Header

EN | AM
President FAAE

Dr. Ashot Grigorian, DrSc

CONTACT

FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE (FAAE)

Krajna 86
821 04 Bratislava
Slovakia
Office tel: +421 2 4820 2310
e-mail: faae@faaeurope.eu

Աշոտ Գրիգորյան. «Ալիևների գերդաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին 1,5 մլն դոլար է տալիս»

 

Սլովակիայի հայկական համայնքի նախագահ և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ 2013թ. հունիսին տեղի է ունենալու Եվրոպայի հայկական միությունների ֆորումի համագումարը։ Այն հովանավորվում է իր և  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից:

Այս տարի հայտարարել ենք մշակութային ցեղասպանության տարի։ Մշակութային ցեղասպանությունն  արդեն իրավաբանական տերմին է և ցեղասպանությունը սկսվում է հենց մշակութային արժեքների ոչնչացումից,–ասել է նա:

Աշոտ Գրիգորյանը փոխանցել է նաև իր ստացած տեղեկությունները, որ ալիևների գերդաստանը հովանավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը Ադրբեջանից 1,5 մլն դոլար է ստանում:

 

Իրականության պայթյունավտանգությունը գնալով մեծանում է

Հարցազրույց՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Հայաստան այցելած Եվրոպայի  Հայկական Միությունների Ֆորումի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի հետ


-Պարոն Գրիգորյան, Ձեր հերթական նախաձեռնության շնորհիվ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով այս տարի նույնպես կազմակերպեցիք Սլովակիայից պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան և նրանց հետ Դուք էլ հանդիպումներ ունեցաք և՛ Հայաստանի իշխանությունների, և՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ, առանձին հանդիպումներ եղան մտավորականության հետ... մի խոսքով, ինչպիսին է Ձեր տպավորությունը այս այցելությունից և ընդհանրապես Հայաստանի ներկա վիճակից:

 -Եթե հակիրճ ներկայացնեմ, ապա Հայաստանի այսօրվա վիճակն ակնհայտորեն շատ ավելի վատ է, քան նույնիսկ մեկ տարի առաջ էր: Բոլորի` և՛ ժողովուրդի, և՛ նույնիսկ իշխանությունների հսկայական մասի մոտ զգացվում է ապատիա և բացառիկ անվստահություն վաղվա օրվա նկատմամբ: Համատարած փախուստային տրամադրություններ են. իրենց ապագան մարդիկ տեսնում են այլ երկրներ տեղափոխվելու միջոցով: Ընդ որում այս տրամադրությունները պատել է բոլոր խավերին, նույնիսկ ամենահարուստները տներ են գնում և անձնագրեր ձեռք բերում օտար երկրներում:

 

- Իսկ ի՞նչ եք կարծում, ինչ է սպասվում երկրին համանման իրավիճաի շարունակման պարագայում:

-Ես այնպիսի տպավորություն ունեի, որ համբերության բաժակը լիուլի լցվել է, բայց ոչ թե ջրով այլ վառոդով: Իրականության պայթյունավտանգությունը գնալով մեծանում է, քանի որ իշխանություններն այդ վառոդի տակառի պաշարը փորձում են ավելացնել, այսինքն լարվածությունն առավել մեծացնում են: Այսպես կոչված նախագահական ընտրություններից հետո լարվածությունը գագաթին հասավ ապրիլի 9-ին, որի արդյունքում տարբեր հնարամտությունների միջոցով հնարավոր եղավ խուսափել պայթյունից, սակայն արդյունքում լարվածությունն առավել է մեծացել: Իմ կարծիքով պայթյունից խուսափում ենք ընդամենը մեր ժողովրդի իմաստության շնորհիվ և համբերության հաշվին: Ի նկատի ունեմ այն, որ մարդիկ գիտակցում են թշնամիներով շրջապատված լինելու փաստն ու հանուն դրա դիմանում և սպասում` հոսալով, որ իշխանությունները կլինեն գիտակից ու կանեն որոշակի քայլեր:
 

-Իսկ ի՞նչ քայլեր եք սպասում, որ իշխանությունը չի կատարում:


 -Առաջին հերթին կառավարության կաշառակեր նախարարների ոչ միայն աշխատանքից ազատում, այլև խստագույն պատժում: Թույլ նախարարներին անհրաժեշտ էր մեկ օր առաջ ուղարկել հանգստի:


 -Պարոն Գրիգորյան, բայց չէ որ կառավարության կազմը 

դեռ հայտնի չի:


 -Այո, բայց եթե խաբեբայությունների և կաշառակերության գլխին ղեկավար նշանակված վարչապետը, որը մեղադրվում է բազմաթիվ կոռուպցիաների կազմակերպման հարցում ու շարունակում է ղեկավարել այս կոռումպացված կառավարությունը, և կամ վերանշանակվում է բոլոր ժամանակների ամենաթույլ արտգործնախարարը, ոչ մի հույս չկա, որ ապագա կառավարության մեջ ականատես կլինենք կորդինալ փոփոխությունների:
 

-Իսկ  ի՞նչ  խնդիրներում  եք տեսնում վարչապետի 

կամ արտգործնախարարի թերանալը:


 -Վարչապետի բազմաթիվ կոռուպցիայի փաստերից նշենք ամենահայտնին. Նաիրիտի վերականգնման համար վերցված վարկերը վարչապետի «հսկողության» ներքո անհայտացել են, գործարանը ոչ միայն չի վերաթողարկվել, այլև աշխատողների հսկայական մաս ազատվել է աշխատանքից, իսկ մնացյալն աշխատավարձ չեն ստանում: Մամուլում բազմիցս նշվել են Նաիրիտի վարկերն իրենց սեփական գրպանը լցրած ղեկավարների, այդ թվում վարչապետի, նրա եղբոր և այլոց անունները: Արդյունքում ստացվեց «ձայն բարբառո հանապատի»: Կամ վարչապետին պետք էր անմիջապես պատասխանատվության ենթարկել այն նույն խստությամբ, ինչպես վերաբերվում են Վարդան Օսկանյանի հետ, /որը բացառիկ ազնիվ անձնավորություն է և ղեկավարում է անբիծ ու մաքուր աշխատող Սիվիլիթաս հիմնադրամը/, կամ պետք է պատժել` դատի տալով, այն տեղեկատվական աղբյուրենրի հեղինակներին, որոնք «ցեխ են շպրտում» վարչապետի վրա: Համայն հայ հասարակությունը Հայաստանում և արտերկրում շունչը պահած սպասում է այս խնդրի հանգուցալուծմանը և վարչապետի բացառիկ լռությունը ստիպում է մեզ բոլորիս մտածելու, որ իր կատարած հանցագործության չափերին ինքը քաջ ծանոթ է:
Ինչ վերաբերում է նախարար էդուարդ Նալբանդյանի աշխատանքներին, արդեն ձանձրացել եմ այն փնովելուց և միայն մի հարց եմ ուզում բարձրաձայնել: Սլովակիայի իշխանությունները կատարել են աննախադեպ քայլ և Հայոց ցեղասպանության բանաձևին տվել են օրենքի ուժ, այն իրականացնելով հստակ շախմատային քայլերի շնորհիվ: Ադրբեջանը, «արջի ծառայություն» մատուցելով, Թուրքիային բարձրաձայնում է կատարվածի մասին և կաշառելով Բաքվում Սլովակիայի դեսպանին նրանից կորզում է հիմար պատասխաններ: Այդ պատասխանների համար մենք Սլովակիայում քրեական գործ ենք հարուցել ծախու դեսպանի նկատմամբ: Թուրքիան, բացառիկ խոհեմությամբ լռության է մատնել  Սլովակիայում գործող Քրեական Օրենսգրքի 424ա բանաձևը, ըստ որի 5 տարի ազատազրկում է սահմանված ցեղասպանությունը /տվյալ դեպքում միակ ընդունված ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը/ ժխտող ցանկացած անձի նկատմամբ: Այո, Թուրքիան այս հարցի շուրջ խոհեմություն է ցուցաբերում` խորը լռության մատնելով այն: Ուզում եմ հասկանալ, ինչ սկզբունքներով է ուղղորդվում ՀՀ ԱԳՆ-ը` կատարելով իր նախարարի հրամանը, հանցագործ լռության մատնելով Սլովակիայում գործող օրենքը, այն էլ այն դեպքում, երբ Ֆրանսիայում համանման օրենքի տապալումը սարսափելի աղմուկ բարձրացրեց: Ինչ դատողության սահմաններում այսպիսի հանցագործություն կատարող ԱԳ նախարարը շարունակում է մնալ իր պաշտոնին: Գուցե ի արդարացումն իր կատարած քայլի Էդուարդ Նալբանդյանը նույնպես հերքի Սլովակիայում գործող ՔՕ-ի 424ա բանաձևը, և միանալով ադրբեջանցիների բղավոցներին, ինքն էլ փորձի հաստատել, որ այդ բանաձևը վերաբերում է բոլոր ցեղասպանություններին, բայց ոչ Հայոց ցեղասպանությանը: Այդ դեպքում ադրբեջանցիների կողմից կատարված բացառիկ հիմար քայլը կդադարի եզակի լինել: Դե, հարգելի պարոն նախարար էդուարդ Նալբանդյան, կա՛մ փորձեք հերքել վերն ասվածը, կա՛մ շարունակեք լռություն պահպանել` սատարելով թուրքական տակտիկան:
 

 - Ի՞նչ եք սպասում մոտակա ամիսների ընթացքում, ինչ կկատարվի 

Հայաստանում:


 -Հստակ և համոզված կարող եմ ասել, որ կա՛մ տեղի կունենա հզոր քաղաքական պայթյուն և վիճակը կդառնա անկառավարելի ու անկանխատեսելի, և կա՛մ ժողովուրդը կգտնի երկրից հեռանալու օրինական և անօրինական ճանապարհներ` Հայաստանի բնակչությունը նվազեցնելով մինչև մեկ միլիոնի նիշը:
 

-Իսկ դրական լուծման ուղիներ գոյություն չունե՞ն:


 -Իհարկե կան, իշխանությունների կողմից խոհեմության դրսևորում և ՀՀԿ-ի քաղաքական դաշտից հեռացում կամ մոնոպոլիայից հրաժարում, վարչապետի  հրատապ փոփոխություն և բոլոր հայտնի կաշառակերների դատապարտում, նոր Հայաստան կառուցելու ապագայով ժողովրդի վստահության վերականգնում: Իմ խորին համոզմամբ այլ ճանապարհ գոյություն չունի: Ես սա վստահորեն հայտարարում եմ` ելնելով եվրոպական երկրների ժողովրդավարացման փորձի արդյունքների վերլուծությունից:

 

ԵՀՄՖ. Ադրբեջանն անկախացել է «Մուսաֆաթական Ադրբեջանի Հանրապետության» տարածքային ամբողջականության շրջանակներում

           

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովի հայտարարությանը` Արցախի անկախության հարցի կապակցությամբ: Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովը Մոսկվայում անցկացրած բանակցությունների ժամանակ կատարել է հերթական տարօրինակ հայտարարությունը՝ կապված Արցախի անկախության փաստի հետ, մասնավորապես նշելով, որ «...ադրբեջանցիները նույպես ռեֆերենդումի մասնակցելու կարիք ունեին և պետք է իրենց խոսքն ասեին Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի ժամանակ»: Պարոն Մամեդյարովը երևի մոռացել է, որ ադրբեջանցիները իրենք իրենց անկախության հանրաքվեն անցկացնելիս հայերի կարծիքը չեն հարցրել և դուրս գալով Խորհրդային Միությունից անկախացել են` հնարավորություն տալով ինքնորոշվելու նաև ԼՂՀ-ին: Ավելին, ըստ իրենց հռչակագրի նրանք ինքնորոշվել և անկախացել են Ադրբեջանի առաջին հանրապետության` «Մուսաֆաթական Ադրբեջանի Հանրապետության» տարածքային ամբողջականության շրջանակներում, որի կազմի մեջ երբևիցե չի եղել և չէր էլ կարող լինել Արցախը, ասվում է ԵՀՄՖ հայտարարության մեջ:

Արցախի ինքնորոշման ակտը Ադրբեջանի մոտ առաջացրել է այն ժամանակվա համար սովորական ռեակցիա` հարձակում ինքորոշված երկրի վրա նրա սուվերենությունը վերացնելու նպատակով: Արդյունքում Ադրբեջանը հասել է տոտալ անհաջողության ու իր իսկ հարկադրած պատերազմում պարտվելով ծնակաչոք աղերսել է խաղաղություն: Արցախի բնակչության անցկացրած հանրաքվեին, ժամանակին այնտեղ բնակվող ադրբեջանցիները չեն մասնակցել իրենց իսկ մեղքով, և այսօր բողոք ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, մանավանդ, որ նրանց քսան տոկոսից ավելի նվազ ձայների քանակը չէր կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Ավելին, եթե պարոն Մամեդյարովը գտնում է, որ այդ հանրաքվեին հանուն արդարության պիտի մասնակցեին նաև ազերիները, նույն դատողությամբ կարող է պնդել, որ Ադրբեջանում անցկացվող ցանկացած հանրաքվե արդարացի չի կաորղ լինել, քանի որ նրան չի մասնակցում այդ երկից վտարված ավելի քան կես միլիոն հայությունը:

Լիովին անհասկանալի են նաև պարոն Մամեդյարովի երազանքները ` «մադրիդյան սկզբունքների» հիման վրա նվաճել ազատագրված տարածքների ոչ թե յոթ շրջաններն, ինչպես ինքը նշում է, այլ թեկուզ մի փոքրիկ հատված անգամ, երբ Արցախի մի շարք տարածքներ (Շահումյան, Գետաշեն) դեռևս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ և ենթակա են վերադարձման: Ադրբեջանը վաղուց է հասկացել, որ Արցախի և ազատագրված տարածքների միակողմանի վերադարձման գաղափարը սին է ու անիրականալի, իսկ պատերազմով այն նվաճելը, եթե այն ժամանակ, երբ հայկական չկազմավորված մարտական ուժերը և հատկապես ռազմական տեխնիկան թույլ էր, դրսից օգնությունն էլ բացակայում էր չստացվեց, ապա այսօր անկասկած անհնարին է:

Այսօր ՀՀ-ն ունի պատրաստված բանակ և գերհզոր ռազմական տեխնիկա, որը կբավարարի ոչնչացնել ու ադրբեջանական ուժերին բազմակի անգամներ, մանավանդ որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է և բնական է, որ օգտվելու է դաշնակիցների հզոր ռազմական օգնությունից: ՀՀ-ի մեջքին կանգնած է նաև սփյուռքը, որն այսօր բազմակի անգամներ առավել կազմակերպված է, քան այն ժամանակահատվածում էր:

Այսպիսով, Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները մնում են մեզ համար անհասկանալի և կրկնում կամ հիշեցնում են այդ երկրի նախագահ Ալիևի հիմնազուրկ պատկերացումներն իրենց կողմից հնարած պատմության, տարածքային ընկալումների, անհասկանալի «ազգային մշակութային արժեքների», և ազգի հիմքը հանդիսացող այլ անհրաժեշտ տարրերի շուրջ` տարրեր, որոնց հիման վրա հարյուրամյակների և հազարամյակների ընթացքում ձևավորվել են քաղաքակիրթ ազգերն ու պետությունները և որի բացակայությունը ստիպում է քսաներրորդ դարում արհեստածին ադրբեջանական պետությանը դիմել ամեն տիպի պատմական կեղծարարությունների` բռնել այլ ազգերի մշակութային արժեքների ոչնչացման կամ սեփականաշնորհման ուղղին, և դառնալ չարիք տվյալ տարածաշրջանի երկրների և սեփական ժողովրդի համար:

 

Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» սրահն անվանափոխվել է «Անատոլիա, Ուրարտու»-ի

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը տեղեկացնում է հետևյալը.

 

ԵՀՄՖ նախագահությունը և անձամբ ֆորումի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, իրենց շնորհակալության խոսքն են ուղղել Լոնդոնի British Museum-ի տնօրինությանը՝ ԵՀՄՖ-ի նամակին պատասխանելու և բողոքին արձագանքելու կապակցությամբ: British Museum-ի ղեկավարությունը, արձագանքելով ԵՀՄՖ-ի՝ իրեն ուղղված բողոքներին, փոխել է Բրիտանական թանգարանի # 54 սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը նոր «Անատոլիա, Ուրարտու» անվամբ:

Այս անվանումը ԵՀՄՖ-ն համարում է համեմատաբար ընդունելի, չնայած իդեալական տարբերակը կլիներ «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» անվանումը: ԵՀՄՖ-ն կշարունակի բանակցությունները Բրիտանական թանգարանի մասնագետների հետ կա՛մ առանձին սրահ՝ «Հնագույն Հայաստան, Ուրարտու» վերնագրով ստեղծելու, և կա՛մ «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» սրահը վերանվանելու կապակցությամբ:

ԵՀՄՖ-ն միաժամանակ իր գոհունակությունը և շնորհակալությունն է հայտնում բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք սրտացավ վերաբերմունք ցուցաբերեցին ԵՀՄՖ-ի կողմից զանգվածաբար սկսած այս պայքարին, և հատկապես նրանց, ովքեր կոնկրետ մասնակցություն ունեցան, մասնավորապես խոսքը «Վերականգնենք պատմական ճշմարտությունը Լոնդոնի Բրիտանական թանգարանում» ֆեյսբուքյան խմբի անդամների և կազմակերպիչ Գայանե Գևորգյանի սրտացավ մասնակցության, ինչպես նաև ստորագրահավաքի կազմակերպիչների և ստորագրահավաքի բոլոր մասնակիցների մասին է:

Միաժանական ԵՀՄՖ-ի նախագահությունը իր տարակուսանքն է հայտնում պետական այն կազմակերպությունների պահվածքի շուրջ, որոնք կոչված են պետության ֆինանսավորումը վայելելու դիմաց նաև իրենց պարտականությունները կատարելու, սակայն ծիծաղելիության աստիճանի պասիվություն ցուցաբերեցին և կողքից հետևեցին մեր պայքարին:          Մասնավորապես վրդովմունք է առաջացնում Մշակույթի նախարարության և Պատմության Ինստիտուտի ղեկավարության ոչ ակտիվ կեցվածքը: Ինչևէ մենք տոնում ենք փոքրիկ հաղթանակ, և հայտարարում, որ համանման պայքար մղելու ենք բոլոր այն միջազգային կեղծարարների դեմ, որոնք գիտակցորեն կամ անգիտակից թերացել են Հայոց Պատմությունը և մշակույթը ներկայացնելիս: Համոզված ենք, որ և՛ մեզ հետ համագործակցող հասարակական կազմկերպությունները, և՛ մեր ֆեյսբուքյան գործընկերները զենքը վայր չեն դնի, և առավել ոգևորությամբ կշարունակեն մեր համագործակցությունը հանուն մեր Ազգի անհավատալի մեծ և ծավալուն մշակույթի ու պատմության պահպանմանը և քարոզչությանը: 

 

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում. «Իրավիճակը Հայաստանում դառնում է անկառավարելի և պայթյունավտանգ»

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության ուսումնասիրությունները կապված Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ վերջին ժամանակահատվածում տեղի ունեցող զարգացումների հետ, ցույց են տալիս, որ իրավիճակը երկրում դառնում է անկառավարելի և պայթունավտանգ: Նմանատիպ վերլուծության ազդակներ հանդիսացան նախ արտաքին հարաբերություններում ՀՀ-ի վերջին տարիներին վարած, մեղմ ասած, անհասկանալի քաղաքական խաղերի արդյունքները, և դրա հետևանքով կորցված հեղինակության փաստը, ինչպես նաև վերջերս ստացած անվստահելի գործընկերոջ իմիջն ու կերպարը: Արդյունքում խարխլվեցին հաստատուն հարաբերությունները և՛ արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ: ՀՀ ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Ադրբեջանին մասսայական ոչնչացման յուրահատուկ զենքի վաճառքը աննախադեպ էր, և ՀՀ բացառիկ թուլացած իշխանությունները վախեցան դրան համարժեք գնահատական տալուց: Այս փաստն անմիջապես գրանցվեց և գնահատվեց Ադրբեջանի կողմից, որի հետևանքով էլ Ադրբեջանի բռնապետի հայատյաց հայտարարություններն ավելի ռազմատենչ դարձան: Հայաստանի շուրջ իրավիճակն էլ ավելի թեժացրեց հայ իրականության մեջ բարձրագույն պետպաշտոնյա հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազի զգացմունքային ելույթը` առաջին անգամ հողային պահանջներ ներկայացնելով Թուրքիային, և դրան հետևած թուրքական արտգործնախարարության պատասխանը: Այս ամենին եթե ավելացնենք Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական լարվածության սրընթաց զարգացումները, ի հետևանք օֆշորային բացահայտումների, Սյունիքի մարզպետի կողմից թույլ տրված սանձարձակությունների, ինչպես նաև Վերահսկիչ Պալատի բացառիկ օբյեկտիվ բացահայտումների հետ կապված և դրա դեմ ուղղված ԱԺ ու կառավարական գնահատականները, գումարած գազի, էլեկտրականության և տրանսպորտի արհեստածին թանկացումներ հանդիսացող ֆորս-մաժոռային իրավիճակները և դրանց հանդեպ ՀՀ նախագահի «լռակյացությունը», ապա կարելի է փաստել, որ ստեղծվել է մի եզակի իրավիճակ, որի հետևանքով լուրջ վտանգված է Հայաստանի Հանրապետության ներկան և ապագան:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ Նախագահությունը ս.թ. սեպտեմբերի 6-ից 8-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունենալիք իր հերթական Համագումարի օրակարգի հիմնահարց դարձրել է Հայաստանի այսօրվա ներքին քաղաքական վիճակի վերլուծությունը: Նաև օրակարգային կարևորագույն հարցերից է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ներկա վիճակից ելքեր ստեղծելու ուղղությամբ տարվող նախագծերի կազմումը, որը կարտահայտվի ԵՀՄՖ Համագումարի կողմից ընդունվող Բանաձևում` հանդիսանալով որպես հետագա տարիների համարգործունեության ուղեգիծ-ծրագիր: Մյուս կարևոր օրակարգային հարցերից են.

-Եվրոպայի հայկական կազմակերպությունների Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շուրջ գործունեության համակարգումը,

-հայկական մշակութային ժառանգությունների հանդեպ իրականացվող  <<մշակութային ցեղասպանության>> դեմ պայքարի աշխատանքների մասին տեղեկատվությունը և ռազմավարության հաստատումը

-ոճրագործ ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակվելու դեմ դատական գործունեություն ծավալելու շուրջ քննարկումները:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ Նախագահությունը շարունակում է եվրոպահայության` արևելահայ և արևմտահայ հանրության համախմբման աշխատանքները` վերջնական նպատակ ունենալով եվրոպահայությանը հուզող ներքին կազմակերպչական հարցերի լուծմանն ուղղված քայլերի համակարգումը, ինչպես նաև, ՀՀ-ի ներքին լարված քաղաքական և տնտեսական իրավիճակը մեղմելու նպատակով եվրոպահայության ներուժը դեպի Հայաստան ուղորդելու աշխատանքները:

Հետևաբար ԵՀՄՖ Նախագահությունը, շարունակելով իր ժողովրդավարական բաց գործունեությունը, պատրաստ է Համագումարի հրավեր ուղարկել հայ մտավորականության այն ներկայացուցիչներին, որոնք ասելիք կունենան ԵՀՄՖ Համագումարի օրակարգային հարցերի շրջանակներում (տեղերի սահմանափակության պատճառով Համագումարին մասնակցել ցանկացողներին խդրվում է մոտակա 5 օրերի ընթացքում դիմել ԵՀՄՖ նախագահությանը հետևյալ հասցեով`faae@faaeurope.eu):

ԵՀՄՖ Նախագահություն

 

ԵՀՄՖ հայտարարությունը

 

Վերջերս Ադրբեջանը հրատարակեց իր համար անցանկալի օտարերկրացիներին <<persona non grada>> կարգավիճակ տալու մասին: Սլովակիայից այդ ցուցակում ներգրավված են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Սլովակիայի Ազգային Ժողովի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Աշոտ Գրիգորյանը տարիներ առաջ Սլովակիայի արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կառավարական պատվիրակության կազմում պաշտոնական այցով եղել է Բաքվում և շատ համեմատելու բաներ ունի: Երկրորդ անգամ Բաքու այցելել պարոն Գրիգորյանը չի պլանավորել և համարում է ժամանակի կորուստ: Ըստ պարոն Միկլոշկոյի, այսօր ժամանակը նույնպես այնքան թանկ է, որ երբևիցե Ադրբեջան այցելելու մտադրություն նա չունի և չէր կարող ունենալ, եթե իհարկե ադրբեջանական իշխանությունները հատուկ խնդրանքով չդիմեին նրան և չստեղծվեր առանձնահատուկ առիթ: Սա իմիջիայլոց: Իսկ այսօր մենք ուզում ենք խոսել մի քանի ամիս առաջ մայիսին, Բրատիսլավայում հրատարակված Ֆրանտիշեկ Միկլոշկոյի <<Ժամանակի նշանները>> գրքի շուրջ, որը ուներ նաև <<Սլովակիայի կոորդինատները 1982-2012>> ենթավերնագիր: Հեղինակը, ով կոմունիզմի ժամանակ 20 տարիների ընթացքում մասնակցել է ընդհատակյա կաթոլիկ եկեղեցու աշխատանքներին և հետագա 20 տարիների ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ` եղել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ (1990-1992) և պատգամավոր (1992-2010), այս գրքում ներկայացնում է իր մտքերը 1982-2012 ժամանակահատվածի հասարակական զարգացումների վերաբերյալ: 

Մինչ կոմունիզմի անկումը,  նա ինքնուրույն հրատարակել է հոդվածներ, այնուհետև ունեցել հասարակական ելույթներ: Գիրքը առաջին հերթին նվիրված է Սլովակիային, սլովակ ժողովրդի մտածելակերպին և նրա առջև ծառացած խնդիրներին: Սակայն Ֆրանտիշեկ Միկլոշկոն գրքում ներառել է երկու հոդվածներ, որոնք առաջին հայացքից այդքան էլ չէին համապատասխանում ընդհանուր համատեքստին, իսկ դրանք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայի և անցյալի վերաբերյալ մտորումներ և կարծիքներ են: 

Հայությանը նվիրված հոդվածներում հեղինակը արտահայտում է իր հիացմունքն ու խոնարհումը հայերի հանդեպ և մասնավորապես նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, իսկ որպես հիմնական գաղափար նշում է, որ Արցախի հայերը ակամայից պայքարում են հենց Եվրոպայի մշակութային և քրիստոնեական ժառանգությունը պահպանելու համար: 

Հեղինակը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը քրիստոնեական Եվրոպայի կարևորագույն օղակն է հանդիսանում և Արցախի ժողովրդի պայքարը դա յուրօրինակ կոչ է Եվրոպայում ապրող մյուս մարդկանց, որոնք կարծես թե կորցնում են իրենց քրիստոնեական արմատների հետ կապը և նրանց հանդեպ հետաքրքրությունը: 

Նա Հայաստանը և հայկական եկեղեցին գնահատում է որպես Արևելյան Եվրոպայի <<թոքեր>>, առանց որի Եվրոպան չէր լինի Եվրոպա, և ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ 20-րդ դարում ցեղասպանությունների հիմքը ազդարարվեց հենց 1915 թվականի Հայոց Ցեղասպանությամբ: Հեղինակը հստակ ընդգծում է, որ հայերի խնդիրը համարվում է ողջ Եվրոպայինը, այդ թվում նաև Սլովակիայի խնդիրը: 

Գնահատելով Ֆրանտիշեկ Միկլոշկոյի <<Ժամանակի նշանները>> գիրքը` կարելի է եզրակացնել, որ այն ընթերցողին տանում է դեպի Հայաստան` դարձնելով այն ավելի բարեկամական երկիր սլովակների համար` միաժամանակ օրինակ ծառայելով ազգային արժեքների պահպանման գործին նվիրյալների համար:

Ըստ պարոն Միկլոշկոյի, Եվրոպայի քրիստոնեական մշակութային արժեքները լրջորեն վտանգված են, և Եվրոպան պարտավոր է այն պաշտպանել ու դրա պաշտպանությունը պետք է սկսել քրիստոնեական մշակույթի համար <<ֆորպոստ>> հանդիսացող Արցախից, քանի որ Արցախը միայնակ մաքառում է մուսուլմանական ոտնձգությունների դեմ և քրիստոնեական Եվրոպայի օգնության մեծ կարիքն ունի:  <<Կորցնենք Արցախը, կկորցնենք Հայաստանը և կվտանգենք ողջ Եվրոպայի ապագան>>,- ահա պարոն Միկլոշկոյի կրեդոն, որն արտահայտվում է վերջին տարիների նրա ողջ գործունեության մեջ:

 

Բրատիսլավայում տեղի է ունենալու ԵՀՄՖ հերթական Համագումարը

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ Նախագահությունը իր ներկայացուցիչներին և համակիրներին սույն հայտարարությամբ տեղեկացնում է, որ 2013թ. սեպտեմբերի 6-8, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի է ունենալու ԵՀՄՖ հերթական Համագումարը, որն իր մեջ ներառում է չորս նիստեր` օրակարգային հետևյալ հարցերով.

1.Համագումարի բացման արարողություն, ելույթներ`

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյան, ԵՀՄՖ Պատվո նախագահ Թորոս Սակերյան,

Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկի, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հիմնադիր Շտեֆան Հարաբին, Սլովակիայի Ազգային Խորհուրդի առաջին Նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկո

2.Եվրոպայի հայկական կազմակերպությունների համակարգված գործունեություն Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

/զեկուցողներ`Արշալույս Ճգնավորյան, Գևորգ Դանիելյան, Հարություն Առաքելյան/:

3.Հայկական մշակութային ժառանգությունների հանդեպ իրականացվող <<մշակութային ցեղասպանության>> դեմ պայքարի աշխատանքների մասին տեղեկատվություն և ռազմավարության հաստատում /զեկուցողներ` Տաթևիկ Գրիգորյան, Սարգիս Շահինյան/:

4. Ոճրագործ ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակվելու դեմ դատական գործունեություն ծավալելու շուրջ.

ա) ՄԱԿ-ի Հաագայի դատարանին Ադրբեջանի կողմից որպես պետականորեն կազմակերպված ահաբեկչության դեմ հայցի նախապատրաստում

բ) Ադրբեջանի նախագահի և Հունգարիայի վարչապետի կողմից համատեղ իրականացված կոռուպցիայի դատապարտմանն ուղղված քայլեր` հայցի նախապատրաստում ուղղված Ստրասբուրգի Միջազգային Դատարանին, /զեկուցողներ` Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբին, Գևորգ Դանիելյան, Հովհաննես Մարկարյան/:

5. Եվրոպահայության գնահատականները

-ՀՀ ներկայիս ներքաղաքական գործընթացներին,

-Եվրոմիության հետ տնտեսական կապերի զարգացման,

-ՀՀ-ից դեպի եվրոպական շուկա արտահանումների կազմակերպման

- ՀՀ ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ

/զեկուցողներ` Հիլդա Չոբոյան, դոկ. Աշոտ Գրիգորյան/:

Համագումարին զուգահեռ կազմակերպվելու են մշակութային միջոցառումներ և էքսկուրսիաներ, որի ընթացքում հնարավորություն կստեղծվի շփումներ ունենալ Սփյուռքի և Հայրենիքի ճանաչված հասարակական, քաղաքական, հոգևոր, ինչպես նաև մշակութային գործիչների հետ:

 

ԵՀՄՖ. «Հայաստանի իշխանության կողմից վարվող բացառիկ ոչ արհեստավարժ քաղաքականությունը որակավորվում է որպես հայրենատյացություն»

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-8, Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ 15-ամյա հոբելյանական Համագումար, որին մասնակցում էին Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչներ, Եվրոպայի 23 երկրներից, ինչպես նաև Հայաստանից ու Իսրայելից մեծաթիվ հյուրեր և պատվիրակներ:

Համագումարը սկսվեց Սլովակիայի և Հայաստանի հիմների կատարմամբ: Համագումարի բացմանը և փակմանը առաջին անգամ հնչեց նաև մեծանուն մաեստրոյի, աշխարհի ամենահայտնի հայ՝ Շառլ Ազնավուրի կողմից ԵՀՄՖ-ին նվիրված  «Քեզ համար Հայաստան»  երգը, որը նրա թույլտվությամբ դարձավ ԵՀՄՖ-ի օրհներգը: Շնորհավորանքներ էին ստացվել աշխարհի տարբեր ծայրերից, հայկական կազմակերպություններից և մեծանուն անվանի հայ մշակութային ու հասարակական գործիչներից: Առանձնահատուկ հետաքրքիր էր Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայտնի կոնգրեսմեն Բրետ Շերմանի ստորագրությամբ ստացված սերտիֆիկատը, որտեղ նշված էր, որ ԵՀՄՖ-ն ստանում է նվեր՝ այս տարվա հուլիսի 1-ին Կոնգրեսի գագաթին ծածանված ամերիկյան դրոշը:

Համագումարի առաջին նիստը ամբողջովին նվիրված էր ԵՀՄՖ-ի կողմից Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շուրջ գործնեության համակարգմանը: Կարևորագույն ելույթները (Արշալույս Ճգնավորյան՝ Ավստրիա, Հիլդա Չոբոյան՝ Ֆրանսիա, Միհրան Դաբաղ՝ Գերմանիա և Հարություն Առաքելյան՝ Չեխիա) նվիրված էին միջազգային իրավունքի հիման վրա Հայոց Ցեղասպանության դատապարտումը Միացյալ Ազգերի Կազմակերպությունում /ՄԱԿ/ և այլ կարևոր միջազգային ատյաններում լսելուն ու փոխհատուցման կոնկրետ պահանջները ներկայացնելուն, այսինքն Հայոց Ցեղասպանությունը տարբեր երկրների պառլամենտներում ընդունելու և դատապարտելու գործընթացից իրավական դաշտ տեղափոխելու վերջնական արդյունքի բերող գործընթաց սկսելուն: Մասնակիցները միահամուռ կերպով հաստատեցին գործողությունների պլանը, որը տեղ գտավ Համագումարի Բանաձևում:

Ցեղասպանության կարևորագույն բաղադրիչներից՝ մշակութային ցեղասպանությանն էր նվիրված ԵՀՄՖ-ի՝ Մեծ Բրիտանիայի պատվիրակ և նախագահության անդամ Տաթևիկ Գրիգորյանի բացառիկ մասնագիտական զեկույցը, որտեղ հստակ ներկայացվեց մշակութային ցեղասպանության իրավական ասպեկտները, և պահանջն այն ներգրավել Ռաֆաել Լեմկինի կողմից 1948 թվականին տպագրված ցեղասպանության բանաձևում:

Հատուկ նիստի ընթացքում քննարկվեց ազեր-թուրքական լոբբինգի դեմ տարվող պայքարի կտրուկ ուժեղացման անհրաժեշտության խնդիրը: Որոշվեց այն համակարգելու համար ընդունել Արցախի ներկայացուցիչ, խոշոր գործարար և հայտնի բարերար պարոն Լևոն Հայրապետյանի առաջարկությունը՝ համահայկական ֆինանսական ֆոնդ հիմնելու, և դրանով սատարելու համաշխարհային «Հայ պահեստազորների և վետերանների միության» ստեղծումը: Այդ առթիվ որոշում ընդունվեց Եվրոպայի և աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ կան հայ վետերաններ, սպաներ, և ռազմական կրթություն ստացած գործիչներ, ինչպես նաև այդ հարցում օտարերկրացի համակիրներ, ստեղծել միության ներկայացուցչություններ, և պատրաստել նրանց Հայաստանի պաշտպանության համար առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ոտքի ելնելուն: Միաժամանակ այդ միության առաջ դրվեց խնդիրներ՝ Հայաստանում արտագաղթը կասեցնելու նպատակով պատրաստ լինել երկրի ներքին քաղաքական կյանքի վրա ազդելու և ընդհուպ իշխանափոխության պահանջը ներկայացնելու ու սատարելու:

Հայտարարվեց, որ այսօր Հայաստանի արտագաղթը ու իշխանության կողմից վարվող բացառիկ ոչ արհեստավարժ քաղաքականությունը որակավորվում է որպես հայրենատյացություն և ստեղծված ոչ իրավական ու արդարադատության բացարձակ բացակայության հետևանքով երկիրը դատարկվել է և շարունակում է դատարկվել: Նշվեց, որ լքողների շարքերում են հատկապես կարող որակյալ մասնագետները և արհեստավարժ գործիչները: ԵՀՄՖ-ն ընդունեց որոշում՝ ստեղծել «Համահայկական ճակատ», որտեղ ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի և Սփյուռքի անխտիր բոլոր կազմակերպությունները, կուսակցությունները և անհատները՝ ի դեմս քաղաքական ու հասարակական գործիչների: Այդ ճակատի հիմքը կհանդիսանա վերոհիշյալ «Հայ պահեստազորների և վետերանների միությունը», որը կպայքարի Հայ Դատի իրականացման համար, որի մեջ լրացուցիչ կետով առաջին անգամ ներառվում է նաև Հայաստանի ներքին թշնամիների դեմ պայքարը: Համագումարին նշվեց, որ Հայաստանի ներքին թշնամիներ համարվում են բոլոր այն պաշտոնյաները, որոնք հայտնի են իրենց կոռուպցիոն գործունեությամբ, արհամարհում են քաղաքացիական հասարակության պահանջները և ծառայում են ընդամենը իրենց կուսակցական ու անձնական շահերին: Հնչեց պահանջ Հայաստանի Հանրապետական Կուսակցության /ՀՀԿ/ կողմից համակարգված իրականացվող թալանը և Հայաստանի ազգային շահերին մեծ վտանգ սպառնացող գործընթացները կասեցնելու համար դիմել «Ազգային ճակատի» և «Հայ պահեստազորների և վետերանների միության» օգնությանը: ԵՀՄՖ-ն իր Համագումարի արդյունքում կոչ է անում բոլոր հայրենասեր, սթափ մտածող անհատներին, կազմակերպություններին և կուսակցություններին համախմբվելու ԵՀՄՖ-ի կոչի ներքո «Ազգային ճակատի>> տանիքի տակ: ԵՀՄՖ-ն իր հարյուրավոր պատվիրակների և ներկայացուցիչների միջոցով կկազմակերպի <<Ազգային ճակատի>> ստեղծումը, որի գործնեության միակ նպատակը Հայաստանի արտագաղթը անհապաղ նվազագույն ժամականերում կասեցնելն է:

Այդ նպատակով ԵՀՄՖ-ն պատրաստ է հսկայական տնտեսական օգնություն ցուցաբերել և՛ արտահանումները, և՛ ներդրումները խրախուսելու այն ծրագրի շրջանակներում, որը պատրաստվեց ու քննարկվեց Համագումարի ընթացքում՝ զուգահեռաբար իշխանություններից պահանջելով ենթարկվել քաղաքացիական հասարակության պահանջներին կամ կոռուպցիան հասցնել անվտանգ նվազագույնի, վերականգնել արդարադատությունը և ՀՀ քաղաքացու իրավական պաշտպանվածությունը, բանակցել ստեղծվող <<Ազգային ճակատի>> նախագահության հետ, գնալ հսկայական զիջումների քաղաքացիական հասարակության պահանջները բավարարելու ճանապարհին կամ անմիջապես իշխանությունը վայր դնել:

ԵՀՄՖ-ի Համագումարում հատուկ նշվեց, որ Հայաստանում պիտի բացառվեն բախումները իշխանության ու արդար պահանջների ելած քաղաքացիական հասարակության միջև, և պետք է բացառել բռնություններն ու արյունահեղությունը: Իշխանափոխությունը պետք է լինի փոխադարձ համաձայնությամբ և երկրի տնտեսությանն ու արտաքին քաղաքականությանը վտանգ չսպառնացող ուղիով: ԵՀՄՖ-ի բոլոր պատվիրակները և ներկայացուցիչները համոզված են, որ այն ուժերը, որոնք կանգնած են <<Ազգային ճակատի>> կողմից կազմակերպվելիք գործընթացի մեջքին, ունակ են կոչի մեջ ներկայացված պահանջների իրականացումը կատարելուն: Հետագա հաղորդագրությունների մեջ կմանրամասվեն Համագումարի բանաձևը և կներկայացվեն կոչն ու բանաձևն ամբողջովին:

ԵՀՄՖ-ի 15-ամյան հոբելյանական Համագումարի նախագահություն

Սլովակիա, Բրատիսլավա

 

ԵՀՄՖ. «Այսօր վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում»

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-8-ը Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ 15-րդ հոբելյանական Համագումարը, որին մասնակցում էին Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչներ, մեծաթիվ հյուրեր և պատվիրակներ Եվրոպայի 23 երկրներից, ինչպես նաև Հայաստանից ու Իսրայելից: Համագումարին ներկայացվեցին և քննարկվեցին աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերին առնչվող խնդիրների լուծմանը միտված առաջարկություններ, մասնակիցները հաստատեցին գործողությունների հստակ պլան, որը տեղ գտավ մոտ ապագայում ներկայացվելիք Համագումարի Բանաձևում: Համագումարը ընդունեց նաև կոչ` ուղղված աշխարհասփյուռ հայությանը, որն էլ ստորև ներկայացվում է Ձեր ուշադրությանը:

 

ԵՎՐՈՊԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովրդի առջև ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից, և բազմաթիվ հայորդիներ փորձում են վերացնել դրանց հասցրած վնասները, և գալիք սերունդներին իրազեկել պատմական անարդարությունների մասին, մասնակից դարձնել հայրենասիրական և հայապահպանման ծրագրերի իրագործման գործին:

ԵՀՄՖ Համագումարի մասնակիցները գտնում են, որ այսօր վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում` փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռելով ազգային ունեցվածքը, պաշարները, չխնայելով անգամ բնությունը և մարդկաց, գալիք սերունդների առողջությունը, որն արտահայտվում է օր-օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է հանդիսանում ՀՀ վարչախմբի կողմից վարվող քաղաքականությունը` հիմնված անարդարության, անպատժելիության, ցինիզմի, իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ ատելության վրա:

Մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել և արարել այլ երկրներում:

Հիմք ընդունելով վերը նշված բարդագույն իրավիճակը Հայրենիքում՝ կոչ ենք անում Հայ Ազգին, Սփյուքռի և Հայաստանի ողջ հայությանը, միանալ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի շրջանակներում ստեղծված  <<Համահայկական ճակատ>>-ին, որի հիմնական նպատակն է լինելու մեկտեղել համայն հայության ներուժը` երկրում արդարության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանվածության հաստատման և անցնցում իշխանափոխության իրականացման համար: Միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը ունի իրավունք հանդես գալու Հայաստան պետության անունից և կարող է լուծել համայն հայության խնդիրները, իսկ Սփյուռքը իրավասու և պարտավոր է իր անմիջական մասնակցությունը բերել Ազգի հրատապ փրկության այս գործընթացին:

ԵՀՄՖ-ի 15-ամյա հոբելյանական Համագումարի նախագահություն

Սլովակիա, Բրատիսլավա

 

ԵՀՄՖ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ Բրատիսլավայի Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ կենտրոնական գրասենյակում երեկ տեղի ունեցավ հանդիպում ԵՀՄՖ Նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի և Սլովակիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Պավել Կուզնեցովի միջև, որն անցավ ջերմ ընկերական մթնոլորտում:

Դեսպանը հենց հանդիպման սկզբում հաճելի անակնկալ մատուցեց՝ հայտարարելով, որ հիացած է սեպտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի ունեցած ԵՀՄՖ-ի 15-ամյա գործունեությանը նվիրված համագումարի կազմակերպական որակից և նրանում ընդունված որոշումներից, որի մասին էլ նոտա է ուղարկել Կրեմլ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ և ռուս ժողովուրդների հանդեպ ծառացած մարտահրավերների լայն շրջանակները և դրանց հաղթահարմանը նպաստելու ուղիները, Եվրամիություն-Հայաստան-Ռուսաստան բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը և դրանում Հայաստանի խիստ կարևոր դերակատարությունը՝ որպես կամուրջ հանդիսանալու հնարավորությունները: Այդ համատեքստում կողմերը անդրադարձ կատարեցին Հայաստանի նախագահի կողմից սեպտեմբերի 3-ին ստորագրված Մաքսային միությանը անդամակցելու անսպասելի որոշմանը, իսկ ընդհանուր գնահատականն էր, որ Եվրամիություն-ԱՊՀ երկրների փոխհարաբերությունները անհեռանկարային են, եթե հիմնված են «կա՛մ...կա՛մ...» սկզբունքի վրա: Հատուկ նշվեց, որ այդ հարաբերություններում տվյալ երկրների ժողովուրդների շահերից են բխում, որ ցանկացած նոր քաղաքա-տնտեսական միավորման ստեղծումը պետք է նպատակաուղղված լինի տվյալ տարածաշրջանի համար խաղաղությանը,  զարգացմանը և բարեկեցությանը, և ոչ թե նոր խնդիրների առաջացմանը:
Քննարկվեցին նաև Սիրիայի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց կիզակետում հայտնված հայության հանդեպ առաջացած խնդիրների հաղթահարման հնարավորությունները:
Հետագա մտքերի փոխանակության ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին հարաբերությունների խորացման, հետագա համատեղ ծրագրերի իրականացման և հանդիպումները հաճախակի դարձնելու խիստ անհրաժեշտությունը:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը պարզաբանում է

 

Վերջին օրերին հայկական և արտասահմանյան խիստ որոշակի լրատվամիջոցներ տարօրինակ կերպով նույնաբովանդակ ապատեղեկատվություն են տարածում սեպտեմբերի 6-8 Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցած ԵՀՄՖ 15-ամյա գործունեությանը նվիրված Համագումարի ընթացքի և նրանում ընդունված որոշումների մասին:

Այդ կապակցությամբ մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ Համագումարին ներկա էին պատվիրակներ ու հյուրեր եվրոպական 23 երկրներից, այդ թվում նաև Իսրայելից և Հայաստանից 11 անձ, որոնցից 4 պատվիրակ և 7 հրավիրյալ: Անկախ ներկաների կարգավիճակից ելույթի հնարավորություն տրված էր բոլոր ցանկացողներին:

Սակայն հետհամագումարյան ժամանակահատվածում որոշակի հյուրեր իրենց իրավունք են վերապահել անել լուսաբանություններ և հայտարարություններ, որոնք հավանաբար թյուրըմբռման արդյունքում իրենք իրենց հյուրի կարգավիճակը շփոթել են պատվիրակի կարգավիճակի հետ կամ հավանաբար իրենք իրենց երևակայել են, թե մասնակցում են որևէ կուսակցական համագումարի:

Այդ առթիվ պարզաբանում ենք, որ ԵՀՄՖ-ի կամ նրա Համագումարի օրակարգի, բանաձևի և որոշումների մասին հայտարարություն անելու իրավասությունը վերապահված է պատվիրակին և այն էլ այն պարագայում, երբ նախօրոք համաձայնեցված է Նախագահության հետ: Գալով ապատեղեկատվությանը՝ նշենք, որ տարածված հիմնական բացահայտ սուտը կայանում է նրանում, թե իբր Համագումարի մեջ չի եղել Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող օրակարգային հարց և իբր չի քննարկվել ու ընդունվել անարյուն իշխանափոխությանը միտված առաջարկություններ: Նույնիսկ նշվում է, թե իբր ԵՀՄՖ Պատվո Նախագահ Թորոս Սակերյանը /Շվեյցարիա/ դեմ է եղել... Իրականությունը ճիշտ հակառակն է՝ նրա և այլոց առաջարկությամբ է կազմվել Համագումարի օրակարգի այն հատվածը, որտեղ էլ նա պնդել է ամրագրել սփյուռքի անվերապահ մասնակցությունը հայաստանյան ներքաղաքական կյանքին, և դիտորդի դերում մնալը այլևս դավաճանություն է հայաստանցիների հանդեպ:

Հայաստանից հյուրի կարգավիճակ ունեցող Գևորգ Դանիելյանը ՌԵԳՆՈՒՄ-ին տված հարցազրույցում ազնվորեն փաստում է Համագումարին հնչած իշխանափոխության առաջարկությունները, սակայն համաձայն իր ստացած տպավորության առավել ծայրահեղ ձևակերպումով է ներկայացրել, որը մեջբերում ենք բառացի.

"Думаю, организаторы конференции поступили добросовестно, при составлении текста революции основываясь на позиции большинства участников.":

Այս առթիվ պարզաբանում ենք, որ Համագումարին չի հնչել հեղափոխություն բառը, ինչպես նշված է վերոհիշյալ ռուսորեն տեքստում, այլ հնչել էր անարյուն իշխանափոխություն բառակապակցությունը: Լևոն Հայրապետյանն էլ իր ելույթում առաջարկեց իշխանափոխության սեփական տարբերակը, ըստ որի այն պետք է տեղի ունենա ընդամենը 20 րոպեում... Համագումարի բոլոր ելույթները նկարահանված են և ցանկացողներին կարող ենք այն տրամադրել:

Այո՛, իշխանափոխության անհրաժեշտությունը պատվիրակների և հյուրերի մեծամասնության կարծիքով օրվա պահանջն է, քանզի հակառակ պարագայում ՀՀ-ի անվտանգության խնդիրը դառնում է ծայրահեղ անլուծելի: Ելույթների և զեկույցների հիման վրա էլ հետագայում պատրաստվեց Համագումարի Կոչը և այն տարածվեց մամուլով՝ Համահայկական Ազգային Ճակատ ստեղծելու վերաբերյալ: Այսօր բազմաթիվ հայորդիներ, կազմակերպություններ իրենց գրավոր համաձայնությունն են հայտնում այդ գաղափարին մաիանալուն և այն կյանքի կոչելուն: Ապատեղեկատվության մեջ նշվում է նաև, թե իբր Համագումարի Բանաձևի մեջ իշխանափոխության մասին չկա կետ: Նախ նշենք, որ ներկայացվածը Բանաձևի նախագիծն է, և ավելին, նա դեռ հարստացվելու է զեկույցներով և արժեքավոր առաջարկներ պարունակող ելույթներով: Իսկ Բանաձևի նախագծում իշխանափոխության վերաբերյալ հարցը ներկայացված է <<ՀՀ-ի ներքաղաքական հարցերին Սփյուռքի անմիջական մասնակցության ծրագրերի մշակում և իրականացում>> թիվ 8 կետում:

Չնայած այն հանգամանքին, որ ԵՀՄՖ-ն լոբբիստական կազմակերպություն է, և գործունեության արդյունավետությունից ելնելով պարտավոր չէ ամեն բան հրապարակել, սակայն ԵՀՄՖ Նախագահությունը որոշել է մոտ ապագայում Բանաձևն ամբողջական կազմելուց հետո հրապարակել այն, որպեսզի <<հետաքրքրասերների>> համար պարզ լինի, թե ինչ ուղղություններով է նախանշված ԵՀՄՖ գալիք տարիների գործունեությունը:

Ընդհանուր առմամբ, վերլուծելով ԵՀՄՖ Համագումարի հանդեպ կերակրատաշտին կից տարատեսակ և տարաբնույթ լրատվամիջոցների, դիվանագետների, անհատների միջոցով վարչակազմի բարձրացրած հիստերիան, եզրահանգում ենք, որ ԵՀՄՖ Համագումարի որոշումները և նրանց կյանքի կոչելը խիստ անհրաժեշտ են և ճիշտ ժամանակահատված է ընտրված այն իրականացնելու համար:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

23.09.2013թ.

 

ԵՀՄՖ Նախագահությունը շնորհավորում է ՀԱՅԱՍՏԱՆԻ

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-րդ տարեդարձը



Սիրելի՛ Հայրենակիցներ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ Նախագահությունը շնորհավորում է աշխարհասփյուռ հայության ամենանվիրական տոնը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-րդ տարեդարձը:
Հետհայացք նետելով անցած տարիներին` համոզվում ենք, որ Հայ Ազգը հերոսական և հրաշագործ է, քանի որ 10 միլիոն հայորդիներ սեփական ուժերի վրա հենվելով, առանց «հզորների» լուրջ աջակցության կարողացան հաղթահարել սովետական կայսրության փլուզման, երկրաշարժի, պարտադրված պատերազմի, տնտեսական ահավոր ճգնաժամի և բազմաթիվ տարաբնույթ աղետների:

Սակայն աղետները դեռ ավարտված չեն, ընդհակառակը՝ լուրջ մարտահրավեր է նետված հայաստանյան վարչակազմի անփառունակ գործունեության շնորհիվ, որի հետևանքով վտանգված է Հայ Ժողովրդի գոյությունը սեփական երկրում: 
Այն արտհայտվում է օր-օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է ՀՀ վարչախմբի կողմից վարվող համատարած անարդարության ու անպատժելիության, ցինիզմի ու համատարած ատելության մթնոլորտը` իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ, հետևաբար մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել և արարել այլ երկրների անարդարությունների պայմաններում, քան սեփական երկրում: Եվ այս ամենը տեղի է ունենում դեռ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռում է ազգային ունեցվածքը, պաշարները` չխնայելով բնությունն ու մարդկանց և գալիք սերնդի ունեցվածքն ու առողջությունը:

Սիրելի՛ Հայրենակիցներ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ Նախագահությունը կոչ է անում աշխարհասփյուռ հայ հանրությանը ուժերի համակենտրոնացման, քանի որ Անկախության կերտումը դժվարին էր, սակայն անկախության պահպանումն ու ամրապնդումը շատ ավելի դժվար է: Այն պահանջում է հավաքական հավատք ու կամք և մանավանդ՝ ազատ մտածող ու իր Հայրենիքի ապագայի հանդեպ պատասխանատվության զգացում ունեցող հայորդիների ամբողջական համաձայնություն: Օրվա հրամայական է դարձել սփյուռքահայության անմիջական աջակցությունը Հայրենիքում արդարության համար պայքար մղող բանակում զավակներին կորցրած մայրերին, սոցիալապես և հոգեպես ճնշված ազատամարտիկներին, գործազուրկ դարձած նաիրիտցիներին, բնապահպանական ճակատ ստեղծած երիտասարդներին և անարդարության, թալանի ու կոռուպցիայի զոհ դարձած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներին:

Բոլորս պետք է գիտակցենք, որ այլևս լռել ու հանդուրժել չի կարելի ներքին բաշիբոզուկներին, քանի որ պատմությունը մեզ վերջնաժամկետ է ներկայացրել, հետևաբար վերահաստատում ենք ԵՀՄՖ Համագումարի կողմից առաջարկված Համահայկական Ազգային Ճակատ ձևավորելու գաղափարը, որի հիմնական նպատակն է կարճ ժամանակահատվածում իշխանափոխության հասնելը:

 

 ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

 

«Իմ տպավորությունները դեռ թարմ են 2009-ի ֆրանսահայերի բողոքի ցույցից, երբ Ս. Սարգսյանը ծաղկեպսակ էր դնում Կոմիտասի արձանին». ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյան

 

«2009 թ-ի հոկտեմբերի 2-ին առաջին անգամ տեղի ունեցավ նախագահ Սարգսյանի հանդիպումը եվրոպահայ քաղաքական հայտնի գործիչների հետ Փարիզում, որտեղ առաջին ընդհարումը տեղի ունեցավ Սփյուռքի և հայոց նախագահի միջև, երբ որ մենք իրեն խիստ քննադատեցինք հայ-թուրքական արձանագրությունների անխոհեմ, առանց նախապատրաստվելու և բացարձակապես ոչ արհեստավարժ ձևակերպումների համար, խոսքը Թուրքիայի շահերը 100 տոկոսով հաշվի առած Հայաստանին ի վնաս արձանագրությունների ստորագրումն էր: Մենք քննադատեցինք, և տեղի ունեցավ խոշոր ցույց Կոմիտասի արձանի մոտ, երբ Հայաստանի նախագահը մոտենում էր արձանին՝ հենց ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում սպասվող ֆրանսահայերի բողոքի ցույցին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ելույթ է ունենալու Ստրասբուրգի Եվրոպական Խորհրդում: Հայությունը ցույց է կազմակերպել դեռևս այսօրվանից, որը տևելու է մինչև հոկտեմբերի 3-ը:

«Եվրոպայի գնահատականը խիստ բացասական է այսչափ հապճեպ խաղատնային քաղաքականության նկատմամբ, և Եվրոպան անչափ զայրացած է, որ անկանխատեսելի քայլեր է անում Հայաստանի նախագահը: Անկանխատեսելի ոչ միայն Եվրոպայի, այլև հենց իր համար: Հայաստանի նախագահը իրեն չի զգում այնպես, ինչպես ձուկը ջրում՝ ունենալով այնպիսի արտգործնախարար, ինչպիսին Է. Նալբանդյանն է, նա չի կարողանում ժամանակին ունենալ ճիշտ ահազանգեր և գնահատականներ ու սխալը սխալի հետևից է թույլ տալիս: Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ Ֆրանսիային, իմ այդ տպավորությունները 2009-ի բողոքի ցույցից դեռ թարմ են: Ֆրանսահայ համայնքը խիստ բացասական է գնահատում վերջին տարիներին նախագահի և արտգործնախարարի ամբողջ գործունեությունը»:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ բոլորը խիստ քննադատությամբ են մոտենում այդ հապճեպ որոշումներին և անխոհեմ քայլերին: «Դիվանագիտության մեջ մի նախագահի այցը մյուս երկիր նախապատրաստվում է գոնե մեկ տարվա ընթացքում, անհասկանալի է, թե ինչու մեր նախագահի ձին այսպիսի կտրուկ շրջադարձեր է անում: Բայց պարզ է մի բան՝ իրավիճակը պետք է փրկել, և դա է փորձում անել Ս. Սարգսյանը: Երկու կողմերին՝ Եվրոպային և Ռուսաստանին խաբելու քաղաքականությունը, որ անում է Ս. Սարգսյանը, պետք է վերջակետել, նախագահը  իր կարծիքով փրկարար քայլ է անում՝ դրությունից մի կերպ դուրս գալու համար: Սակայն, մեր կարծիքով, այդ քայլերը փրկարար չեն, այլ կործանարար: Եվրոպահայ լոբբինգը պատրաստ է սատարելու Հայաստանին արտաքին քաղաքական բոլոր խնդիրների մեջ, միայն եթե մենք տեսնենք, որ արտգործնախարարը, նախարարությունը, իշխանությունները ունեն ականջներ լսելու և ցանկություն ունեն մեր խորհրդատուների հետ խորհրդակցելու, հակառակ դեպքում մենք պետք է որ հասկանանք, որ մեր նավերը տարբեր ուղղություններով են գնում»: