաբազմազանության խաթարում ...)

Սևանը բարձրաստիճան չինովնիկների կողմից դիտվում է միայն որպես եկամտի աղբյուր: Իսկ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը՝ այլևս անիմաստ է ասելը, թե ինչ վնասներ, ավելի ճիշտ՝ վերջնական կործանում կբերի Սևանին: Ու չնայած հասարակական ահազանգերին, արդեն հանքաքարի մանրացնող-տեսակավորող սարքավորման կառուցման աշխատանքներն ընթանում են հենց Սևանա լճի ջրահավաք ավազանում: Հետևաբար, ինչպես Սոթք համայնքի տարածքը, այնպես էլ Սևանա լիճը, որտեղ թափվում է Սոթք գետը, ծանր մետաղներով աղտոտվելու բարձր ռիսկերի առաջ է կանգնած:

Հայտնաբերված հիմնական աղտոտիչ էլեմենտները՝ քրոմը, նիկելը, կապարը, պղինձը և ցինկը,  տարրեր են, որոնք ունեն մուտագեն ու օնկոգեն ազդեցություն, այսինքն՝ ունակ են առաջացնել հրեշածնություն և չարորակ հիվանդություններ: Հիշեցնենք, որ Սոթք գյուղում  վերջերս ծնվեց երկգլխանի հորթ: Նման հրեշածնությունների առաջացումը կարող է կապված լինել հենց տարածքների աղտոտվածության հետ, որտեղ տեղի բնակիչներն արածեցնում են իրենց  ընտանի կենդանիներին: Ջուրը լվանում է այդ տարրերը և տարածում ավելի հեռու: Վերջնական արդյունքում դրանք հասնում են Սևանա լիճ:

Ջերմուկ քաղաքին հարակից, Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործելու նախագիծը ևս արժանացել է ՀՀ կառավարության դրական փորձաքննական եզրակացությանը ու դա այն դեպքում, երբ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տվյալ նախագծին տվել է բացասական եզրակացություն, բազմաթիվ այլ մասնագետներ արտահայտել են մտահոգություններ նախագծի աղետաբերության կապակցությամբ, սակայն դա որևէ կերպ ազդեցություն չի ունեցել աղետալի գործընթացը շարունակելու համար:

ՀՀ կառավարության կողմից դրական եզրակացություն է տրվել նաև նատրիումի ցիանիդով ոսկու կորզման լվացման ծրագրին, որը իրականացվելու է Որոտան գետի ափին` Սպանդարյանի ջրամբարից 1,2 կմ հեռավորության վրա: Փաստորեն Սևանի ջրահավաք ավազանում թույլատրվում է շահագործել ոսկու վերամշակման ձեռնարկություն` ինչն ուղղակիորեն և անվերապահ կարգով արգելված է «Սևանա լճի մասին» օրենքով:

5.Հանքարդյունաբերություն (Սոթք, Հրազդան, Աբովյան, Հանքավան, Թեղուտ, Ամուլսար, Քաջարան...)

 

Թեղուտի խնդրի հակիրճ նկարագրություն

Թեղուտը Լոռվա մարզում է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված էկոհամակարգերից մեկն է, 2001թ.-ին Հայաստանի կառավարության օրինական որոշմամբ  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ստացավ Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքը 25 տարով շահագործելու թույլտվություն: Սա մի ընկերություն է, որի բաժնետերերից մեկը (19.3%) Ռուսաստանի քաղաքացի է, իսկ 80.7% բաժնեմասի տերը գաղտնի է պահվում և գրանցված է օֆշորային գոտում (Լիխտեյնշտեյն): Այս պահին ընկերությունը հատում է Թեղուտի անտառը և պայթեցումներ անում՝ հանքի շահագործման համար:

Հանքարդյունաբերական ծրագրով նախատեսվում է հատել 357 հա անտառ, այլ կերպ ասած` մոտ 650 հատ ֆուտբոլի դաշտ: Այս պահին հատվել է 75 հա անտառ:

Ծրագրի վերջնական իրականացման դեպքում կվերանա 200  բուսատեսակ,  կաթնասունների 55,  թռչունների 86,    սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակ: Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են ու գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26  կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Երբ անտառն ամբողջությամբ հատվի, տարածքը կջրազրկվի և կվերածվի անապատի:

Հանքարդյունաբերական թափոնը ծրագրով նախատեսվում է կուտակել Դուքանաձորում: Առաջանալու է 500 մլն հեղուկ թունավոր թափոն և 600 մլն կարծր այլտեսակի վտնագավոր թափոններ: Մեծ է նաև հսկայական թափոնի ամբարի փլուզման հավանականությունը, որի հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածությունը կտարածվի ողջ տարածաշրջանով:

Համաշխարհային փորձից հայտնի է, որ այդ հեղուկ թափոնը խառնվում է ստորգետնյա ջրերին, տարածվում փոշու միջոցով և արտահոսքերի պատճառով աղտոտում գետերն ու հողը: Ծանր մետաղները ներթափանցելով հողի, ջրի մեջ` այնուհետև մարդու օրգանիզմ, երկարատև ազդեցությամբ առաջացնում են քաղցկեղ, գենային մուտացիա,   սիրտ-անոթային և շնչառական հիվանդություններ: Վտանգավոր թափոնների կուտակման համար ընկերությունը պետությանը վճարելու է 0 ՀՀ դրամ:

Ընկերությունը կառավարության հանցավոր որոշմամբ  մարդկանցից “գերակա շահի” պատրվակով ստիպողաբար գնեց նրանց հողը` վճարելով 38 ՀՀ դրամով 1քմ հողի համար: Այդ տարածքում բնակվում են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները` ընդհանուր առմամբ շուրջ 3600 մարդ:

 

Տնտեսական օգուտ

 

Անկախ փորձագետների ուսումնասիրություններն ապացուցում են, որ  Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրից ստացված եկամուտներից միայն 20 % է հարկերի միջոցով անցնելու պետբյուջե,  իսկ ազգային հարստության 80 % հոսելու է անհայտ մասնավորի գրպանը:

Թեղուտի էկոհամակարգին հասցվելիք տնտեսական վնասի հաշվարկը կեղծված է: Անկախ փորձագետների ուսումնասիրություններն ապացուցում են, որ պետության համար տնտեսական առումով հասցվելիք վնասը շատ ավելի մեծ է, քան հանքարդյունաբերական ծրագրից ստացված տնտեսական օգուտը:  Այս փաստը թաքցնելու համար կեղծվել, կոծկվել, թերի և սխալներով են ներկայացվել բազմաթիվ փաստեր ու տվյալներ:

Հանքարդյունաբերական գաղութների վերածված պետությունների փորձից հայտնի է, որ այդ երկրները չեն ունեցել տնտեսական աճ, բնակչությունն ավելի լավ չի ապրել, հարստությունը լցվել է կոռումպացված պաշտոնյաների և մասնավոր բիզնեսի գրպանը: Երկրները վերածվել են զարգացած պետությունների հանքահումքային կցորդների, որոնց բնակչությունը մնացել է կոտրած տաշտակի առջև` կորցնելով թե՛ բնական ռեսուրսները, թե՛ շրջակա առողջ միջավայրը:

Ներկայումս բնապահպանական ոլորտում ինչ որ կատարվում է Հայաստանում ոչ թե երկրի ունեցվածքի արդյունավետ օգտագործում է, այլ երկրի ունեցվածքի թալան և արտագաղթի խթանման միջոց:

6.Պոչամբարներ՝ կանխատեսելի աղետներ Ախթալա, Ճոճկան, Արծվանիկ, Թեղուտ

 

Քանի որ պոչամբարը բնապահպանական կառույց է, որտեղ հավաքվում են  հանքարդյունաբերության ջրերը, հետևաբար դրանք տեղադրվում են գետերի մոտ  ու անարգել ներթափանցում ստորջրյա  և վերգետնյա ջրերի հոսքի մեջ:

Մասնավորապես Ախթալայում դա վերածվել է բնապահպանական աղետի:

Ախթալայում՝ եկեղեցու մոտ գտնվող պոչամբարի թունավոր ջրերը անընդհատ ուղղակիորեն լցվում են Ախթալա գետը, որն էլ հոսում է Դեբեդ, իսկ դա հակաբնական և հակաբանական գործունեություն է:

ՀՀ կառավարության և  ՀՀ  Ազգային Ժողովի տիրույթում է գտնվում այն խայտառակ փաստի պատասխանատուներին պատժելը, որը արձանագրել են բնապահպանական հասարակական խմբերը.

-բացահայտումից ակնհայտ է, որ  ՀՀ վերահսկիչ  պալատի 2012 թվականի ընթացիկ  հաշվետվության  համաձայն,  ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող  թափոնների մասին  տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կա՛մ որպես ոչ վտանգավոր, կա՛մ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում, թափոններ արտադրող  ընկերությունների  կողմից  դրանց  դիմաց որևէ բնապահպանական վճար չի արվել:

 

Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 % վտանգավոր թափոնների անձնագրեր չեն կազմել: Դրանք օֆշորային ընկերություններ են, որոնք անխնա թալանում են մեր բնական պաշարները:

  

Հարգելի՛ պարոն Հովիկ Աբրահամյան, 

Վերը նշվածից հետևում է, որ խիստ անհրաժեշտ է Վերահսկիչ պալատի գործունեության հանդեպ իրականացնել վերահսկողություն, որպեսզի կասեցվի ժողովրդական ունեցվածքի թալանը, թալանված գումարները օֆշորներից վերադարձվի պետբյուջե, իսկ մեղավորներն էլ ստանան արժանին:

 

Կանխավ շնորհակալությամբ և հետագա համագործակցության պատրաստակամության ակնկալիքով`

 

Եվրոպայի Հայկական Միությունների

Ֆորումի նախագահություն

31.10.2013թ.

 

ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԻ ՖՈՐՈՒՄԻՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ԼՐԱՑՈՒՄ. ՀԱՐՑԱՇԱՐ ԹԻՎ 1

 

 Հարգելի՛ պարոն Աբրահամյան,

Ի լրացում հոկտեմբերի 31-ին Ձեզ հանձնված բաց նամակի՝ ցանկանում ենք առավել մանրամասնել ներկայացված խնդիրները, և հարցաշարի միջոցով օգնել Ձեզ, որպեսզի հասցեատերերին ուղղված Ձեր հարցերը լինեն անխոցելի, քանի որ սահմանադրորեն ԱԺ իրավասությունների տիրույթում է գտնվում ազգային կարևորագույն հարցերի բարձրացումը ու դրանց լուծման վերահսկողությունը: Նաև ցանկանում ենք նշել, որ ստորև ներկայացված հարցերի պատասխանները մենք ունենք, սակայն, հարգելով անմեղության կանխավարկածի օրենսդրական դրույթը, զերծ ենք մնում այս պահին մեղադրանքներից և ցանկանում ենք լսել այն բարձրագույն պաշտոնյաների պատասխանները, որոնց անունները նշված են կոռուպցիոն անհերքելի փաստերի մեջ:

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

1. Ո՞ր իրավունքով է ՀՀ կառավարությունը „Նաիրիտ“ գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնեթղթերի 90%-ը նվիրաբերել քիմիայի ոլորտում ղեկավարման փորձառություն և պատմություն չունեցող ու ընդամենը 25000 ֆունտստերլինգ ունեցող օֆշորային “Rhinoville Property Limited“ ընկերությանը, որն էլ, ունենալով ՀՀ կառավարության պետական երաշխիքը, գրավադրելով նշված բաժնեթղթերը, 70 միլիոն դոլար վարկ է վերցրել „Միջպետական բանկից“, նույն գումարի 39 միլիոնով գնել „Նաիրիտ“ գործարանը, իսկ մնացած 31 միլիոն դոլարը գրպանել: Ինչպե՞ս կարելի էր ժողովրդի ունեցվածքը`բաժնեթղթերը, կառավարական մակարդակով նվիրել անհայտ սուբյեկտին, որ նա գրավադրի ժողովրդի սեփականություն հանդիսացող գույքը՝ դրա դիմաց ստանալով վարկ, գումարի մի մասով գնի ժողովրդի ունեցվածքը, իսկ մնացած մասն էլ ,,անհայտացնի,,:

 

 2. Ո՞ր իրավունքով է, որ մինչ օրս չի հրապարակվում կառավարության հետ պայմանագիր կնքած „Rhinoville Property Limited“ օֆշորային ընկերության սեփականատերերի անունները:

 

3. Եթե ինչ որ „խորհրդավոր“ օֆշորային ընկերություն կարողացավ  „Նաիրիտ“  գործարանի համար ստանալ 70 միլիոն վարկ, ապա ինչո՞ւ նույնը չարեց ՀՀ կառավարությունը, մանավանդ պետական երաշխիքներ էր տվել այդ օֆշորային ընկերությանը:

 

4. Ինչպե՞ս է ստացվում, որ նույն գործարքի ռուսական կողմի մասնակիցները „Rhinoville Property Limited“ օֆշորային ընկերությանը „վարկ“ տրամադրելու համար գտնվում են բանտերում, բռնագրավված է նրանց գույքը, իսկ հայաստանյան կողմի անմիջական մասնակիցները դեռ շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

 

5. Արդյո՞ք որևէ քննչական խումբ հետաքննել է այն փաստը, որ կաուչուկը արտահանվում էր դեպի ԱՊՀ երկրներ 2500 դոլար արժեքով, իսկ “միջնորդ” ֆիրմաները այն սպառողին էին մատակարարում մինչև 8000 դոլար արժեքով` ստանալով գերշահույթ:

 

6. Արդյո՞ք որևէ քննչական խումբ տեղյակ է, որ “Նաիրիտում” պայթյունի հետևանքով զոհերի հիմնական պատճառ նշվեց 150.000 դոլար ֆինանսական միջոցների բացակայությունը, բայց պայթյունից օրեր առաջ “Նաիրիտի” հաշվից 30 միլիոն դոլար է փոխանցվել տարբեր ֆիրմաների և անհատների, իսկ պայթյունի իրական պատասխանատուն մնաց անպատիժ ցայսօր:

 

7. Արդյո՞ք որևէ քննչական խումբ տեղյակ է, որ ՀՀ Ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտված միջանկյալ ակտում արձանագրված բազմամիլիարդ դրամի կողոպուտի հետ կապված հանցագործությունները կոծկվել են և չեն ուղարկվել իրավապահ մարմիններին:

 

8. Ինչպե՞ս է ստացվում, որ պետական սեփականություն հանդիսացող գույքը նվեր ստացած օֆշորային ընկերությունը հարյուրավոր միլիոնների խարդախություններ է կատարում՝ գործարանը կանխամտածված հասցնում սննկացման և հանկարծ այդ սնանկ գործարանը  „գնում է“ իրեն ժամանակին գնած ու ներկայումս պարտքերի մեջ թաղված այդ նույն օֆշորային ֆիրմային: Արդյունքում,  երկրում կառավարական մակարդակով իրականացվում է խոշոր քիմիական գործարանի թալան` գործազրկության և աղքատության մատնելով հազարավոր մարդկանց, որի հետևանքով խթանվում է արտագաղթը ու կորցվում է մի եզակի և հսկայական հնարավորություն ՀՀ-ի տնտեսության վերելք ապահովելու հարցում:

 

Հարգելի՛ պարոն ԱԺ նախագահ,

 

Հավանաբար Դուք էլ անձամբ արդեն պատկերացնում եք, թե որքան պետք է մարդ լինի ընչաքաղց ու ագահ, որքան մարդ պետք է ատի Հայ Ազգին, որ թուրքերին ցնծության հասցնող նմանգործելաոճ որդեգրի ՀՀ քաղաքացիների հանդեպ: Հաշվի առնելով Ձեր բրյուսելյան վրդովմունքը՝ դիմում ենք Ձեզ հավատալով, որ կօգտագործեք բոլոր օրինական ճանապարհները Հայ Ազգին վարկաբեկող, ջլատող, աղքատության և սոցիալական աղետի հասցրած մեղավորներին արժանի պատասխանատվության ենթարկելու գործում, հետևաբար Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի կառույցները և հանձնախմբերը պատրաստ են առավելագույնը աջակցել արդարության հաստատաման գործընթացին:

 

ԵՀՄՖ Նախագահություն

05.11.2013թ.

 

ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԻ ՖՈՐՈՒՄԻՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ԼՐԱՑՈՒՄ. ՀԱՐՑԱՇԱՐ ԹԻՎ 2

 

 

Հարգելի՛ պարոն Հովիկ Աբրահամյան,

 

Համաձայն Ձեր կողմից երկրի խնդիրներին առնչվող հարցերի լուծման շուրջ համագործակցության առաջարկի և Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության պատրաստակամության՝ շարունակում ենք ներկայացնել աղմկահարույց հանցագործությունների մասին պառլամենտական լսումներին առաջարկվող օրակարգային հարցերը, և դրանց առավել արդյունավետ լուսաբանման համար ներկայացնում ենք հաջորդ հարցաշարը:

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը դիմում է Ձեզ՝ համոզված լինելով, որ անկասկած տեղյակ եք, որ գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իսկ վարչապետն էլ այս առթիվ հանդես եկավ հայտարարությամբ, թե որևէ կապ չունի այդ ընկերության հետ: 

 

 

ՀԱՐՑԱՇԱՐ ԹԻՎ 2

 

1. Ինչպե՞ս կարելի է հանդուրժել երկրի վարկը խաթարող այնպիսի բացահայտ հանցագործությունների անպատիժ թողնելը, երբ փաստերը առկա են, իսկ մեղավորների կոորդինատները հայտնի: Եվ եթե Հայաստանում չեն խոսում արդեն դրա մասին, իսկ Եվրոմիության մայրաքաղաքում ՀՀ կոռուպցիայի շուրջ ահազանգումը համարում եք ոչ կոռեկտ, ապա ինչպե՞ս կորակեք հայ բարձրաստիճան պաշտոնյայի և բարձրագույն հոգևորականի կողմից օֆշորային խարդավանքների ճչացող այս փաստը:

 

 

2. Արդյո՞ք վարչապետի մոտ հիշողության կորուստ է արձանագրվել, երբ հերքում է իր մասնակցությունը այս գործընթացին: Սա այն դեպքում, երբ  Փայլակ Հայրապետյանը որոշել է գրավադրել իր ունեցվածքը և վարկ վերցնել  հենց ՀՀ Կառավարությունում կայացած որոշման համաձայն: Այս ամենին եթե ավելացնենք պետական պաշտոնական հաղորդագրությունները աֆրիկացի գործարարների հետ վարչապետի հանդիպման մասին և տեղեկատվությունները նույն այս գործարքի կապակցությամբ, ապա պատկերը կամբողջանա ու հարցերին պատասխաններ տալը կդառնա խիստ անհրաժեշտ:

 

3. Ի՞նչ եք կարծում հանրությունն ինչպե՞ս ընդունեց վարչապետի այն "միամիտ" հայտարարությունը, որ իբր այս ամենը սուտ է, իսկ երբ ներկայացվեցին փաստաթղթեր, նա նոր առավել տարօրինակ հայտարարություն կատարեց, վախվորած պնդելով, թե ինքն օֆշորում մասնակցություն չունի և առանց իր գիտության են գրանցել իրեն: Չհանգստանալով և առաջ գնալով՝ կատարեց հաջորդ զավեշտական քայլը՝ հայտարարելով, որ օֆշորում գրանցվել նա չէր կարող, քանի որ ինքը Կիպրոսում երբեք չի եղել: Արդյո՞ք սա հանրությանը մոլորեցնող հերթական անհաջող փորձը չէ, քանի որ օֆշորային ընկերություն բացելու համար ոչ ոք երբևիցե չի այցելում օֆշորային գոտի:

 

4. Համաձայն ՀՀ Ֆինանսական գործառույթներ իրականացնելու օրենսդրական դրույթների՝  որևէ քննչական խումբ ստուգել է՞ արդյոք  օրենքի այն պահանջը, ըստ որի Ամերիաբանկը խոշոր գումար երկրից դուրս փոխանցելու դեպքում պետք է ստանար ՀՀ Կենտրոնական բանկի թույլատվությունը:

 

5.Համաձայն ՀՀ Ֆինանսական գործառույթներ իրականացնելու օրենսդրական դրույթների՝  որևէ քննչական խումբ ստուգել է՞ արդյոք  օրենքի այն պահանջը, ըստ որի ՀՀ Կենտրոնական բանկը, ստանալով նմանատիպ տեղեկատվություն, պարտավոր էր շտապ տեղեկացնել Ազգային Անվտանգության Ծառայությանը:

 

6. Այդ խոշոր գումարը պտտվելով օֆշորում և նրա մի մասը հետգալով Ամերիաբանկ, արդյո՞ք անցել է օրենքի պահանջ հանդիսացող նույն պրոցեդուրան՝ ստուգվել ԱԱԾ-ի և Կենտրոնական բանկի կողմից: Եվ այն փաստը, որ գումարը եկել է հետ ու առանց որևէ խնդիրների "հանգրվանել" անհրաժեշտ հաշվեհամարի վրա, արդյոք չի՞ փաստում պարզ ճշմարտություն, որ իրականացվել է կազմակրպված թալան պետական ինստիտուտների մասնակցությամբ: 

 

Եվրոպայի Հայկական Միությունների

Ֆորումի նախագահություն

08.11.2013թ.

 

ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԻ ՖՈՐՈՒՄԻՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ԼՐԱՑՈՒՄ. ՀԱՐՑԱՇԱՐ ԹԻՎ 3

 

Հարգելի՛ պարոն Աբրահամյան,

ԵՀՄՖ Նախագահության կողմից վերջերս Ձեզ ուղարկված Բաց նամակի երրորդ կետում ՀՀ ԱԺ-ի ուշադրությունն էինք հրավիրում Հայաստանի ներկայիս բնապահպանական խնդիրների վրա, քանի որ վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը և դրա հետևանքով տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի ապագան: Չկա բնապահպանության որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի:

Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ ազգային անվտանգությանը սպառնացող բնապահպանական իրավիճակ է ՀՀ-ում, որի շնորհիվ ոչ միայն ծաղկում է ստվերային տնտեսությունը և կոռուպցիան, այլև անխնա կերպով ոչնչացվում է բնությունը` գալիք սերունդներին թողնելով բնակության համար անպիտան տարածքներ, իսկ ՀՀ քաղաքացիներին մատնելով արհեստածին հիվանդությունների առաջացման ու դրանց թանկ բուժման անմատչելիության խնդիրների առջև:

Այդ առթիվ, որպես լրացում ԵՀՄՖ Նախագահության Բաց Նամակի, Ձեզ ենք ներկայացնում ԵՀՄՖ նախագահության կողմից հերթական հարցաշարը՝ որպես օգնություն Ձեր կողմից խոստացված ԱԺ-ում այս թեմայով ևս լսումներ կազմակերպելու համար:

 

ՀԱՐՑԱՇԱՐ ԹԻՎ 3

 

1. Որքա՞ն է շահում Հայաստանի Հանրապետությունը մի խումբ մարդկանց կողմից համաժողովրդական սեփականություն հանդիսացող ընդերքի պաշարների օգտագործումից, երբ սեփական գրպանները լցնելու համար վատնվում է ժողովրդական հարստությունը, և այդ մրցավազքում բնապահպանական աղետալի վիճակի սրացման պայմաններում թալանվում է երկիրը. կա՞ն արդյոք հաշվարկներ, թե ընդերքի արդյունահանումից ո՞ր մասն է մուտք լինում բյուջե, իսկ ո՞ր մասը հանգրվանում օֆշորներում:

2. Արդյո՞ք չեք գտնում, որ երկրի բնապահպանական ներկայիս վիճակը սպառնում է ազգային անվտանգությանը բոլոր մակարդակներում, և վաղուց հասունացել է պահանջ՝ հասարակության համար բաց վերահսկողություն սահմանել հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող նախագծերի ու մրցույթ-տենդերների անցկացման նկատմամբ, ինչպես նաև անտառահատումների, ներկրվող վառելիքի և գյուղատնտեսության համար ներկրվող պարարտանյութերի ու թունաքիմիկատների որակների, ներկրվող սննդի անվնասակարության և պիտանելիության, Սևանա լճի, ջրային պաշարների ու հոսքերի հզորության ձևափոխման, օդի աղտոտվածության, Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների գոյությանը վնասող ծրագրերի նկատմամբ:

3. Արդյո՞ք տեղեկացրել են հայաստանյան բնապահպանության գերատեսչության պատասխանատուները Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզին, որը նաև Վայրի բնության համաշխարհային կազմակերպության` WWF-ի Մեծ Բրիտանիայի գրասենյակի պատվավոր նախագահն է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը մեծացնելու է ՀՀ բնությանը սպառնացող աղետների ծավալը և հակասում է Հայաստանի բնապահպանական օրենսդրությանը: Տեղեկացվեց արդյո՞ք հասարակությանն այն մասին, որ Արքայազն ու իր ընկեր Արմեն Սարգսյանը, որոնք “Լիդիան Ինթերնեշնլ” կազմակերպության միջոցով պատրաստվում են Համաշխարհային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ շահագործել Ամուլսարի ոսկու հանքը, չեն անցել բաց ու թափանցիկ տենդերի կամ մրցության փուլերով, այլ ընտրվել են ըստ ,,բարձրյալի կամոք,,: Եվ վերջապես ՀՀ ԱԺ ե՞րբ է լուրջ վերահսկողություն իրականացնելու իր կողմից ընդունված օրենքների կատարման կամ ոտնահարման հանդեպ: Արդյո՞ք այս քայլով ևս մեկ ծանր բեռ չի ընկնի տարածաշրջանի վրա և վեջնականապես չի վերանա բուսական ու կենդանական աշխարհը:

4.Արդյո՞ք Հայ Ժողովրդի հանդեպ խորը ատելությունից է, որ ներկայիս ՀՀ կառավարությունը սեփական ուժերով չի իրականացնում հայկական ոսկու և այլ թանկարժեք մետաղների արդյունահանումը ու դրանից ստացվող շահույթի մուտքագրումը պետական բյուջե: Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների շահերից է բխում ժողովրդական սեփականություն հանդիսացող հանքերը նվիրաբերել օտարներին, որոնք էլ իրենց հերթին հայաստանյան դրածոների միջոցով ստանում են գերշահույթներ՝ ստեղծելով առողջապահական, սոցիալական, բնապահպանական աղետներ և պարարտ հող բացահայտ կոռուպցիոն դրսևորումների համար:

 

ԵՀՄՖ Նախագահություն

14.11.2013թ.

 


«Քոչարյանը պետք է մաքրվի այն ցեխից, որը թույլ տվեց իր վրա շպրտել»

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ, Սլովակիայում բնակվող Աշոտ Գրիգորյանը:

 

- Պարո՛ն Գրիգորյան, վերջերս Հայաստանում աշխուժացել է հասարակական-քաղաքական կյանքը, տարատեսակ բողոքի ակցիաներ, երթեր են անցկացվում, ունենք նոյեմբերի 5-ի հայտնի իրադարձությունները: Դրսից, օրինակ, ինչպե՞ս է երևում՝ իշխանափոխության հասնելու հեռանկար տեսնու՞մ եք:

- Պետք է ասեմ, որ մենք նայում ենք և՛ դրսի, և՛ ներսի աչքով, որովհետև մենք Հայաստանում ունենք ներկայացուցչություն, մեր սեպտեմբերյան 15-րդ հոբելյանական համագումարի արդյունքում էլ դա հաստատվեց:

Երևանում ունենք շատ լուրջ, ակտիվ խումբ, որը միացել է մեր կոչին․առաջին անգամ ողջ հայ ժողովրդին կոչով ներկայացանք՝ միավորվելու և իշխանափոխության գնալու, քանի որ այս իշխանությունները մեզ տանում են որոշակի քայլերով դեպի կործանում: Այդ կոչի մեջ մենք նույնիսկ հայտարարեցինք, որ համահայկական ազգային ճակատ ենք ստեղծում, անմիջապես հետո մեծ թվով անհատներ Հայաստանից և Սփյուռքից դիմեցին մեզ, որ պատրաստ են համախմբվելու և որոշակի քայլեր անելու: Ինչպես արցախցի հայտնի մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյանը հայտարարեց մեր համագումարի ժամանակ, 20 րոպեում իշխանափոխություն կատարելու պահանջով ենք ներկայանում, այսինքն իշխանափոխությունը չպետք է վերածվի հեղափոխության և չպետք է արյուն թափվի, քանի որ մենք ունենք արտաքին թշնամիներ՝ ի դեմս մեր հարևանների և մենք իրավունք չունենք այդպիսի շռայլություն թույլ տալ:

Արձագանքներ ունեցանք նույնիսկ ազատամարտիկներից, զանգ եկավ Հայաստանի նստացույց անցկացնող ազատամարտիկների կողմից, և մենք խնդրեցինք մեր ներկայացուցիչ՝ նախագահաի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին ամեն ինչ կոորդինացնել և ներկայացնել մեր ծրագիրը:

Բրյուսելի Հայ դատի կոնֆերանսի իմ ելույթի շուրջ բանավեճ ծավալվեց... նաև Հովիկ Աբրահամյանի պատասխան ելույթի հետևանքով: Նա պատասխան ելույթի ժամանակ ինձ հրավիրեց հատուկ ինձ համար կազմակերպված լսումների՝ Ազգային ժողով, որտեղ պետք է խորհրդարանական խմբակցությունների հետ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների մասին խոսեինք: Մենք ընդունեցինք այդ հրավերը, սակայն մինչ լսումներ կազմակեպելը ուղարկեցինք ԱԺ բաց նամակ, որտեղ ներկայացրել էինք երեք կետեր՝ «Նաիրտ»-ի կողոպուտ վարչապետի կողմից, երկրորդ՝ օֆշորային սկանդալային գործարքը և հետո՝ Հայաստանում էկոլոգիական կատաստրոֆիկ պայմանները: 

- Հովիկ Աբրահամյանը համակարգի մաս է, ի՞նչ հույսեր ունեիք այդ նամակն ուղարկելիս: Որ նա վարչապետի դեմ քայլե՞ր կիրականացնի:

- Զրո հավատ․․․մենք ոչ թե դիմել ենք իրեն, որ իրենից լուրջ պատասխան ստանանք, այլ այն, որ դեմագոգիկ հայտարարություն արեց Բրյուսելում՝ թե պարոն Գրիգորյան, ամեն տեղ քննադատում եք, բարի եղեք կոնկրետ փաստեր ներկայացնել, և մենք պատրաստ ենք շատ պաշտոնյաների աշխատանքից հեռացնել: Ես ընդունեցի մարտահրավերը և առաջին պաշտոնյան, որից ուզում ենք ազատվել, դա վարչապետ կոչեցյալն է, այնուհետև կփորձենք հասնել վերին կետը՝ ՀՀ նախագահին հարցաշար կուղղենք, որտեղ կփորձենք պարզել՝ ինչու՞ անպատասխան մնաց Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը: Կոնկրետ մատնանշվեց դեպքը, թե որ խաղատանը կորցրել է աստղաբաշխական թվով գումար, պարոն նախագահը չհերքեց դա: Նա հայտարարեց, թե երբևէ եվրոպական խաղատանը չի եղել, բայց դա բոլորի մոտ ծիծաղ է առաջացնում, որովհետև գոնե եվրոպահայերը գիտեն, թե ինքը տարվա որ օրերին է անցկացնում իր հանգիստը խաղատներում: Չէ՞ որ նրա՝ այդ երկիր ժամանելը մեր եվրոպահայերի օգնությամբ է լինում՝ դիմավորում, հաճախ կնոջ հետ է լինում, կնոջը տեղավորում են համապատասխան հանգստավայրում․․․Ես ոչ մի անուն չեմ ասում, պատասխաններ ստանալուց հետո ճշգրտումներ կմտցնենք:

- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականի փոխարեն վարչապետի հրաժարականն է պահանջում առաջին հերթին, փաստորեն համակարծի՞ք եք :

- Մեր ծրագիրը հետևյալն է․ մենք պատրաստվում ենք ստեղծել և համարյա արդեն կազմել ենք ստվերային կառավարություն, ես ներառել եմ Հայաստանի ամենատաղանդավոր մասնագետներին, որոնք նաև աշխատանքային մեծ փորձ ունեն: Գտնում եմ, որ միայն խիստ արհեստավարժ կառավարությունը կարող է Հայաստանի տնտեսությունը երկու տարում բերել այն մակարդակի, որից հետո զարգացումը կլինի շատ ակնհայտ ու հեշտ, այսինքն ես այն տեսության կողմնակիցն եմ, որ երբ երկրում քաղաքական ճգնաժամ է տեղի ունենում, և բոլոր քաղաքական կուսակցությունները վարկաբեկվում են՝ ինչպես Հայաստանում (Հայստանում այսօր կա կոալիցիային սպասարկող, այսպես կոչված, ընդդիմություն): Այսպիսի իրավիճակում ժողովրդի մասին ոչ ոք չի մտածում, հետևաբար այլ բան պետք է մտածել:

Պտտվել եմ եվրոպական երկրներում, մի քանի օր առաջ վերադարձա Նորվեգիայից՝ հանդիպել եմ այնտեղի հայ համայնքի հետ՝ բոլոր հայկական համայնքների հետ աշխատանքներ եմ տանում, որ գտնեմ 30-45 տարեկան մարդկանց, որոնք պատրաստ են հանուն հայրենիքի երկու տարի բանակ գնալու փոխարեն Հայաստանի կառավարությունում աշխատել որպես նախարար, փոխնախարար, բաժնի վարիչ: Ինչու՞ բանակ գնալու նման, որովհետև այն կադրերը, որոնց ես դիմում եմ՝ նրանց համար Հայաստանում աշխատելը պատիժ է, որովհետև նրանք Եվրոպայում այնպիսի արդյունքի են հասել, որ եթե գնան Հայաստան, իրենց կարիերան կկործանեն: Բայց երկու տարով շատերին համոզել եմ, որ գան իրենց կյանքը նվիրեն Հայաստանին՝ ճիշտ այնպես, ինչպես ես: Այստեղ ես ապրում եմ ըստ պահանջի, նվիրվել այդպիսի ծանր աշխատանքի՝ ինքնազոհություն է:

- Ձեր նշած 20 րոպեանոց իշխանափոխությունից հետո, ու՞մ եք պատկերացնում որպես երկրի նախագահ, գուցե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ում նկատմամբ Ձեր համակրանքը երբեք չեք թաքցրել:

- Ես իմ համակրանքը պահել եմ մինչ այդ պահը, երբ սպասում էի պարոն երկրորդ նախագահից այնպիսի անձնազոհություն, ինչպիսին ես վերջին 10-15 տարում անում եմ իմ հայրենիքի նկատմամբ: Չեմ կարող բնութագրել, թե ինչ նվիրվածությամբ ենք աշխատում մեր հայրենիքի համար: Ես պարոն նախագահից այդպիսի ինքնազոհության ակտ եմ սպասում: Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե ես համաձայն եմ, որ պարոն Քոչարյանը վերադառնա և իր երկրորդ հնգամյա քաղաքականության նման քաղաքականություն վարի՝ սխալվում է: Ես Ռոբերտ Քոչարյանին ինքնամաքրման առաջարկ եմ անում, որպեսզի այն ցեխը որը շպրտվել է իր վրա՝ մաքրվի դրանից և իր իշխանության առաջին հնգամյակի ստացած հաջողությունները տասնապատկի: Հետագայում էլ կարողանանք մեզ հետ միասին ձեռք ձեռքի տված ստեղծենք եվրոպական ժողովրդավարական թափանցիկ աշխատող և իսկապես երկրի բոլոր խնդիրների լուծմանը նվիրված կառավարութուն:

- Ռոբետ Քոչարյանը մշտապես ակնհայտ ռուսամետ քաղաքականություն է վարել: Չե՞ք կարծում, որ եվրոպական արժեքներն իր համար փոքր-ինչ խորթ են:

- Ես գտնում եմ, որ պարոն նախագահն, ունենալով բավականին մեծ տաղանդ (երբ վերլուծում եմ, թե կարճ ժամանակամիջոցում ինչպիսի քայլեր կատարեց՝ նկատի  ունեմ 98 թվականից 2003 թվավանի թռիչքը), եթե մեզ հետ նա համաձայնության գար, ապա պարտադիր կերպով դեպի Եվրոպա կշրջվեր, ինչպես արեց Վարդան Օսկանյանի հետ միասին՝ արտաքին քաղաքականությունն այն ժամանակ կերտելիս: Ես ինքս Ռուսաստանին չեմ մերժում, ես գիտեմ, որ մեր տարածաշրջանում ամենահզոր ուժը, որը գերիշխում է՝ Ռուսաստանն է, ես գիտեմ, որ հայ-ռուսական շահերը, երբ համընկել են՝ մենք շահել ենք, ինչպես վերջին 10 տարիների ընթացքում: Այսինքն, լինելով Ռուսաստանի կողիքն՝ ես ուզում եմ անպատճառ եվրոպական բարձր մակարդակի մենեջմենթը մտցնել Հայաստան և եվրոպացիների հետ լինել բարեկամ, իսկ Ռուսաստանին առաջարկել, որ Հայաստանը դառնա կամուրջ Ռուսաստանից դեպի Եվրոպա ճանապարհին: Ես այսպիսի բան քննարկել եմ Սլովակիայում գտնվող Ռուսաստանի դեսպանի հետ, և բոլորն էլ գտնում են, որ դա հիանալի ճանապարհ է:

- Փաստորեն Դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանի վրա հենց այնպե՞ս է ցեխ շպրտվել:

-Երկրորդ նախագահը բնական է, որ զերծ չի մնացել սխալներից: Ամենամեծ մեղադրանքը, որը նրա հասցեին կարելի է ասել, այն է, որ նրա ժամանակ քրեաօլիգարխիկ համակարգը չվերացավ, այլ շարունակվեց: Շատ ճիշտ կաներ երկրորդ նախագահը, եթե քոքից կտրեր քրեաօլիգարխիկ համակարգը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով էր առաջացել: Նա կա՛մ փորձեր չարեց ազատվելու, կա՛մ էլ անհաջող փորձեր էին դրանք: 

Անկասկած, այն ինչ ստեղծվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի համակարգում, զարգացավ և այսօր հասել է իր հզորությանը և մայրամուտին, այնքան է հզորացել, որ անկում է սպասվում:

Այն, որ ասում եմ «ցեխից մաքրվի», սա է: Մենք առաջարկում ենք, որպեսզի միացյալ ուժերով ազատվենք քրեաօլիգարխիկ համակարգից, ով կմիանա մեզ՝ կմիանա, երկրորդ նախագահը կմիանա՝ կգնանք ձեռք ձեռքի տված:

Գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի , հոկտեմբերի 27-ի համար չեք մեղադրում, բայց հասարակությունը մեղադրում է, չե՞ք կարծում, որ այդ ցեխից նա չի կարողանալու մաքրվել:

- Ես նախընտրում եմ խոսել այն բաների մասին, որում 100 տոկոսով համոզված եմ: Ես հոկտեմբերի 27-ի համար  ոչ միայն 100 տոկոս համոզված չեմ, որ մեր իշխանությունների մատը խառնված է, այլ ուրիշ ինֆորմացիաներ ունեմ, դրա համար հոկտեմբերի 27-ը չեմ էլ ուզում քննարկել և հայտարարում եմ, որ ես կխոսեմ դրանից այն ժամանակ, երբ կունենամ հստակ տեղեկատվություն, թե որ ուժերից էր ծրագրված: Իմ համոզմունքն այն է, որ գործող նախագահին բացարձակ ձեռք չէր տալիս: Դա գործող նախագահին դեմ էր, դա ասում են եվրոպացի վերլուծաբանները: Երկրորդ նախագահի բախտը բերեց, որ նա կարողացավ խելոք քայլերով այդ սադրանքից ազատվել:

Իսկ մարտի 1-ը  տրամադրված եմ մտածել, որ Սերժ Սարգսյանին էր ձեռնտու, նա էր իշխանության գալու, ոչ ոք չի կարող համոզել, որ Սերժ Սարգսյանը գործող և որոշիչ դեր չի ունեցել:

- Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր երկրի նախագահը, կարծում եք նա չի՞ օգնել Սերժ Սարգսյանին:

- Երկրորդ կետը որ նշեցի՝ Ձեր նշած կետն է․ այո, պետք է մաքրվի այն ցեխից, որ նա իր վրա թույլ տվեց շպրտել, նա մեր ազգի գլխին բերեց Սերժ Սարգսյանին և ժողովրդի առաջ պատասխանատու է իր անխոհեմ քայլի համար: Եթե ոչ՝ նրա անունը պատմության մեջ իր արած լավ գործերի հետ մեկտեղ՝ այս բացասական ակտով կմնա:

- Լավ, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, ո՞վ կարող է գալ իշխանության, նախագահի թեկնածու տեսնու՞մ եք , գուցե Վարդան Օսկանյա՞նը:

- Ես ասեմ, որ Հայաստանի իշխանությունը պատկերացնում եմ պարտադիր ոչ միանձնյա, ինձ էլ եթե վաղը դնեք իշխանության գլուխ՝ զերծ չեմ մնալու սխալներից: Ես կարծում եմ՝ նախագահական բուրգը պետք է թուլացնել, Ազգային ժողովի ճիշտ ընտրություններ անել: Պարտադիր պետք է ունենալ փայլուն տաղանդավոր մարդկանցից բաղկացած կառավարություն, և եթե հաջողվի՝ իշխանափոխություն անել: 2 տարում տնտեսությունը կբերենք մինիմում 2008 թվականի մակարդակին և մի բան էլ ավել: Եվ որ ամենակարևորն է՝ հնարավորություն կտանք քաղաքացիական հասարակությանը դառնալ տիրապետող... Զարգացած այդ հասարակությունը կստեղծի նոր Ազգային ժողով, որտեղ կլինեն ոչ թե այն թափթփուկները, որ այսօր են՝ խոսքս մեծամասնության մասին է:

Դրանից հետո կարելի է նոր ընտրություններ հայտարարելով՝ քաղաքական կուսակցությունների հիման վրա ստեղծել կառավարություն: Այդ դեպքում ով կլինի նախագահ՝ կարևոր չէ, ով ուզում է լինի, բայց ոչ այնպես, որ ամբողջ ազգը թագավորի փոխարեն նախագահ ընկալի: Ի՞նչ կարևոր է՝ ով կլինի նախագահ, կարևոր է որ չլինի այնպիսի մեկը, որ ինքնագլուխ որոշում կայացնի, թե Հայաստանը կմիանա այս կամ այն միությանը:

 

 

Այսօր Եվրոպան վայելում է այն, ինչ ցանել է փետրվարին... 

 

Հարցազրույց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ

 

 - Ինչպե՞ս եք գնահատում Վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքն ու դրա արդյունքները

 

- Արդյունքների մասին արժի ավելի ուշ խոսել, իսկ ընդհանուր իրավիճակը շատ հստակ էր` մարտ ամսից խաղալով և՛ ԵՄ-ի, և՛ ՌԴ ղեկավարության հետ, և անհարկի խաղալով, քանի որ, եթե պիտի Մաքսային միությանը միանայինք, ապա ինչո՞ւ ստիպեցին, որ Պուտինն այդքան զենք վաճառի Ադրբեջանին, և հրահրեցին Պուտինի չնախատեսված այցն Ադրբեջան: Եթե Սերժ Սարգսյանին հստակ պարզ էր, որ այս ճանապարհը ճիշտ էր, ապա նա այսպիսի քայլեր չէր անի: Վերլուծությունը ցույց է տալիս, որ նախագահն ինքն էլ չէր հասկանում` ինչ է անում, և միայն սեպտեմբերի 3-ին գլխի ընկավ, որ չի կարող Մաքսային միությունը մերժել, հակառակը` Մաքսային միությունը կարող է իրեն մերժել, և ինքը բոլոր սահմաններից այն կողմ կհայտնվի: Իսկ ԵՄ-ին այս տարի տված ամբողջ խոստումները, որ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու է, փաստորեն, նույնպես բացարձակ խաբեբայություն դուրս եկավ, որն, իհարկե, ըստ արժանվույնս գնահատվեց Եվրամիության ղեկավարության կողմից: Այսինքն, նախապես ասվեց, որ ՀՀ-ն Ասոցացման պայմանագիր ստորագրելու իվիճակի չէ և դրան համապատասխան հետևանքները պետք է կրի, և ոչ թե` նախագահը, այլ` հայ ժողովուրդը: Այսինքն՝ այն, ինչ կարելի էր ազնիվ ճանապարհով անել, նախապես հայտարարել, որ ՄՄ անդամ ենք դառնալու, իսկ Ձեր (ԵՄ-ի) հետ էլ առավելագույն բարեկամության ուղին ենք բռնել, այդ դեպքում 2 կողմից էլ կստանար ազնիվ պատասխաներ: Դրա փոխարեն` նախագահը 2 կողմին էլ խաբեց, ասեց, որ` միայն Ձեր հետ ենք աշխատելու, և բնական է, որ այդ պտուղները պետք է ճաշակենք:

 

- Իրերի նման դրության դեպքում անձամբ ՍՍարգսյանի մասնակցությունը Վիլնյուսյան գագաթաժողովին ինչպե՞ս եք գնահատում:

 

- Սարգսյանը գոնե պիտի փորձեր, անկասկած, մեղմել սպասվող հարվածները, սակայն Սերժ Սարգսյանն իր իմիջը բոլորովին կորցրել է Եվրոպայում: Այսօր ունենք խաթարված հարաբերություններ: Եվրոպան փետրվարին աջակցեց Սերժ Սարգսյանին, ով ահավոր ապերախտ գտնվեց այդ օգնության նկատմամբ, և այսօր Եվրոպան վայելում է այն, ինչ ցանել էր փետրվարին, իսկ Սերժ Սարգսյանը վայելում է իր փառավոր անկումը, իսկ այդ ամենի համար մեր ժողովուրդն է պատասխան տալիս:

 

- Ս. Սարգսյանն իր ելույթի ժամանակ նշել է, որ Եվրոպայի աջակցությամբ իրականացված բարեփոխումների արդյունքում դրական կերպով անցան նախորդ 3 ընտրական գործընթացները ՀՀ-ում, եվրոպական աջակցությամբ բարեփոխումները շարունակվելու են, և շարունակվելու է եվրոպական մոդելով ՀՀ կառուցումը: Ինչպե՞ս կգնահատեք սա:

 

- Եվրոպան ճակատագրական սխալ արեց, երբ Ս. Սարգսյանի կողմից բառացիորեն կեղծված ընտրությունները հալած յուղի տեղ ընդունեց: Եվրոպան դեռ պատասխան է տալու դրա համար: Եվրոպայի դեմքին կա այդ խարանը, որ նա չկարողացավ ըստ արժանվույն գնահատել այն կեղծիքները, որ տեղի ունեցան և՛ փետրվարի ընտրությունների ժամանակ, և՛ հատկապես դրան նախորդող ժամանակաշրջանում: Երբ Ս. Սարգսյանն իր լուրջ մրցակիցներին մեկ-մեկ վախեցնելով, սադրանքներով` դուրս թողեց ընտրություններից: Այսինքն՝ այն, ինչ կատարվեց Եվրոպայի կողմից, և՛ Եվրոպայի շահերին էր դեմ, և՛ ժողովրդավարության, և՛ հատկապես հայ ժողովրդի շահերին էր դեմ: Եվ մի՞ թե Եվրոպան հանկարծ կշարունակի սատարել այսպիսի կեղծ խաղաքարտերով խաղացողին, որի գործելաոճը խաղատնային է, այդ նույն ոճը տեղափոխել է քաղաքականություն, որը ես կոչում եմ ոչ թե ֆուտբոլային, այլ` խաղատնային քաղաքականություն: Ահա դրա արդյունքում էլ նա փորձում է շարունակել խաբել Եվրոպային: Ո՞ր 3 ընտրություններն են եղել թափանցիկ` ի՞ր, նախորդ խորհրդարանակա՞նը, թե՞ Մարտի 1-ը, այսինքն՝ 2008թ. փետրվարի 18-ը: Այդ բոլորն էլ խեղկատակային են, և դա քննարկելն անիմաստ է: Ու եթե այդ 3 ընտրությունները նա համարում է Եվրոպայի կողմից հաստատված, դա մեծ հայհոյանք է Եվրոպայի հասցեին: Իսկ դրանից հետո թե ինչ կարող է սպասել Եվրոպայից, մենք դա տեսնում ենք, ինքը երևի չի տեսնում: Դրանից հետո Եվրոպայից կարելի է սպասել այն վերաբերմունքը, ինչը որ առկա է վերջին մի քանի ամիսներին: 

 

- Ս. Սարգսյանն իր ելույթում նաև նշել է, որ ակնկալում է ԵՄ-ի աջակցությունը Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի շրջափակման վերացման գործում: Սակայն մենք գիտենք, որ Թուրքիայի հետ կապված սահմանի հարցը նախքան ՀՀ-ԵՄ հարաբերությունների այս վատթարացումն էլ չկար: Հիմա ինչո՞ւ պետք է Եվրոպան օգնի այդ հարցում:

 

- Եվրոպան չէր պատրաստվում այն ժամանակ սահմանի բացմանն ինչ-որ առանձնահատուկ օգնություն ցույց տալ, բացի հռետորաբանությունից: Այդ հարցը չափազանց հետաքրքրում էր ԱՄՆ-ին, ոչ թե Եվրոպային: Այդ հարցի այլ կերպ լուծումը շատ հետաքրքրում էր նաև Ռուսաստանին և սփյուռքին: Այսինքն՝ սփյուռքը համակարծիք է, որ չի կարելի նախապայմաններով սահմաններ բացել, սփյուռքի մեծ մասը նաև այն կարծիքին է, որ սահմաններն այսօր բացելը ժամանակավրեպ է, քանի որ Թուրքիան այն օգտագործում է զուտ իր շահերի համար, և, եթե նույնիսկ բացի սահմանը, ՀՀ-ի համար ավելի վտանգավոր վիճակ է ստեղծվում, որ ցանկացած պահի կարող է կրկին փակել և այնպիսի պահի փակել, որը Հայաստանի համար կարող է լինել ճակատագրական: Այնպես որ, ինքնանպատակ սահմանի բացում պահանջելը նույնիսկ սխալ, հանցագործ քաղաքականություն է և շատ անլուրջ է: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների միջոցով սահմանը բացելուն, ապա դա հանցագործություն է ազգի և ազգի պատմության նկատմամբ, որովհետև ընդունել այսօրվա սահմանները` նախագահին ոչ մեկն իրավունք չի տվել: Դա հայ ժողովրդի իրավունքն է, և հայ ժողովուրդը դրան բացարձակապես դեմ է, և խոսել Ցեղասպանության վերանայման մասին, կամ պատմաբանների համատեղ աշխատանքի մասին, դա նույնպես նախագահին ոչ մեկը թույլ չի տվել: Թող փորձի դա անել, և կարժանանա այնպիսի պատասխանի, ինչպիսի ընդունելության արժանացավ 2009-ին Փարիզում: Տասնյակ այդպիսի ընդունելությունների նա կարժանանա Հայաստանում, ոչ միայն սփյուռքում: Այսինքն՝ արձանագրությունների շրջանակներում սահմանի բացումը բացառում ենք, իսկ սահմանը բացել, միայն Թուրքիայի խաղերից ելնելով, դա անլրջություն և անխոհեմություն կլինի: Բայց գտնում եմ, որ Թուրքիան սահմանը լիիրավ բացողը չէ, Թուրքիան կարող է ընդամենը պատրանքներ ստեղծել և այդպես շատ մեծ օգուտներ քաղել, որը լինելու է` ի վնաս ՀՀ շահի, ու Հայաստանը դաժանորեն կպատժվի, եթե նման անխոհեմ քայլ կատարի:

 

- Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է գալու Հայաստան: Ի՞նչ է սպասվում` Ձեր կարծիքով

 

- Սարսափելի ուշացած այց է, փչացած հարաբերությունների միջոցով ինչ-որ բարակ թելի նման գցվեց ճանապարհ, Ադրբեջան կատարած նրա շռնդալից այցից հետո այսպիսի մի այց իր բարեկամական, ռազմավարական գործընկեր երկիր, ինչպե՞ս կարելի է գնահատել: Կարելի է գնահատել այնպես, ինչպես արդեն ասացի` ՀՀ նախագահը բացարձակ փչացրեց հարաբերությունները ՌԴ նախագահի, ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ, արժանացավ տարբեր տիպի պատիժների, Պուտինի կողմից բազմիցս արհամարհվեցին նրա ընդունելության ակտերը, մերժվեցին Պուտինի՝ ՀՀ նախատեսված բոլոր ճանապարհորդությունները: Վերջապես Պուտինը կգա, ինչ-որ բան կտա, այսպես, շատ մեծ եղբոր պես փոքրիկ եղբոր ուսին կթփթփացնի, տետ-ա-տետ հանդիպման ժամանակ գուցե բացառիկ դիվանագիտական լեզվով մատ թափ կտա, ինչ-որ բաներ ՀՀ-ին անկասկած կտրամադրի, որ ժողովուրդը հասկանա, որ Ռուսաստանը, չնայած զայրացած է, բայց վիրավորված չէ: Այսինքն՝ ոչ թե հորիզոնական, այլ ուղղաձիգ հարաբերություններ ստեղծվեցին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև: Սարսափելի բան: Հազիվ ձեռք էինք բերել անկախություն, հազիվ նախորդ իշխանության ժամանակ գցվել էին ինչ-որ չափով հորիզոնական հարաբերություններ: Օսկանյան-Քոչարյան զույգը կարողանում էր ռուսական դիվանագիտության հետ վարվել հավասարը հավասարի պես, ճիշտ է՝ շատ մեծ զիջումներով: Ես չեմ մոռացել 100 մլն-ի դիմաց տված այն խոշոր ռազմավարական օբյեկտները, որոնք շատ ավելին արժեին, քան այդ 100 մլն դոլարը: Թեև 100 մլն-ն էլ այն ժամանակ այսօրվա երևի 1 մլրդ-ն էր: Այնուամենայնիվ, մեր սրտի մեջ կա ծանր քայլ, որ կարելի էր գուցե ավելի լավ շուկայական առևտուր անել ՌԴ-ի հետ, բայց այնուամենայնիվ, ՀՀ դիվանագիտությունը բարձր մակարդակի վրա էր ՌԴ-ի հետ շփումների մեջ, ինչը տապալեց Էդվարդ Նալբանդյան «դիվանագետը»:

 

- ԵՀՄՖ-ն հայտարարեց, որ պայքար է սկսում ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ: Ի՞նչ է արվել մինչ օրս

 

- Մենք նամակ ուղղեցինք Հովիկ Աբրահամյանին, ով Բրյուսելում հայտարարեց, որ պատրաստ է մեզ հետ համագործակցելու, և խնդրեց նույնիսկ տալ համաձայնություն համատեղ կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ «մարտնչելու»: Այդ մարտահրավերն ընդունեցինք, մինչև ամսվա վերջ սպասելու ենք Հովիկ Աբրահամյանի պատասխանին մեր բաց նամակներին, որից հետո արդեն կշարունակենք մեր նոր որդեգրված պայքարը` թիրախ դարձնելով նախագահին, քանի որ նախագահն առաջինն է պատասխանատու այս ամենի համար: Հ. Աբրահամյանին ուղղված հարցաշարը մենք կավելացնենք 1-2 հարցով և կուղղենք նախագահին, և կպահանջենք պատասխան: Զուգահեռաբար` մենք Համահայկական ազգային ճակատենք ստեղծել ֆորումի ժամանակ, որը կհավաքվի շաբաթ առ շաբաթ, և կփորձենք Համահայկական ազգային ճակատի միջոցով բոլոր հարցերի պատասխանները պահանջել՝ արդյունքում դնելով, իհարկե, իշխանությունների հրատապ հրաժարականի խնդիրը: Այն, ինչ Լևոն Հայրապետյանը հայտարարեց մեր ֆորումի ժամանակ` իշխանափոխությունը պետք է տևի 20 րոպե, որ մեր թշնամիները չօգտվեն, մենք այդ հայտարարության կողմնակիցն ենք և կանցնենք պայքարի այդ ռեժիմին, եթե մեր հարցերին բավարար պատասխաններ չտան: 

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սերժ Սարգսյան,

 

Սույն բաց նամակով ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ դեռ հոկտեմբեր ամսին մամուլին ներկայացրել էինք ԵՀՄՖ նախագահության կողմից ՀՀ ԱԺ նախագահ պ. Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակ՝ Բրյուսելում Հայ դատի համագումարի ժամանակ իր իսկ խնդրանքով առաջարկված խնդիրների շուրջ, որը վերաբերում էր Հայրենիքում տիրող անօրինականություններին, մասնավորապես կաշառակերության, անարդարության և այլ բացասական երևույթների հետևանքով սարսափելի չափերի հասած արտագաղթին: ՀՀ ԱԺ նախագահի կողմից հարցաշարի անպատասխան թողնելը համարում ենք որպես ներկայացված փաստերի հետ համաձայնության նշան, սակայն այժմ առավել հստակ բացատրություն ստանալու ակնկալիքով դիմում ենք Ձեզ` ՀՀ նախագահին, հույս ունենալով, որ կտրվեն համոզիչ պատասխաններ եվրոպահայությանը հուզող վերը հիշատակված խնդիրներին: Ավելացնում ենք նաև անձամբ Ձեզ ուղղված հետևյալ երկու հարցերը:

 

Հարց թիվ 1. ՀՀ ԱԺ պատգամավոր տ. Զարուհի Փոստանջյանի կողմից ստրասբուրգյան Ձեր ելույթից հետո բարձրացված հարցին` եվրոպական խաղատներ Ձեր այցելության և խոշոր գումարներ տանուլ տալու մասին ի պատասխան հայտարարեցիք, որ Եվրոպայում երբևիցե որևէ խաղատուն չեք այցելել և բնականաբար չեք պարտվել: 

 

Դուք այժմ էլ պնդո՞ւմ եք Ստրասբուրգում կատարած Ձեր հայտարարությունը, թե՞ այն կրում էր զուտ հռետորաբանական բնույթ:

 

Հարց թիվ 2. ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ պ. Գագիկ Խաչատրյանի առասպելական կարողությունների մասին պարբերաբար նշվում է մամուլում, և երբևիցե բավարար հերքում չի հրապարակվել այդ առթիվ: Այս ամենից հետևում է արդյո՞ք, որ նմանատիպ կարողություն դիզող անձը չէր կարող իր այդ  պատասխանատու պոստին մնալ այսքան ժամանակ, եթե չունենար ՀՀ նախագահի հովանավորությունը: Ինչպե՞ս կբացատրեք եվրոպահայությանը այդ երևույթի ֆենոմենը:

 

Հաջորդիվ ներկայացնում ենք ՀՀ ԱԺ նախագահի բաց նամակում հիշատակված փաստերը, որոնց հերքումը ևս ակնկալում ենք ստանալ կարճ ժամանակահատվածում Ձեր կողմից: Պատասխանի բացակայության դեպքում կհամարենք, որ համաձայն եք հարցերում զետեղված անօրինականությունների ճշմարտացիությանը:

 

Հարց թիվ 3. Նաիրիտ գործարանում պաշտոնատար անձանց կողմից իրականացվել է պետական` ժողովրդական ունեցվածքի թալանչիական գործունեություն: Որպես փաստերի սկզբնաղբյուր՝ ներկայացնում ենք հետաքննող լրագրողների բացահայտած նյութերը, որոնք իրենց էությամբ հայտարարություններ են հանցագործության մասին, սակայն կոծկվել են իրավապահների կողմից:

 

Պաշտոնյաները փոշիացրել են 170 մլն դոլար., իրավապահները լռում են`

http://hetq .am/arm/news/24209/pashtonyanery-poshiacrel-en-170-mln-dolar-iravapahnery-lrum-en.html

Նոր սկանդալային բացահայտում "Նաիրիտի" վարկային պատմությունից`

http://hetq.am/arm/investigation/23614/nor-skandalayin-bacahaytum-nairiti-varkayin-patmutyunic.html

Փողերի լվացման փորձը ձախողվեց. երկու տարբեր վճիռ "Նաիրիտի" գործով`

http://hetq.am/arm/news/21552/

Հարցաքննվում են "Նաիրիտի" աշխատակիցները`

http://168.am/2013/03/14/195176.html

Հարց թիվ 4. Վարչապետի կողմից օֆշորային ընկերություն հիմնելու և հայաստանցի գործարարի գույքը գրպանելու գործունեության փաստը լայնորեն լուսաբանվել է մամուլում և ստացել բացառիկ անհամոզիչ պատասխաններ: Որպես փաստերի սկզբնաղբյուր ներկայացնում ենք հետաքննող լրագրողների բացահայտած նյութերը.

Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով`

http://hetq.am/arm/news/27709/ofshorayin-labirintos-haykakan-scenarov.html

Կիպրոսի գլխավոր դատախազը նշում է, որ իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել` առանց տվյալ անձի թույլտվության`

http://168.am/2013/07/01/245295.html

Հարց թիվ 5. Մի խումբ մարդկանց կողմից համաժողովրդական սեփականություն հանդիսացող ընդերքի պաշարները օգտագործվել են սեփական գրպանները լցնելու համար, և այդ մրցավազքում բնապահպանական աղետալի վիճակը առավելագույնս սրվել է: Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ առավել մեծ է ազգային անվտանգությանը սպառնացող բնապահպանական ներկայիս վիճակը ՀՀ-ում, որի շնորհիվ ոչ միայն ծաղկում է ստվերային տնտեսությունը և կոռուպցիան, այլև անխնա կերպով ոչնչացվում է բնությունը` գալիք սերունդներին թողնելով բնակության համար անպիտան տարածքներ, իսկ ներկա բնակիչներին մատնելով արհեստածին հիվանդությունների բուժման թանկ ու անմատչելի իրականությանը:

 

Մեծարգո պարոն նախագահ,

 

Եվրոպահայությունը և ողջ աշխարհի հայությունը խիստ հետաքրքրված է բոլորի համար չափազանց էական այս հարցերի պատասխաններով: Մեծ հույս ունենք, որ Ձեր կողմից շիտակ պատասխաններ ստանալու դեպքում համատեղ կպայքարենք երկրի արտագաղթը կասեցնելու և ներգաղթը խրախուսելու չափազանց կարևորագույն հարցերի լուծման համար:

 

Հարգանքներով՝

ԵՀՄՖ Նախագահություն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ԵՀՄՖ հայաստանյան ներկայացուցիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2013–ի քաղաքական գործընթացները։

Ամփոփելով տարին` Արամ Հարությունյանն առանձնացրեց այս տարվա սկանդալային իրադարձությունները՝ առաջինը նշելով հայտնի «օֆշորային» սկանդալը։ Հաջորդը բանախոսը նշեց «Նաիրիտի» շուրջ խոշորագույն սկանդալի մասին։ <<Հսկայական գումարներ են փոշիացվել:  Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը տեղեկատվություն ունի նաև, որ Տիգրան Սարգսյանը ոչ միայն փոշիացրել է, այլ որոշակի գումարներ է վերցրել մրցակից կազմակերպություններից, որպեսզի «Նաիրիտը» չաշխատի։ Դա հայրենիքի դավաճանություն է։ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով գործարանն այսքան տարի չաշխատեց, իսկ «Նաիրիտը» կարող էր բյուջեին հսկայական եկամուտներ բերել>>-, նշել է Հարությունյանը:

«Սերժ Սարգսյանին չեմ կարողանում հասկանալ։ Երևի նրա կրթությունը չի բավարարում (սովորել է երեկոյան, հեռակա), քանի որ նման անգրագետ քաղաքականության հետևանքով երկիրը հասցվեց այս վիճակին (ծանր սոցիալական վիճակ, վարքաբեկված քաղաքականություն ամբողջ աշխարհում և այլն)»,–ասել է բանախոսը։

Այս վիճակից ելքը Ա. Հարությունյանը տեսնում է անցնցում իշխանափոխության մեջ:

«Այս տարվա սեպտեմբերի 6-8, Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ 15-րդ հոբելյանական Համագումարը, և պատահական չէ, որ բոլոր ներկայացուցիչները տարբեր երկրներից (հիմնականում Հայաստանի քաղաքացիներ), գտնում էին, որ այսօրվա ձախողումները տարբեր ոլորտներում միայն իշխանության մեղքով է տեղի ունենում:

Արդյունքում ստեղծվեց Համահայկական ճակատ, որի նպատակն է իրականացնել անցնցում իշխանափոխություն:

«7օր»–ի հարցին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տալով ու ներողություն խնդրելով ժողովրդից, պետք է հեռանա՞, թե՞ պետք է պատասխանատու լինի երկրի այս վիճակի համար, որը նաև դաս կլինի մյուս բոլոր ուժերին, որոնք կստանձնեն երկրի կառավարումը, բանախոսը պատասխանել է.

–Ինչքան շուտ գնա, այնքան ավելի ներողամիտ կլինի ժողովուրդը։ Ես համոզված եմ՝ եթե Սերժ Սարգսյանը մի քիչ էլ ձգեց, ապա հաստատ լավ ծերություն չի ունենալու։ Թալանել են, «քեշ» փող են ստացել, բիզնեսը խլել են մրցակիցներից։ Այս իշխանության ձեռագիրը բիզնես խլելն է։ Կանգնեցիք՝ Սաշիկին եք փող տալիս, քշեցիք՝ «Ֆլեշի» Բարսեղին եք փող տալիս։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ վերջացնի այնպես, ինչպես Քադդաֆին... Սերժ Սարգսյան, հիշի՛ր Քադդաֆիի օրինակը։

–Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանն այնքան գիտակցություն կունենա, որ ներողություն կխնդրի ժողովրդից ու կհեռանա։ Ֆորումի նպատակն է ստեղծել Համահայկական ճակատ, որ քաղաքական ուժերը վայր դնեն իրենց տարաձայնությունները, հասարակությունը համախմբվի և միակ օրակարգային հարցը դառնա Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այսօր Հայաստանում ամեն ինչ որոշում է  մեկ մարդ և այդ մեկ մարդը  Սերժ Սարգսյանն է:

Վերջին տարիներին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը լուրջ աշխատանք է  կատարում: Սլովակիայում  ընդունվել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, ֆորումն իրականացնում է հակաթուրքական և հակաադրբեջանական լոբբինգ և այն:

Այն մարդիկ, ովքեր այս պահին գտնվում են Հայաստանից դուրս, ի հեճուկս Տիգրան Սարգսյանի, նպաստելու են երկրում անցնցում իշխանափոխությանը:

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը, փոխնախագահ Հարություն Առաքելյանը հայրենասեր մարդիկ են, ովքեր ապրում են Հայաստանով: Նրանք հասկանում են, որ հայը կարող է իրեն հայ զգալ` ապրելով Հայաստանում, և արտագաղթը ներգաղթի վերածելու համար անում են ամեն ինչ` գնալով ինքնազոհության, ներդնելով ոչ միայն իրենց կապերը, ողջ պոտենցիալը, արհեստավարժ գիտելիքները, այլև ողջ ֆինանսական հնարավորությունները:

Հարությունյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը հատկապես շատ է վախենում մարդկանցից. <<փողոցում ժողովուրդ տեսավ՝ հանձնվելու է>>- նշեց բանախոսը: Ըստ նրա արդեն հունվարի վերջերից՝ տոներից հետո, սկսվելու են լուրջ քաղաքական գործընթացներ։ Կարճ ժամանակամիջոցում հաղթանակի լուրջ հնարավորություն կա, եթե Հայաստանի և սփյուռքի հայերը միավորվեն Համահայկական ազգային ճակատի ներքո, կողմ դնելով սեփական ամբիցիաները, պայքարեն հանուն մեկ նպատակի` իշխանափոխության, որից հետո այդ ուժերը միահամուռ պետք է լցվեն Հայաստանի տնտեսության վերականգնման և արտաքին քաղաքականության շտկման խնդիրներին:                         Այս լավատեսական մտքով բանախոսը ավարտել է ասուլիսը:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

27.12.2013թ.

 

ՀԱՅ ԱԶԳԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՄՏԱՀՈԳ ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՍԻՐԵԼԻ ՔՈՒՅՐԵՐ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ

 

Ամփոփելով և իմի բերելով անցնող 2013 թվականը մեր կազմակերպության` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ գործունեության արդյունքները, ուրախությամբ պետք է նշեմ, որ եվրոպահայության միասնական աշխատանքի շնորհիվ գրանցեցինք մեծաքանակ հաղթանակներ մեր կողմից ծրագրված տարբեր ոլորտներում:

Հատկապես ցանկանում եմ նշել Հայ Ազգի հանդեպ իրականացված Մշակութային ցեղասպանության խնդիրների արծարծումը և դրանց մասին բարձրաձայնումը միջազգային տարաբնույթ կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ: Այնուհետև ԵՀՄՖ-ն սահմանեց նաև “սպիտակ ջարդ” եզրը նոր մեկնաբանությամբ` պիտակելով այն գործընթացը, որն իրականանում է Հայաստանում և աննախադեպ ուժգնացել է հատկապես վերջին տարվա ժամանակահատվածում. խոսքը արդարադատության բացառիկ բացակայության, կոռուպցիայի, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ծայրահեղ ցինիզմի, անձնական շահերի համար երկիրը շահագործելու ու այլ ծայրահեղ դրսևորումներ ստացած գործընթացների արդյունքում Հայրենիքը ստիպողաբար լքելու, արհավիրքի չափերի հասած արտագաղթի մասին է: ԵՀՄՖ-ն հսկայածավալ և անհանդուրժողական պայքար է սկսել ՀՀ վարչակազմի դեմ վերոհիշյալ “սպիտակ ջարդը” կասեցնելու նպատակով:

Տարին նշանակալից էր նաև իմ և նախագահության անդամների բազմաթիվ ճամփորդություններով` դեպի եվրոպահայ գաղութներ, որտեղ հաճելիորեն արժանացանք ջերմ ընդունելությունների: Խիստ կարևորում եմ այն հանգամանքը, որ այդ հանդիպումների արդյունքում բազմաթիվ հայրենասեր հայորդիներ և նոր ձևավորված համայնքներ մաս կազմեցին ԵՀՄՖ-ին: Սեպտեմբեր ամսին Եվրոպայի 25 երկրներից ժամանած պատվիրակների մասնակցությամբ կազմակերպվեց ԵՀՄՖ 15-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական Համագումար, որի արդյունքում հիմք դրվեց ՀՀ-ում իշխանափոխության համար պայքարելու նոր գործընթացին` արտերկրում ապրող հայերի մասնակցությամբ: Այդ նպատակով խիստ կարևորվեց համաշխարհային հայության բոլոր կարող ուժերին “Համահայկական Միասնական Ճակատի” դրոշի ներքո միավորելու գաղափարը: 2013 թվականը ԵՀՄՖ-ին տվեց բազում նոր անուններ, մարդիկ, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով ու Հայրենիքին մատուցած ծառայություններով փորձում են նոր խոսք բերել աշխարհասփյուռ հայության շահերի պաշտպանության գործում:

Սիրելի Քույրեր և Եղբայրներ,

Թող որ 2014 թվականի նորամուտը ազդարարող զանգերը սկիզբ դառնան քաղաքական և տնտեսական ոլորտներում Հայ Ժողովրդի նորանոր Մեծ Հաղթանակների համար: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել հոգևոր կյանքով ապրող ու պայքարի ելած մտավորականության, նոր ձևավորված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ժողովրդին ծառայելու գործին նվիրված ազնիվ հոգևորականների, Հայոց Ազգային Բանակի զինվորների և սպաների, ինչպես նաև անխոջ աշխատանքով երկիրը շենացնող Հայ Ժողովրդի ու աշխարհասփյուռ հայության Ամանորը և Սուրբ Ծնունդը:

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի

Նախագահ, դոկ. Աշոտ Գրիգորյան

 

Սլովակիա, Բրատիսլավա

28 դեկտեմբեր 2013թ.