Header

EN | AM
President FAAE

Dr. Ashot Grigorian, DrSc

CONTACT

FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE (FAAE)

Krajna 86
821 04 Bratislava
Slovakia
Office tel: +421 2 4820 2310
e-mail: faae@faaeurope.eu

ԵՀՄՖ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը  2013 թվականը հայտարարում է հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի: Մշակութային ցեղասպանությունները որպես կանոն նախորդում և հաջորդում են ցեղասպանությանը: Այդ առումով հատկապես ահավոր է հայկական մշակութային ժառանգության վիճակը հարևան երկրների տարածքներում: Միակ երկիրը, որտեղ ուշադրության են արժանացել հայկական կոթողները` Իրանն է, որտեղ պետությունը հատկացրել է եկեղեցիների վերականգման համար ֆինանսավորում: Որոշակի շահադիտական նպատակներով վերականգնվել է նաև Ախթամարի վանքը Թուրքիայում, որի շուրջ կան հստակ վերապահումներ: Հատկապես ծրագրավորված ոչնչացվել են Ադրբեջանի տարածքում մեր մշակութային կոթողները, այդ թվում նոր Ջուղայի հանճարեղ խաչքարերը: Այն հիանալի ներկայացված է Տաթևիկ Գրիգորյանի  <<Մշակութային Ցեղասպանություն>> /,,Cultural Genocide,, University College London/ աշխատության մեջ, որը հրապարկվել է անգլերեն լեզվով և լույս է տեսնելու մոտ ժամանակներս նաև հայերեն: 
2011թ-ին ԵՀՄՖ-ն դիմեց UNESCO-ի և ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ պահանջելով ուսումնասիրել և դատապարտել Նախիջևանում կատարվածը, ու ստացավ իրականությանը անհամապատասխանող բացատրություններ: Ֆեյսբուքյան ԵՀՄՖ-ի էջին մենք տեղադրել ենք նամակագրությունն ամբողջովին, և սպասում ենք բոլոր հայրենասերների օգնությունն այս բանակցությունները հաղթական ավարտի հասցնելու համար: 
Միաժամանակ մենք սկսել ենք հայկական մշակույթի կեղծարարությունների դեմ պայքար ,,Բրիտիշ մուզեում,,-ի օրինակի վրա, երբ ուրարտական շրջանի մշակութային ցուցանմուշները ներկայացված են ,,Հնագույն Թուրքիա,, անունը կրող ցուցասրահում: Համանման կեղծիքներ կատարվել և կատարվում են ամենուր՝ թուրքական լոբբիստական կազմակերպությունների օգնությամբ: Մեր պարտքն է հատուկ ուշադրության տակ կենտրոնացնել վերոհիշյալ խնդիրները և փրկել կործանումից հայ մշակութային գանձերը, որոնք իրավամբ հանդիսանում են համաշխարհային մշակութային ժառանգության ծանրակշիռ մասը:

 

 ԵՀՄՖ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-8-ը Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ 15-րդ հոբելյանական Համագումարը, որին մասնակցում էին Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչներ, մեծաթիվ հյուրեր և պատվիրակներ Եվրոպայի 23 երկրներից, ինչպես նաև Հայաստանից ու Իսրայելից: Համագումարին ներկայացվեցին և քննարկվեցին աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերին առնչվող խնդիրների լուծմանը միտված առաջարկություններ, մասնակիցները հաստատեցին գործողությունների հստակ պլան, որը տեղ գտավ մոտ ապագայում ներկայացվելիք Համագումարի Բանաձևում: Համագումարը ընդունեց նաև կոչ` ուղղված աշխարհասփյուռ հայությանը, որն էլ ստորև ներկայացվում է Ձեր ուշադրությանը:

 

ԵՎՐՈՊԱՀԱՅՈՒԹՅԱՆԿՈՉԸ

 

Սիրելի Հայրենակիցներ,

Հայ ժողովրդի առջև ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից, և բազմաթիվ հայորդիներ փորձում են վերացնել դրանց հասցրած վնասները, և գալիք սերունդներին իրազեկել պատմական անարդարությունների մասին, մասնակից դարձնել հայրենասիրական և հայապահպանման ծրագրերի իրագործման գործին:

ԵՀՄՖ Համագումարի մասնակիցները գտնում են, որ այսօր վտանգված է Հայ Ժողովրդի գոյությունը սեփական երկրում` փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռելով ազգային ունեցվածքը, պաշարները, չխնայելով անգամ բնությունը և մարդկաց, գալիք սերունդների առողջությունը, որն արտահայտվում է օր-օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է հանդիսանում ՀՀ վարչախմբի կողմից վարվող քաղաքականությունը` հիմնված անարդարության, անպատժելիության, ցինիզմի, իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ ատելության վրա:

Մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել և արարել այլ երկրներում:

Հիմք ընդունելով վերը նշված բարդագույն իրավիճակը Հայրենիքում, կոչ ենք անում Հայ Ազգին, Սփյուքռի և Հայաստանի  ողջ հայությանը, միանալ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի շրջանակներում ստեղծված <<Համահայկական ճակատ>>-ին, որի հիմնական նպատակն է լինելու մեկտեղել համայն հայության ներուժը` երկրում արդարության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանվածության հաստատման և անցնցում իշխանափոխության իրականացման համար: Միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը ունի իրավունք հանդես գալու Հայաստան պետության անունից և կարող է լուծել համայն հայության խնդիրները, իսկ Սփյուռքը իրավասու և պարտավոր է իր անմիջական մասնակցությունը բերել Ազգի հրատապ փրկության այս գործընթացին:

 

ԵՀՄՖ-ի 15-ամյա հոբելյանական Համագումարի նախագահություն

Սլովակիա, Բրատիսլավա   

09.09.2013թ.

 

ԵՀՄՖ նախագահությունը ստացել է բողոքի նոր նամակներ

 

Համաձայն օրերս Երևանում իր ասուլիսի ժամանակ ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի կողմից կատարած հայտարարության` ընդդեմ Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի՝  Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու տարօրինակ որոշման և այն Չեխիայի պառլամենտում օրակարգային հարց դարձնելու կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ԵՀՄՖ-ի գործունեությունն այս հարցում անկասելի է և տալիս է արդեն դրական արդյունքներ:

Բացի նրանից, որ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը բողոք էր հղել Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահին, Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովին, Չեխիայի Հանրապետության գործող նախագահին, ինչպես նաև նորընտիր նախագահին և Արտաքին Գործերի նախարարին, այսօր արդեն ԵՀՄՖ նախագահությունը, կարճատև լոբբինգային գործունեության շնորհիվ,  խնդրի վերաբերյալ ստացել է նոր բողոքի նամականեր՝ այս անգամ  Սլովակիայի Ազգային Խորհրդի Արտաքին Կապերի հանձնաժողովի նախագահ Ֆրանտիշեկ Շեբեյից և նշանավոր քաղաքական գործիչներ, Չեխոսլովակիայի նախկին կառավարության առաջին փոխվարչապետ, Սլովակիայի առաջին կառավարության վարչապետ, այսօր նախագահի թեկնածու դր. Յան Չառնոգուրսկու և Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից: 

Սլովակիայի ԱԽ ԱԿՀ Նախագահ պ. Շեբեյն իր պատասխանում շնորհակալություն է հայտնում ԵՀՄՖ նախագահ պ. Գրիգորյանին իրեն ուղղված հարցադրման համար և հայտարարում, որ <<Սլովակիայի ԱԽ-ն երբեք թույլ չի տա, որ տեղի ունենա համանման սխալ և անտեղյակության աղաղակող փաստ, ինչպիսին կատարվել է Չեխիայի Պառլամենտի Արտաքին Կապերի Հանձնաժողովի կողմից>>: Նա հավաստիացնում է, որ <<Խոջալուի դեպքերի նման առանձնահատուկ վիճելի և խնդրահարույց խնդիրների մեկնաբանության հարցում, Սլովակիայի ԱԽ-ն ոչ մի հայտարարություն չի անի առանց իրականության լիովին  տիրապետմանը>>:

 

Ստորև ներկայացնում ենք պարոնայք Յան Չառնոգուրսկու /<<Մխիթար Գոշ>> շքանշանի ասպետ, պարգևատրված 2002 թ-ին` ՀՀ Նախագահի կողմից/  և Ֆրանտիշեկ Միկլոշկոյի  /ՀՀ ԱԽ բարձրագույն շքանշանի ասպետ, պարգևատրված 2011 թ-ին` ՀՀ ԱԽ Նախագահի կողմից/  Չեխիայի Պառլամենտի Նախագահին ուղղված նամակի հայերեն թարգմանությունը, որը հանձնվել է ԵՀՄՖ-ին այսօր` փետրվարի 4-ին:      

                                                                                                  Չեխիայի Պառլամենտի  Պատգամավորական  Սեյմի  Նախագահ

                                               Մեծարգո   Տիկին   ՄԻՐՈՍԼԱՎԱ  ՆԵՄՉՈՎԱ   

                                               Բրատիսլավա 

Հարգելի Տիկին Նախագահ

Անցյալ օրերին   Չեխիայի Պառլամենտի  Պատգամավորական  Սեյմի   Արտաքին Կապերի Հանձնաժողովը ընդունել է բանաձև, որտեղ  Խոջալու քաղաքում 1992 թվականին տեղի ունեցած դեպքերն  արձանագրել է, որպես ցեղասպանություն: Բանաձևը  նույնպես պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում /հավանաբար ի նկատի ունենալով Խորհրդային Միության ժամանակահատվածը/: Ցանկանում ենք հայտնել մեր կարծիքն ասվածի շուրջ, հայտարարելով, որ Չեխիայի Հանրապետության  Պառլամենտի ՊՍ-ի Արտաքին Կապերի Հանձնաժողովի բանաձևը կտրել է դեպքերը  կոնտեքստից և  այդ առումով  խեղաթյուրում է ճշմարտությունը:  Ստալինյան խեղաթյուրված ազգային  քաղաքականությունը նախկին Ռուսական կայսրության տարածաշրջանում և հետագայում Խորհրդային Միության գոյության ընթացքում հանգեցրեց սուր քաղաքական հակադրությունների: Ադրբեջանի տարածքի վրա ազգային տարաձայնությունները  հանգեցրին հայկական կոտորածների կազմակերպմանը նախ Սումգաիթում`1988-ին, ու այնուհետև Բաքվում և մնացյալ քաղաքներում ու գյուղերում: Այս իրադարձությունները մղեցին  հայերին ինքնապաշտպանության և  Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, ինչպես նաև Ադրբեջանի ու Լեռնային  Ղարաբաղի միջև պատերազմական գործողությունների ձևավորման, որը քողարկված շարունակվում է մինչ այսօր: Միջազգային հանրությունը տարիներ շարունակ փորձում է նվազեցնել տվյալ տարածաշրջանում ստեղծված լարվածությունը Մինսկի խումբ անվան տակ հանդես եկող պետությունների միջոցով: Չեխիայի Պառլամենտի ՊՍ-ի Արտաքին Կապերի Հանձնաժողովի բանաձևը Մինսկի Խմբի կողմից վարվող բանակցություններին դեմ է և խոչընդոտում է նրա գործունեությունը: Եթե հանկարծ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, ինպես նաև Հայաստանի միջև լարվածությունը կրկին վերածվի բաց և թեժ կոնֆլիկտի, Չեխիայի Հանրապետության ՊՍ-ի  Արտաքին Կապերի Հանձնաժողովը կունենա այս զարգացումների մեջ իր որոշակի լուման:

Չեխոսլովակիայի նախկին առաջին փոխվարչապետ, Սլովակիայի Ազգային Խորհրդի Սլովակիայի առաջին վարչապետ, Առաջին  Նախագահ, Սլովակիայի Նախագահի թեկնածու

Դր. ՅԱՆ ՉԱՌՆՈԳՈՒՐՍԿԻ     Դր. ՖՐԱՆՏԻՇԵԿ ՄԻԿԼՈՇԿՈ

 ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

 

ԵՀՄՖ-ն մտադիր է հասնել Չեխիայի խորհրդարանում Խոջալուի մասին բանաձևի կասեցմանը

 

Մարտի 3-ին Բրատիսլավայի նորաբաց հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի կոտորածների ժամանակ ադրբեջանական հրոսակների ձեռքից զոհված անմեղ հայերի հիշատակին: Անմեղ զոհերի հիշատակի հարգման արարողությունը կազմակերպված էր ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից, իսկ պատարագը մատուցվեց Սլովակիայում, Չեխիայում և Հունգարիայում հոգևոր հովիվ, Հայր վարդապետ Բարսեղ Պիլավչյանի կողմից: Հայր Բարսեղն իր ելույթում դիմեց հավաքվածներին` խնդրելով միավորվել, դառնալ մի բռունցք` դիմակայելու համար թուրք-ադրբեջանական ճնշումներին ու լոբբինգին, միաժամանակ չմոռանալով օգնել Հայրենիքին և Հայաստանում ապրող հարազատությանը` մշտական սատարելով նրանց և՛ ֆինանսապես, և՛ բարոյապես:

ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը հավաքվածներին ներկայացրեց Չեխիայի պառլամենտին ուղղված իր բողոք-նամակի դիմաց ստացված պատասխանները` կապված Չեխիայի պառլամենտի արտաքին կապերի հանձնաժողովի, Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն հորջորդող, բանաձևի հետ: Պարոն Գրիգորյանը նշեց, որ ստացվել է Սլովակիայի Ազգային Խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ֆրանտիշեկ Շեբեյի պատասխանը, որտեղ հայտնի քաղաքական գործիչ և սոցիալիստական ժամանակաշրջանում հայտնի այլախոհ պարոն Շեբեյն ամբողջովին սատարում է ԵՀՄՖ-ին` հավաստիացնելով, որ Չեխիայի Պառլամենտի ԱԿՀ-ի անօրինական որոշումը խիստ դատապարտում է ու վստահեցնում, որ Սլովակիայի Պառլամենտն ամբողջովին դեմ է համանման անհիմն ու անտրամաբանական բանաձևերի ընդունմանը հարևան երկրի պառլամենտի կողմից: Պարոն Գրիգորյանն ամբողջովին ընթերցեց նաև Չեխոսլովակիայի վերջին կառավարության վարչապետի առաջին տեղեկալ, Սլովակիայի առաջին վարչապետ, այսօր Սլովակիայի նախագահի թեկնածու, հայտնի քաղաքական գործիչ դր. Յան Չառնոգուրսկու և Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի միացյալ նամակ-դիմումը Չեխիայի Պառլամենտի պատգամավորական սեյմի նախագահ տիկին Միրոսլավա Նեմչովային, որտեղ ուղղակիորեն ասվում է, որ եթե հայ ադրբեջանական հարաբերությունների մեջ լարվածությունը զարգանա և վերածվի պատերազմական գործողությունների, ապա կարելի է վստահորեն ասել, որ Չեխիայի պառլամենտը կունենա իր հսկայական լուման այդ գործում: Հայտնի քաղաքական գործիչները պահանջում են հաշվի առնել իրենց կարծիքը և գրավել օբյեկտիվ ու անաչառ դիրք այս խիստ զգայուն հարցի շուրջ: Դր. Աշոտ Գրիգորյանը հայտնեց իր խորին գոհունակությունը սլովակ քաղաքական գործիչների հասցեին և հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը կհասնի Չեխիայի Պառլամենտում ԱԿՀ-ի կողմից ստորագրված բանաձևի կասեցմանը, դրանով հսկայական հարված հասցնելով Ադրբեջանի պետական ապարատին ու լոբբիստներին` զրոյացնելով նրանց կողմից ծախսած հսկայական ֆինանսներն ու ջանքերը:

Պարոն Գրիգորյանը նշեց, որ սա նաև լուրջ նախազգուշացում է ՀՀ ԱԳՆ-ին իրենց կողմից տարվող թույլ և ոչ արհեստավարժ աշխատանքների հարցում, ու պահանջ հիմնովին վերափոխելու Եվրոպայում վարվող ՀՀ ԱԳՆ-ի գործունեությունը, եթե չենք ուզում լիովին տանուլ տալ Ադրբեջանի դեմ վարվող դիվանագիտական պայքարում:

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

 

 

Ի պատասխան Բրիտանական թանգարանի արձագանքի

 

Պ-ն Նեյլ Մըք Գրեգորին

Բրիտանական Թանգարանի Տնօրեն

Պ-ն  Ջոնաթան Ն. Թաբին

Հնագույն և հին ժամանակների բաժնի տնօրեն

Սիրելի պ-ն Թաբ

Շնորհակալություն 2013թ. հունվարի 20-ին Ձեր նամակի համար:

Մենք երախտապարտ ենք Բրիտանական Թանգարանի դիրքորոշումը` կապված #54  սրահի հետ: Ձեր ծախսած ժամանակի և ջանքերի համար, բացատրելու մեզ Բրիտանական Թանգարանի դիրքորոշումը` կապված #54  սրահի հետ:

Ֆորումի Նախագահությունը քննարկեց Ձեր նամակի բովանդակությունը և չնայած այն հանգամանքին, որ Ձեր առաջարկը բավականին օբյեկտիվ տեսակետ է հանդիսանում տվյալ իրավիճակի մեկնաբանման համար, մենք կցանկանայինք անդրադառնալ Ձեր նամակում բարձրացված որոշ կետերին.

1.-դուք նշում եք. ....<<քանի որ ոչ բավարար իրազեկված անձնակազմի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե սրահի նախորդ անվանումը (Հնագույն Անատոլիա) հստակ չէր մատնանշում սրահի բովանդակությունը>>:  Այո, մենք համաձայն ենք, որ <<Հնագույն Անատոլիա>> անվանումը չէր տալիս բավականաչափ հստակ նկարագրություն սրահում ցուցադրվող նմուշների ծագման վերաբերյալ, բայց <<Հնագույն Թուրքիա>> անվանումը  նույնիսկ ավելի հեռու է այն փոխանցելու համար:

2.- Մեր առաջարկը` վերանվանել <<Հնագույն Թուրքիա>> անվանումը, որպես  <<Ուրարտու, Հնագույն Հայաստան>>, ոչ թե ամբողջ #54 սրահի համար էր, այլ այնտեղ ցուցադրվող բոլոր Հայկական /և դրան առնչվող/ ցուցանմուշներին էր  վերաբերում:

3. - դուք նշում եք, <<ինչպես ես արդեն նշեցի, այս աշխարհագրական տերմինների օգտագործումը Բրիտանական Թանգարանի կողմից նախատեսված է բացառապես հստակություն մտցնելու համար: Երբ սահմանները կամ երկրների անունները փոխվեն, մենք ևս համապատասխանաբար կփոխենք սրահի անվանումը>>: Ի դեպ, որպես անալոգ, դուք Միջագետքի ցուցանմուշները չէիք անվանի Հնագույն Իրաքի` չնայած որ տվյալ տարածքը համընկնում է ժամանակակից Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքներին:

-Իսկ պատերազմների միջոցով և դրան սպասել մենք չէինք ցանկանա:

4.-դուք նշում եք, որ <<Հնագույն>>  անվանման օգտագործումը Թուրքիա բառից առաջ հստակ մատնանշում է մեր այցելուներին, որ սրահում ցուցադրվող իրերը մշակութային առումով թուրքական չեն: Մեր կարծիքով ճիշտ հակառակն է. Դուք լուրջ կեղծիքի առիթ եք տալիս այս կեղծ տերմինն օգտագործելով, և լուրջ թյուրիմածության մեջ եք գցում Ձեր այցելուներին:

5.-կապված ձեր հետևյալ մատնանշման հետ – <<Ես կընդգծեի, որ մենք չենք պնդում, որ այս հնագույն մշակույթները կարող են որևէ կերպ  թուրքական լինել և նաև կասեի, որ դրանք ոչ էլ հայկական են: Չնայած որ  Ուրարտական ցուցանմուշները խստորեն կապված են հնագույն  Հայաստանի աշխարհագրական տարածքի հետ, դրանք նախորդում են այդ տարածքում Հայկական թագավորների իշխանության ժամանակաշրջանին (Երվանդունիների թագավորական տուն), մի տեսակետ, որը ներկայացված է տեղեկատվական ցուցատախտակին` Ուրարտական ցուցադրությունների կողքին>>

Հաշվի առեք խնդրեմ, որ Ուրարտու երկիրը, ինչպես ասորացիներն էին անվանում Արարատ կամ Ուրարատ, հանդիսանում է հնագույն Հայաստանի կարևոր մասերից մեկը: Նրա պատմամշակութային ժառանգության հիման վրա էլ զարգացել է ողջ հայկական հեթանոսական շրջանի և հետագայում էլ քրիստոնեական շրջանի մշակույթը: Այս տարածաշրջանին բնորոշ մշակույթը, որը զարգացվել է հազարամյակներ շարունակ, պետք չէ շփոթել միջին դարերում տարածաշրջաններ թափանցած քոչվոր ցեղերի ստեղծած մշակույթի հետ: Այս պատճառով մենք հավատում ենք, որ ցուցատախտակների վրա տրված հստակ բացատրությունների շնորհիվ կարելի կլինի խուսափել պատմության վերաշարադրումից և այն շահարկումների առարկա դարձնելուց:

Եվ վերջում մի կարևոր դիտողություն - համանման սխալների պատճառով ժամանակակից Թուրքիան, որը ոչ մի ընդհանուր բան չունի ո՛չ Հայկական քրիստոնեական մշակույթի, և ո՛չ էլ առավել ևս նախաքրիստոնեականի հետ, պահանջում է աշխարհի թանգարաններից,  կա՛մ ետ տալ իրենց  պատմամշակութային կոթողները, և կա՛մ վճարել դրանց ցուցադրության համար: Եվ արդյուքում, այսպիսի տերմինաբանություն օգտագործելու դեպքում, Բրիտանական Թանգարանը կարող է համանման պահանջներին դեմ առ դեմ հայտնվել: Մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը ուրախ կլիներ ողջունել Բրիտանական Թանգարանում իր պատմական ցուցանմուշների ցուցադրության հնարավորության ընձեռնումը, ակնկալելով ողջ աշխարհից բազմաթիվ այցելուների հոսքի ներգրավումը: Այս նպատակով էլ անհրաժեշտ կլինի ցուցանմուշները ցուցադրել ինչպես որ նրանք իրականում են, առանց կեղծելու նրանց պատմությունը և թաքցնելու նրանց իրական մշակույթային  ծագումը: Հետևաբար, մենք առաջարկում ենք, որ դուք հանեք հնագույն Թուրքիա անիմաստ ու անհեթեթ վերնագիրը #54 սրահից և ցուցադրեք բոլոր ուրարտական ու հայկական ցուցանմուշները մեկ սրահում` այդ սրահը անվանելով  <<Ուրարտու>> կամ <<Հնագույն Հայաստան>>: Եթե Դուք ցանկություն կունենաք քննարկել այդ հարցը մեզ հետ, ապա Ֆորումը ավելի քան ուրախ կլինի Լոնդոն գործուղել որոշ լավագույն հայ պատմաբանների և մասնագետների, Ձեզ հետ հանդիպելու և այս հարցը առավել մանրամասն քննարկելու համար:

Մենք սպասում ենք Ձեր արձագանքին և հուսով ենք, որ այն չի ուշանա: Դուք անկասկած համաձայն կլինեք, որ այնպիսի ակադեմիական գիտություն, ինչպիսին պատմությունն է, չպետք է հանդիսանա կեղծիքի առարկա, հատկապես աշխարհի այնպիսի  ականավոր հաստատություններում, ինչպիսին հանդիսանում է Բրիտանական թանգարանը, որը եզակի կառույց է համայն մարդկության պատմության հարստությունը անաչառ ձևով ցուցադրելու առումով:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը բողոքով դիմել է ՄԱԿ-ի նախագահին

 

UNDP-ի գրասենյակի տեղափոխման շուրջ բողոք

Մեծարգո պրն. Բան Կի Մուն

Մենք զայրույթով և ափսոսանքով տեղեկացանք ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի գրասենյակը Ստամբուլ, Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ Ձեր մտահաղացման մասին: Մենք նման տեղափոխումը համարում ենք չափազանց մտահոգիչ և ոչ նպատակային՝ հետևյալ ներքոնշյալ գործոնների պատճառով՝

ա) Թուրքիան իր երկրում չի կարողանում ապահովել ազգային փոքրամասնությունների իրավունքները և իրավասությունները

բ) կեղծելով պատմությունը, բռնի կերպով թրքացվում են տեղանունները և անձնանունները,

գ) այլախոհները դաժանորեն պատժվում և բանտարկվում են, ինչպես նաև փորձեր են արվում խոչընդոտելու լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը,

դ) կոնֆլիկտային իրավիճակների ստեղծում և ներգրավվում հարևան պետությունների հետ՝ ընդհուպ մինչև ռազմական միջամտություններ:

ՄԱԿ-ը իր ավանդական նպատակներով համարվում է մարդասիրական կառույց և այդ կառույցի գրասենյակի Թուրքիա տեղափոխումը՝ մի երկիր, որտեղ ամեն կերպ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, մենք համարում ենք բացարձակապես անընդունելի: Եվ մենք վստահաբար կարող ենք պնդել, որ նույնիսկ Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին տրված գումարները բնավ չեն էլ կարող փոխհատուցել այն հսկայական  վնասները (ժառանգության և հնագույն հուշարձանների ոչնչացում, մշտական անբավարար պայմանների առկայություն փախստականների համար, ազգային խտրականության դրսևորումներ և հետապնդումներ՝ անգամ այդ հողի վրա դավադրությունների կազմակերպում, օր. Հրանտ Դինքի սպանությունը), պատճառված այս պետության կողմից: Եվ ինչքան էլ, որ ՄԱԿ-ի կառույցները փորձեն ապացուցել, որ չեզոքության ապահովումը հնարավոր է տվյալ երկրում, մենք համոզված ենք, որ առկա է լինելու ընդհանուր մթնոլորտի բացասական ազդեցությունը:  Եվ իզուր չէ, որ Թուրքիան այսքան տարի ապարդյուն կերպով բախում է Եվրոպայի դռները` փորձելով անդամակցել Եվրամիությանը, և ամեն անգամ մերժում է ստանում վերևում թվարկված պայմանների պատճառով:

Ուստի, մենք հաստատապես համոզված ենք, որ Դուք առավելագույն ջանքեր կգործադրեք այդ որոշման վերանայման ուղղությամբ, դրանով իսկ նպաստելով  այս հարցի շուրջ ծավալված կրքերի լարվածության թուլացմանը:

Հարգանքով`

ԵՀՄՖ-ի նախագահություն

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

06.03.2013 թ.

 

 

Նիտրայում կտեղադրվի կոթող՝ նվիրված սլովակների կողմից թուրքական բանակի ջախջախմանը

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ հաղորդագրություն է տարածել ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պրն. Աշոտ Գրիգորյանի հանդիպման մասին Նիտրայի նահանգապետի հետ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

Այսօր՝ մարտի 12-ին, ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պրն. Աշոտ Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի ամենախոշոր նահանգներից մեկի՝ Նիտրայի նահանգապետ պրն. Միլան Բելիցայի հետ: Նիտրայի նահանգը Նիտրա կենտրոնով համարվում է ոչ միայն Սլովակիայի, այլև ողջ Եվրոպայի հնագույն նահանգներից մեկը: 16-րդ դարում այս տարածքում սլովակյան զորքերը ջարդել են թուրքական բանակին և ետ շպրտել: Նույնիսկ այդ հաղթանակը պատկերված է Նիտրայի գերբի վրա, թե ինչպես Սլովակիայի թագավորը կացնով կտրում է թուրք սուլթանի գլուխը: 863թ. Մորավիայի արքայի պատվերով Կիրիլը և Մեֆոդին պատրաստում են Կիրիլիցա այբուբենը և այցելում Նիտրա՝ ներկայացնելու արքային: Այս տարի՝ հուլիսի 5-ին, մեծ շքեղությամբ տոնվելու է Նիտրայում այբուբենի ընդունման 1150-ամյակը, որին ի թիվս այլ բարձրաստիճան հոգևորական առաջնորդների հրավիրվելու է նաև Հայոց Վեհափառ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Պրն. Գրիգորյանի այցը և հանդիպումը նահանգապետի հետ ուներ երկու նպատակ: Առաջինը սկսել համագործակցություն Նիտրայի նահանգի և Հայաստանի մարզերի միջև՝ տնտեսական և մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, հատկապես արտահանման, ներկրման և մշակութային ոլորտներում աշխատանքների աշխուժացման համար: Երկրորդ կարևոր նպատակը քաղաքական էր: Թուրքիան կես տասնամյակից ավել անում է ամեն ինչ Բրատիսլավայի կենտրոնում վերխոյացող Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթող խաչքարի դեմոնտաժը կազմակերպելու համար: Այդ նպատակով թուրքական ԱԳՆ-ը պահանջ էր ներկայացրել Բրատիսլավայի քաղաքապետարան խնդրանքով. եթե անհնարին է ազատվել հայկական կոթողից, ապա գոնե թույլատրել դրա կողքին տեղադրելու շատ ավելի խոշոր մասշտաբների թուրքական հուշակոթող՝ նվիրված Սլովակիայի հողի վրա թուրք նահատակներին: Սլովակիայի քաղաքապետարանը մերժել էր նաև թուրքերի այդ խնդրանքը: Եվ ահա անցյալ տարեվերջին թուրքական ԱԳՆ-ն, իր դեսպանուհու միջոցով, կարողանում է մտադրությունների պայմանագիր ստորագրել Նիտրայի քաղաքապետարանի հետ՝ այդ քաղաքում նահատակված թուրքերի կոթող տեղադրելու շուրջ: Պրն. Գրիգորյանի և նահանգապետ Բիլիցայի հանդիպման արդյունքում որոշվեց քննարկել Նիտրայի քաղաքապետարանի հետ վերոհիշյալ կոթող տեղադրելու աննպատակահարմարությունը, և չեղյալ հայտարարել ստորագրված մտադրությունների պայմանագիրը: Նահանգապետ Բելիցան հայտարարեց, որ նահանգապետարանը պատրաստվում է ճիշտ հակառակը անել և մոտ ժամանակներս Նիտրայում տեղադրել մի հսկա կոթող՝ նվիրված Նիտրայում սլովակների կողմից թուրքակական բանակի ջարդին և սլովակների կրած հաղթանակին: Վերջում պրն. Գրիգորյանը հայտնել է իր խորին շնորհակալությունը հիանալի ընդունելության և չափազանց արդյունավետ պայմանավորվածությունների ձեռքբերման համար:

 ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

 

Չեխիայի ԱԳՆ-ի պատասխանը ԵՀՄՖ-ի բողոքին

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը սիրով տեղեկացնում է հերթական հայանպաստ գործունեության մասին: 

Օրեր առաջ, Երևանում ԵՀՄՖ-ի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կարճ ժամանակում կասեցնելու է Չեխիայի Խորհրդարանի Միջազգային Հարաբերությունների Կոմիտեի՝ Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու տարօրինակ որոշումը Չեխիայի Պառլամենտում օրակարգային հարց դարձնելը: Պարոն Գրիգորյանը հավատարիմ մնալով իր խոստմանը  և մոբիլիզացնելով լոբբինգային բոլոր հնարավորությունները կարճ ժամանակում գրանցեց դրական արդյունք: Եվ այսպես, ի պատասխան ԵՀՄՖ-ի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի բողոք-նամակի, ստացվել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական  նամակը: 

Նամակում մասնավորապես նշվում է հետևյալը. «Ձեր բողոքը ուշադիր ընթերցեցինք և սիրով տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության  Խորհրդարանի Պատգամավորական Սեյմի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված  թիվ 219 բանաձևը բացարձակապես չունի ոչ մի ազդեցություն Չեխիայի Հանրապետության արտաքին քաղաքականության վրա` կապված Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև կոնֆլիկտի հարցի հետ: Չեխիայի Հանրապետությունն ապագայում ևս շարունակելու է խթանել միջազգային հանրության  և ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերն այս կոնֆլիկտի կողմերի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Չեխիան միաժամանակ ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերություններ երեք կողմերի հետ` դրական արդյունք ստանալու միտումով»:

Ինչպես հետևում է նամակից, Չեխիայի ԱԳՆ-ն ընդհանրապես  տեղեկացված չի եղել Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի և ոչ գրագետ քայլի մասին, հետևաբար կոմիտեի կողմից Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու որոշումը չի կարող համարվել Չեխիայի Հանրապետության պաշտոնական տեսակետ: Նամակում նաև հիշեցվում է, որ Չեխիայի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է Չեխիայի կառավարության և մասնավորապես ԱԳՆ-ի կողմից ու միայն նրանք են իրավասու կատարելու պաշտոնական հայտարարություններ վերոհիշյալ խնդրի շուրջ:  

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը հիշեցնում է նաև, որ վերջերս խնդրո առարկա հարցի՝ Չեխիայի Խորհրդարանի Միջազգային Հարաբերությունների Կոմիտեի՝ Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու տարօրինակ որոշման առնչությամբ իրենց բացասական գնահատականները հայտնեցին Սլովակիայի Ազգային Խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ֆրանտիշեկ Շեբեյը և նշանավոր քաղաքական գործիչներ, Չեխոսլովակիայի նախկին կառավարության առաջին փոխվարչապետ, Սլովակիայի առաջին կառավարության վարչապետ, այսօր նախագահի թեկնածու դր. Յան Չառնոգուրսկին և Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

 

 

Սլովակիայում թուրքական կnթողի տեղադրման վերաբերյալ

 

Ինչպես հայտնել ենք Թուրքիան իր ԱԳՆ-ի միջոցով շարունակում է ակտիվ աշխատանքներ վարել Բրատիսլավայի կենտրոնում վերխոյացող հայկական խաչքարի և Հայոց ցեղասպանության դեմ: Թուրքական դիվանագիտությունը երկարատև պայքարել է նախ Բրատիսլավայում հայկական խաչքարի կողքը հսկայական չափերի հուշարձան տեղադրելու նպատակով: Օրերս ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը վերոհիշյալ հարցի շուրջ հատուկ հանդիպում է ունեցել Բրատիսլավայի քաղաքապետ պարոն Միլան Ֆտաչնիկի հետ: Հանդիպման թեման եղել է թուրքական հուշարձան Բրատիսլավայի կենտրոնում տեղադրելու խնդիրը: Պարոն քաղաքապետը հայտնել է, որ նա կտրականապես մերժել է թուրքերի խնդրանքը Հայոց ցեղասպանությունը մարմնավորող կոթողին համարժեք, իրականում շատ ավելի ծավալուն, հուշարձան տեղադրելը և Հայոց ցեղասպանության ու թուրքական խնդիրներին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու հորդորը: Նա համաձայնվել է միայն Բրատիսլավայի գերեզմաններից որևէ մեկում առաջին համաշխարհային պատերազմում զոհված թուրք զինվորների գերեզմանների կողքը փոքրիկ հուշատախտակ տեղադրելուն: Պարոն Գրիգորյանն իր մեծ շնորհակալությունն է հայտնել քաղաքապետ Ֆտաչնիկին այսպիսի խոհուն լուծման համար, և հրավիրել նրան պաշտոնական այցով ժամանելու Երևան` Բրատիսլավա-Երևան քույր քաղաքների միջև մոտ մեկ տասնամյակ առաջ կնքված պայմանագրի շրջանակներում ներառված աշխատանքներն ակտիվացնելու նպատակով: Պարոն Ֆտաչնիկն իր գոհունակությունն է հայտնել այդ հրավերի շուրջ` զարմանքով նշելով, որ երկու տարուց ավել է ինչ կտրվել է կապը Հայաստանի դեսպանության հետ և ուրախությամբ է համաձայնվել պարոն Գրիգորյանի միջոցով համատեղ գործունեությունը զարգացնելու մտքի հետ:

Վերջերս ստացվել է տեղեկություն, որ թուրքական ԱԳՆ-ը, պարտություն կրելով Բրատիսլավայում հուշարձան կառուցելու խնդրի շուրջ, շարունակել է իր նպատակի իրագործումը Սլովակիայի մյուս խոշոր քաղաքի` Նիտրայի, քաղաքապետարանի հետ բանակցելու ճանապարհով: Նիտրան Սլովակիայի ամենախոշոր հոգևոր կենտրոնն է, հայտնի ողջ Եվրոպայի պատմության մեջ իր ունեցած դերով: Այս տարի հուլիսի 5-ին Նիտրայում պետք է տոնվի Կիրիլիի և Մեֆոդիի կողմից սլավոնական այբուբենի` Կիրիլիցայի գյուտի 1150 ամյակը: Պարոն Աշոտ Գրիգորյանն այսօր հանդիպել է Նիտրայի քաղաքապետ Յոզեֆ Դվոնչի հետ և քննարկել այդ քաղաքում թուրքական հուշարձան դնելու խնդիրը: Ինչպես հայտնել է պարոն Դվոնչը, Թուրքիայի պաշտպանության և ներքին գործերի նախարաությունների պատվիրակությունը, Թուրքիայի դեսպանուհու հետ համատեղ այցելել են Նիտրա ու դիմել առաջին համաշխարհայինի թուրք նահատակներին նվիրված կոթող կառուցելու խնդրաքնով: Այդ դիմումը մերժվել է: Սակայն թուրքերը խնդրել են թույլ տալ գոնե Նիտրայի գերեզմանոցում թուրք զինվորների գերեզմանաքարերը տեղափոխել և շարել որևէ հողակտորի վրա կիսալուսնի տեսքով` այն տալով հուշարձանի տեսք: Այս խնդրանքը քաղաքապետի կողմից նույնպես մերժվել է: Քաղաքապետը համաձայնվել է ընդամենը, որ թուրքերը սեփական ֆինանսներով կարգի կբերեն իրենց զինվորների գերեզմանները և կստանան դրանց վրա հուշատախտակ ամրացնելու իրավունք: Պարոն Գրիգորյանն իր խորին գոհունակությունն է հայտնել պարոն քաղաքապետ Դվոնչին այսպիսի հավասարակշիռ որոշման համար և առաջարկել է համագործակցություն սկսել Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին ու մարզկետրոն Արմավիր քաղաքների հետ: Կողմերը պայմանավորվել են այս տարի կազմակերպել փոխադարձ այցեր Նիտրա, Արմավիր և Էջմիածին քաղաքների քաղաքապետերի միջև:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

 

ԵՀՄՖ. «ՀՀ ԱԳՆ–ն շարունակում է վարել կադրային խայտառակ քաղաքականություն»

 

Համաձայն Սլովակիայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության՝ Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը երկար դեգերումներից հետո վերջապես Բրատիսլավայում դեսպանի իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Իվան Գաշպարովիչին, իսկ վերջինս էլ բարձր է գնահատել հայ-սլովակյան հարաբերությունների ներկա մակարդակն` այն բնորոշելով առանց խնդիրների և զարգացման մեծ պոտենցիալ պարունակող։ Նախագահի հետ չի կարելի չհամաձայնել, հաշվի առնելով այն հսկայական գուրծունեությունը, որը ծավալվել է տասնամյակ ի վեր Սլովակիայի և Հայաստանի միջև:

Հայաստանի դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանի տնտեսությունը միջազգային տնտեսական ճգնաժամից տուժել է, և այժմ երկիրը շահագրգռված է ամրապնդել ու տնտեսական համագործակցությունը հատկապես շինարարության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առևտրի ոլորտներում։ 

Փաստի առթիվ լրատվությունն ընթերցելիս առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում դեսպանի անմեղ  կամ անմեղսունակ  արձանագրային գործունեության  պարտադիր քայլերի իրականացման մասին, սակայն մինչ այն պահը, երբ ՀՀ դեսպանն արտաբերում է շնորհակալական խոսքեր ...: 

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում...

ՀՀ դեսպանն, օգտվելով իր հավատարմագրերը հանձնելու արարողության առիթից, շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004թ. նոյեմբերի 30-ին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար, բայց գիտակցաբար կամ անգիտակցաբար մոռացել է նշել, որ Սլովակիան այն եզակի պետությունն է, որտեղ Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ առնելը  կամ ժխտելը  պատժվում է քրեական պատասխանատվությամբ: Սույն օրենքն ընդունվել է 2009 թվականին Սլովակիայի Ազգային Խորհրդի, Կառավարության և հաստատվել է հենց Նախագահ պ. Գաշպարովիչի կողմից,  ու այս ամենը հիմք ընդունելով է, որ այժմ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը պատասխանատվության ենթարկելու գործընթաց է սկսել Սլովկիայում թուրքական դեսպանուհու նկատմամբ: ՀՀ դեսպանի կողմից Հայկական պետության համար միջազգային իրվունքի տեսանկյունից նմանատիպ գործուն խաղաքարտի անտեսումը և մոռացության տալը, խոսում է այն մասին, որ դեսպանն իր կրթական և դիվանագիտական ինտելեկտուալ կարողությունների մակարդակով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին: 

Հավատարմագրերն հանձնելու արարողությանն իր շնորհակալական խոսքում ՀՀ դեսպանը նաև "մոռացության է մատնել" Սլովակիայի քաղաքական և իրավական պետական պաշտոնյաների երկարամյա հայանպաստ գործունեությունները, որոնք արտահայտվել են նաև վերջերս,  ընդդեմ Հունգարիայի կառավարության՝ ադրբեջանցի ռամիլ սաֆարովի արտահանձման ժամանակ, Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի դեպքերը, որպես «ցեղասպանություն» ճանաչելու տարօրինակ որոշման հարցում...: ՀՀ դեսպանը կանխամտածված մոռացության է մատնել նաև Սլովակիայի բազմաթիվ պետական պաշտոնյանների Հայաստան այցելությունները և այն հսկայական լոբիսիտական գործունեությունը, որի շնորհիվ առկա են սլովակ-հայկական տանդեմի հազվագյուտ հայանպաստ գործունեության արդյունքներն` ընդդեմ ազեր-թուրքական ագրեսիվ ճակատի: 

Հաշվի առնելով Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի վերը նշված <<դիվանագիտական ամնեզիան>> կարելի է եզրակացնել, որ ՀՀ ԱԳՆ շարունակում է վարել, մեղմ ասած, կադրային խայտառակ քաղաքականություն՝ նմանատիպ անձանց վստահելով կարևորագույն պաշտոններ եվրոպական երկրներում:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի

մամլո քարտուղարություն

 

Արցախն այնպես, ինչպես կա իրականում. ԵՀՄՖ նախագահ

 

Սլովակիայի ամենահայտնի հեռուստատեսություններից մեկը` <<ՅՈՅ>>-ը հեռարձակեց մեզ արդեն քաջ հայտնի վավերագրող ռեժիսյոր-կամերաման Լիբոր Շպիմրի հետ հարցազրույց, որի ընթացում սլովակ գործիչը պատմեց անաչառորեն Արցախի մասին այն ամենն, ինչ ինքը մտածում է երկու շաբաթ այնտեղ կատարած նկարահանումների արդյունքում տեսած լսածի շուրջ: Պ-ն Շպիմրը իսկապես անկեղծորեն ոգևորված է Արցախով, և դարձել է Արցախի համար պայքարող ազատամարտիկ: Նրա կատարած գործը դժվար է գերագնահատել: Ադրբեջանցիները միլիոններ են ծախսում իրենց կեղծ գաղափարների քարոզչության համար, իսկ սլովակ արվեստագետը ջանք չի խնայում Եվրոպային տեղեկացնելու այն ճշմարտությունը, որը պարտավոր է գիտենալ քաղաքակիրթ աշխարհն Արցախի մասին: Ցեղասպանության տարելիցի օրերին Հայաստան է ժամանելու իմ կողմից կազմակերպած պատվիրակությունը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած, և ես ծրագրում եմ ընգրկելու այս կազմում նաև մեր թանկագին գործընկերոջ մասնակցությունը: Նա կսկսի նաև նկարահանել Հայաստանի մասին փաստագրական ֆիլմ, որը կամբողջացնի մեր տարածաշրջանի մասին օտարներին անհրաժեշտ տեղեկությունը և կներկայացնի Հայոց պատմությունն ու մշակույթն այնպես, ինչպես այն կա:

 

Սլովակիայի հայկական համայնքի նախագահը Սլովակիայում քրեական գործ է հարուցել դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում-ի /ԵՀՄՖ/ նախագահությունը հայտնում է, որ ապրիլի 9-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի ԱԳ նախարարության պատվիրակությունը, որը ժամանում է Վրաստանից մեկօրյա այցով և հաջորդ օրը մեկնում Ադրբեջան: Տարածաշրջանային այս այցը ղեկավարում է ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակն ու պատվիրակության մեջ է լինելու Ադրբեջանում, Հայաստանում և Ռուսաստանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշը: Ինչպես հայտնի է Յոզեֆ Միգաշը միակ սլովակ պաշտոնյան է, որ ի պատասխան ադրբեջանական հարցումներին հայտարարել է, որ Սլովակիայում չկա Հայոց ցեղասպանության  ժխտումը քրեականացնող օրենք: Նույնիսկ այն բանից հետո, երբ ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը  մոսկովյան դեսպանատուն է ուղարկել անձամբ Միգաշի անունով Սլովակիայի քրեական օրենսգրքի լրացման 424ա հոդվածը, որտեղ հստակ նշված է, որ քրեական պատիժ է սահմանվում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ժխտում են Հոլոքաուստը, ցեղասպանությունները, ֆաշիզմի ու կոմունիզմի արհավիրքները և մարդկության դեմ գործած ոճիրները նսեմացնողներին, դեսպան Յոզեֆ Միգաշը չի արձագանքել փաստին և լռել է: Փաստորեն Հայոց ցեղասպանությունը, որի շուրջ Սլովակիայում 2004թ-ին ընդունվել է թիվ 1334 բանաձևը, որը  հայտարարել է այն որպես ոճիր ընդդեմ համայն մարդկությանը, միակն է, որ ամբողջովին համապատասխանում է ՔՕ-ի 424ա հոդվածին և գործում է 2009թ-ի սեպտեմբերից և այն ժխտվում է դեսպան Յոզեֆ Միգաշի կողմից: Ապրիլի 9-ին հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ունեն եզակի հնարավորություն դիմելու դեսպան Միգաշին և ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին` պահանջելով բացատրություն, թե ինչ իրավունքով է թաքցվում, քողարկվում Սլովակիայում գործող վերոհիշյալ օրենքը և այն էլ այն դեպքում, երբ Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը բազմիցս Բրատիսլավայում, Սանկտ Պետերբուրգում և անցյալ տարի հոկտեմբերին նաև Երևանում հայտարարել է, որ ՔՕ-ի 424ա հոդվածը ստեղծվել է լրացնելու Հոլոքաուստը ժխտողների դեմ գործող օրենքը, հատկապես ցեղասպանությունների և այդ թվում Հայոց ցեղասպանության մասով:

ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գիրգորյանը  Սլովակիայում քրեական գործ է հարուցել դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ, նրա ադրբեջանական հարցումներին ի պատասխան հնչած զեղծարարության մասով, ըստ որի նսեմացվում է Հայոց ցեղասպանության իրական արհավիրքը:

Այսպիսով ապրիլի 9-ին սպասվող մամլո ասուլիսի ժամանակ կա մեծ հնարավորություն պարզելու ինչ շահերի է ծառայում դեսպան Յոզեֆ Միգաշը, երբ տարածում է կեղծ տեղեկատվություն ԵՄ միակ երկրում` Սլովակիայում, գործող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գոյության շուրջ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

 

Հայոց Ցեղասպանության 98 ամյա տարելիցի արարողություն Բրատիսլավայում

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի գեղատեսիլ ափամերձ այգում` տարիներ առաջ տեղադրված Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը մարմնավորող Խաչքարի մոտ, 98-ամյա տարելիցի առիթով տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին ներկա էին բարձրաստիճան պետական-քաղաքական գործիչներ, Հոգևոր Հայրեր, դիվանագիտական կորպուսի, Միջազգային կազմակերպությունների, Սլովակիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումը բացեց ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Ելույթներով հանդես եկան հայտնի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, Գերագույն դատարանի նախագահ, ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հիմնադիր Շտեֆան Հարաբինը, Ազգային Խորհրդի առաջին Նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն և այլոք:

Վիենայից և Պրագայից ժամանած հայ եկեղեցու առաջնորդների և ներկաների էկումենիկ աղոթքից հետո արարողության մասնակիցները տեղափոխվեցին Բրատիսլավայի կենտրոնում գտնվող Հայկական եկեղեցի, որը ամիսներ առաջ ձեռք բերվեց դոկ. Աշոտ Գրիգորյանի անմիջական ջանքերի շնորհիվ, և արդեն առաջին անգամ Հայկական եկեղեցում հոգևոր հայրերի` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի թեմերի Առաջնորդ Հայր Աբեղա Տիրանի, Սլովակիայի, Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովիվ, Հայր Վարդապետ Բարսեղի և հայ առաքելական եկեղեցու մյուս սպասավորների կողմից մատուցվեց ճոխ ժամերգություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին:

Այնուհետև արարողության մասնակիցները տեղափոխվեցին հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող սրճարան, որտեղ կազմակերպված էր հյուրերի դիվանագիտական արարողակարգով նախատեսված ընդունելություն:

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի խոսքը Հայոց Ցեղասպանության 98-ամյա տարելիցի առիթով

 

Սլովակիայի Գերագույն Դատարանի մեծարգո նախագահ, Սլովակիայի դիվանագիտական կորպուսի և Միջազգային կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, Հոգևոր հայրեր, Տիկնայք և պարոնայք

Այսօր որպես ավանդույթ, Բրատիսլավայի այս գեղատեսիլ վայրում հերթական անգամ հավաքվել ենք Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը մարմնավորող Խաչքարի մոտ 98-ամյա տարելիցի առիթով:

1915-1923թթ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչումը տարբեր պետությունների կողմից բերեց նրան, որ Սլովակիան էլ անմաս չմնաց այդ գործընթացից` 2004 թվականին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի, համայնքի և Սլովակիայի իշխանությունների բարի կամքի, հետևողականության և արդարության հաստատման ձգտման շնորհիվ Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից ընդունվեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրենք` թիվ 1341 բանաձևի տեսքով և ըստ Սլովակիայի Քրեական Օրենսգրքի թիվ 424ա հոդվածի դրույթի՝ Հայոց Ցեղասպանության մերժումը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հարգելի հյուրեր և համայնքի ներկայացուցիչներ

Մեծ սիրով և հպարտությամբ ուզում եմ նշել, որ նման օրենքի ընդունման համար մեծաթիվ ազնիվ մարդկանց կողմից կատարվել է ահռելի աշխատանք և նրանց մեջ իր գլխավոր դերակատարությունը ունի Սլովակիայի ներկայիս Գերագույն Դատարանի նախագահ, իսկ այն ժամանակ Փոխվարչապետ-Արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը, որն արդարության գործին ի նպաստ դնելով իր իրավագիտական փայլուն կարողությունները, հասավ նրան, որ 1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրենքը հաստատվեց Սլովակիայի նախագահի, Ազգային Խորհրդի և կառավարության կողմից: Հետևաբար աշխարհասփյուռ հայության համար այս ոգեկոչման օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, ովքեր իրենց նպաստը բերեցին թուրքական կառավարությունների կողմից մարդկության հանդեպ իրականացրած հանցագործության դատապարտման` արդարության հաստատման գործին:

Մեծ սիրով և հպարտությամբ ուզում եմ նշել, որ Սլովակիայի կողմից ընդունված նախադեպը չունեցող այս օրենսդրական քայլը պետք է օրինակ ծառայի երկու տասնյակից ավել այն պետությունների համար, որոնք ճանաչել և դատապարտել են Հայ Ժողովրդի հանդեպ թուրքական կառավարության կողմից իրականացրած հանցագործությունը:

2015 թվականի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, այսօր հաստատակամորեն ուզում եմ նշել, որ հասունացել է այն պահը, որպեսզի հիմք ընդունվի ազգերին և մարդու իրավունքներին ուղղված ՄԱԿ-ի կողմից ընդունված բազմաթիվ կոնվենցիաներ, ինչպես նաև անհերքելի դիվանագիտական-իրավական գործողությունների փաստեր, որոնցից են.

-1915 թ.-ի մայիսի 24-ին Թուրքիային ուղղված Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների Համատեղ Նոտան, որտեղ թուրքական իշխանությունների գործողություններն իր քաղաքացիներ հանդիսացող հայերի հանդեպ արդեն իսկ որակվել են որպես մարդկության դեմ հանցագործություն.

-1919 թ.-ի մարտի 8-ին թուրքական ժամանակավոր կառավարությունը երիտթուրքերի կուսակցության եւ նրանց կառավարության նախարարների գործերն ուղարկեց Ստամբուլի Արտակարգ Ռազմական Տրիբունալ եւ դատավարության արդյունքում, բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրությունից ու վկաների հարցաքննությունից հետո Հայոց Ցեղասպանության կազմակերպիչները դատապարտվեցին մահապատժի,

Հայ Դատի գործընթացը տեղափոխել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Հաագայի Միջազգային Դատարան, ավելին` գտնում եմ, որ հարկավոր է Հայոց Ցեղասպանության հանցագործության համար ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել առաձին դատարան: Հայկական հարցի առնչությամբ Միջազգային Դատարանին ուղղված Հայցի ձևակերպման գործընթացի արդյունավետութունից ելնելով ԵՀՄՖ-ն նախաձեռնել է ճանապարհային քարտեզի մշակում` մասնակցությամբ մեծ ճանաչում ունեցող հայազգի պետաիրավագետների, միջազգային իրավունքի մասնագետների, ցեղասպանագետների:

Արարողության հարգելի մասնակիցներ

Ցավը խորն է նստած ամենքիս մեջ, հետևաբար ամփոփելով ասելիքս և գալով զգացմունքային հարթություն` ուզում եմ խոսքս ավարտել՝ մեջբերելով Նյուրնբերգում ԱՄՆ-ի կողմից որպես մեղադրող հանդես եկող Ռոբերտ Ջեքսոնին, որն այն ժամանակ հայտարարեց.

«Հիտլերն իր հետ գերեզման չտարավ նացիզմի գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը։ Մեղքն ամբողջությամբ գերեզման չիջավ Հիտլերի հետ։ Ովքեր ողջ են` մեռածների հանցակիցներն են, եւ կատարված հանցագործության համար պետք է վճարի նրանցից յուրաքանչյուրը։ Եթե որեւէ մեկն ասի, թե նրանք մեղավոր չեն, նույնն է, թե հայտարարի, որ չեն եղել պատերազմ, հանցագործություններ, չեն եղել սպանվածներ»։

Այո, մի քիչ դաժան է ասված, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից` հիմնավորված ու խիստ տեղին…

Այս մեջբերումը նրա համար նշեցի, որպեսզի փաստեմ, որ վաղուց հասունացել են մինչ օրս շարունակվող մարդկության դեմ թուրքական կառավարությունների կողմից իրականացրած ցեղասպանությունները, որոնք ուղղված են հայկական, հունական, քրդական և այլ ազգությունների ներկայացուցիչների հանդեպ, խիստ անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ Նյուրնբերգ կազմակերպել, որպեսզի մարդկությունը 21-րդ դարում այլևս չտեսնի թե մարդկային, և թե մշակութային ցեղասպանություն:  Նշեմ նաև, որ ժամանակակից Թուրքիան և նրա իշխանությունները կրում են պատասխանատվություն կատարվածի համար, և պարտավոր են ոչ միայն ընդունել ողջ մեղքը ու ներողություն խնդրել զոհված միլիոնավոր անմեղ հայերի համար, այլ մտածեն փոխհատուցման մասին: Միայն այս ուղով նրանք կարող են կառուցել իրենց ապագան առանց օսմանական, նեոօսմանական, պանթուրքական, ազգայնամոլական ամբիցիաների, որոնք քաղցկեղի մետաստազների նման տարածվում են ժամանակակից թուրքական իդեալոգիայի ու քաղաքականության մեջ, որի հետևանքով այս երկիրը դառնում է խիստ վտանգավոր ոչ միայն իրենց քրիստոնեա հարևանների` Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Հայաստանի, ալև ողջ Եվրոպայի ու ողջ աշխարհի համար:

Շնորհակալություն Ձեր ներկայության և ցույց տրված ուշադրության համար:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

 

ԵՀՄՖ-ն կոչ է անում Բաքվում ընթացող միջ մշակութային համաժողովի մասնակիցներին այլցելել Նախիջևան

 

Եվրոպահայության կոչով դիմել է Բաքվում ընթացող միջմշակութային երկխոսության համաժողովի մասնակիցներին: ԵՀՄՖ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Զավեշտալի է տեսնել այս օրերին, թե ինչպես մարդկային և մշակութային ցեղասպանություն գործած ադրբեջանական բռնապետությունը մայիսի 29–ից հունիսի 1-ը Բաքվում կազմակերպել է «Միջմշակութային երկխոսության համաժողով», որով մեկ անգամ ևս ապացուցում է, որ ալիևյան կլանը միջազգային իրավունքի ոտնահարումը հասցրել է ցինիզմի մակարդակի:

Պետական մակարդակով տասնամյակներ տևող բացահայտ հակահայ քարոզչությունը` մարդատյացությունը և անհանդուրժողականությունը այլ մշակույթների հանդեպ, ներկայումս խոչընդոտ չհանդիսացան միջազգային հանրության տասնյակից առավել կազմակերպությունների համար` հրաժարվել մասնակցել միջազգային հանցագործ հանդիսացող ադրբեջանական կառավարության կազմակերպած կեղծ մարդասիրական միջոցառումից, հակառակ պարագայում ադրբեջանական բռնապետության նավթադոլարները անտեսված կլինեին միջոցառման հիմնական գործընկերներ հանդիսացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Միջքաղաքակրթական Դաշինքի, Եվրախորհուրդի, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների ղեկավարների, նախարարների, փորձագետների և գիտնականների՝ հարյուրից ավելի երկրներից մասնակիցների համար:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը, ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս Բաքվում են գտնվում միջմշակութային երկխոսությանը նպաստող միջազգային կազմակերպություներ, առաջարկում է «Միջմշակութային երկխոսության համաժողովի» մասնակիցների կողմից շտապ ստեղծել Նախիջևանի Հայկական գերեզմանոցի 10.000 առավել խաչքարերի ոչնչացման հանցագործությունը ուսումնասիրող հանձնաժողով և տեղում այցելել Նախիջևան` Հայկական մշակութային ցեղասպանության փաստը արձանագրելու կամ հերքելու ակնկալիքով:

Նմանատիպ քայլը հնարավորություն կստեղծի Համաժողովի մասնակից միջազգային տարատեսակ ու տարաբնույթ կազմակերպություններին չստանձնել` խուսափել մշակութային ցեղասպանության հանցագործության քողարկողի դերակատարությունից, ասվում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության հայտարարության մեջ:

 

ԵՀՄՖ նախագահ. «Ինքս հակված եմ հակառակ կարծիքին...»

 

Վերջին օրերին հերթական հակահայ նախաձեռնությունով հանդես եկավ ադրբեջանական ղեկավարությունը, որով հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արդարադատության Միջազգային Դատարան Հայաստանի դեմ, որպեսզի վերջինս փոխհատուցի «ադրբեջանական տարածքների օկուպացման և հետևանքների վերացման» համար:

Նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխվարչապետը, և նշել, որ միջազգային փորձագետներն արդեն կատարել են անհրաժեշտ ստուգումները, և ներկա պահին որոշում են վնասի չափը, իսկ ըստ նախնական հաշվարկների, հասցված ենթադրյալ վնասի չափը գերազանցում է 300 միլիարդ դոլարը, և նախաձեռնել են նաև, որպեսզի վնասի չափերի որոշման գործընթացին մասնակցի Միջազգային գնահատողների ասոցիացիան:

Չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմի որոշ ներկայացուցիչներ ցավագին են ընդունել ալիևյան «փոխհատուցման նախաձեռնությունը», ինքս հակված եմ հակառակ կարծիքին. կարելի է առիթը օգտագործել և Միջազգային դատարան հակընդդեմ հայց ներկայացնել ադրբեջանական կառավարությունների կողմից հայերի (ինչպես նաև թալիշների, լեզգիների, թաթերի և այլ ազգային փոքրամասնությունների) հանդեպ երկար տարիներ իրականացված ցեղասպանության փաստերի առթիվ:

Միջազգային Դատարանում նմանատիպ հարցի լսումները առիթ կտան միջազգային հանրությանը ներկայացնել ազգային ատելություն, անհանդուրժողականություն քարոզող ներկայիս հանցագործ ադրբեջանական կառավարության մարդկության հանդեպ կատարած հանցագրոծությունների շարանը, որին էլ մաս է կազմում մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը տիպիկ մշակութային ցեղասպանության իրականացման սցենարով` արդյունքում ունենալով սաֆարովյան սադիստական դրսևորումներ և տասնյակ հազարավոր հայկական խաչքարերի, եկեղեցիների ու այլ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստեր:

Իսկ այս ամենի մեջ զավեշտալին նա է, որ հարևան պետության` Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից սանձազերծած չհայտարարված պատերազմը և հետագայում ծնկաչոք խնդրանքով մինչ օրս գործող զինադադարի առկայությունը հիմք են հանդիսանում պարտվող երկրից կոնտրիբուցիա և փոխհատուցում պահանջելու համար հասցված վնասների դիմաց: Այս ամենին եթե գումարենք Ադրբեջանի և նրա արյունակից գործընկեր մեկ այլ պետության` թուրքական միջազգային հանցագործ կառավարության Հայաստանի հանդեպ արդեն երկու տասնյակ տարի տևող համատեղ կազմակերպած տնտեսական շրջափակումը, ապա պատկերը կամբողջանա:

Ներկայացվածի հիման վրա պարզ է դառնում ալիևյան ցինիկ քաղաքականության այս դրսևորման անհեթեթությունը` Հայասատանի նկատմամբ ֆինանսական նկրտումներ ունենալու և ցնորական պահանջներ կայացնելու վերոհիշյալ փաստը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության անունից հավաստիացնում եմ, որ մեր հետագա քննարկումների և գործողությունների թեմա է եղել և հանդիսանալու է Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին մատուցված վնասների փոխհատուցման գործընթաց սկսելը միջազգային ատյաններում և հարցի հետապնդումը մինչ արդարության հաղթանակ:

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյան

 

Եվրոպահայությունը ողջունում է

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը` դոկ. Աշոտ Գրիգորյանի նախագահությամբ, համաեվրոպական հայկական կառույցներում քննարկելով ս/թ. հունիսի 20-ին Գերմանիայի ներկայացուցիչների կողմից Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը կասեցնելու փաստը, գնահատվեց այն որպես դրական քայլ:

Կատարված իրողությունն արդարության հաստատման համար հիմք ընդունելով ԵՀՄՖ նախագահությունը կոչ է անում ԵՄ անդամ մյուս երկրների ներկայացուցիչներին չբավարարվել ձեռք բերվածով և հետագայում հետևել Գերմանիայի օրինակին: Դեպքերի զարգացումներն ապացուցեցին, որ ներկայիս թուրքական քաղաքական վերնախավը չի կարող առաջնորդել իր ժողովրդին դեպի քաղաքակիրթ եվրոպական Մեծ Ընտանիք: Դատելով վերջին ժամանակներս սեփական ժողովրդի հանդեպ կիրառվող բռնատիրական մեթոդներից` բողոքի ակցիաների մասնակիցներին դաժանաբար ճնշելու փաստից, ակնհայտ է դառնում, որ մոտ ապագայում բացառվում է Թուրքիային իր ներկայիս ղեկավարությամբ հանդերձ ԵՄ մաս կազմելը:

ԵՀՄՖ նախագահությունը կոչ է անում ԵՄ բարձրաստիճան ղեկավարությանը դադարեցնել շփումները թուրքական կառավարության հետ, քանի դեռ չեն սկսվել ոստիկանության գործողությունների լայնամասշտաբ հետաքննություններ. Ստամբուլում ցուցարարներին ցրելու ժամանակ կիրառվել է անհամարժեք ուժ: Թուրքիայի իշխանական վերնախավի հետ բանակցությունները պետք է սառեցվեն, քանի դեռ չեն պատժվել մեղավորները:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն